Արարատ Միրզոյանը ԵՄ անդամ երկրների դեսպաններին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպական միության խորհրդի քաղաքական և անվտանգային հարցերով կոմիտեի պատվիրակությանը։ Ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների էական խորացմանը միտված գործընթացը՝ ընդգծելով, որ այն ներառում է ինչպես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շարունակական իրականացումը, այնպես էլ դրանից անդին հնարավորությունների լավագույնս օգտագործումը:
Հարաբերությունների զարգացման այս դինամիկայի համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությանն, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման տնտեսական բաղադրիչին: Վերջինիս ներքո նախարար Միրզոյանը շեշտել է Տնտեսական ու ներդրումային պլանի ուղենիշային նախաձեռնությունների կյանքի կոչման ու նոր՝ «Հայաստանի դիմակայունության և աճի» ծրագրով ընձեռնվող հնարավորությունները: Կարևոր նախագծերի շարքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ առաջընթացի ապահովմանը։
Վկայակոչելով Եվրոպական խորհրդարանում 2023թ. դեկտեմբերին ՀՀ վարչապետի ելույթը՝ նախարար Միրզոյանը հավելել է. «Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և մենք կառաջնորդվենք այդ ձգտումներով:» Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային հարցերին՝ Արարատ Միրզոյանը ԵՄ անդամ երկրների դեսպաններին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Ընդգծելով ՀՀ պատրաստակամությունն օգտագործել խաղաղության հասնելու հնարավորությունը՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ դա ենթադրում է խաղաղության պայմանագրում առանցքային հարցերի շուրջ փոխհամաձայնության արձանագրում՝ մասնավորապես 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջակության ճանաչման փոխադարձ վերահաստատում և սահմանազատում:
Տարածաշրջանում տնտեսական զարգացման ապահովման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման կարևորությունը՝ որպես այդ հարցում ՀՀ շահագրգռվածության դրսևորում հիշատակելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Նախարարը պատասխանել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության, Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ ներկաների հարցերին: Կայացել է մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։