Մի օր հետ կնայեմ և կտեսնեմ այն աղջկան, որն ուղղակի պարտավոր էր այդ պահին ուժեղ լինել . Ծովինար Գրիգորյան (լուսանկարներ)
Աջակցիր «Ա1+»-ինԾովինար Գրիգորյանը մեկն է հազարավոր արցախցիներից, որը ճաշակել է գաղթի ճանապարհի ողջ դառնությունը, սակայն կարողացել է սիրած գործի շնորհիվ հաղթահարել դրանք։ Այսօր էլ նա շարունակում է արարել, ապրել՝ ոգեշնչվելով իր աշխատանքներով․
«Արհեստի բազմազան աշխարհը սիրտ ու հոգի է նորոգում՝ թույլ տալով կյանքին նայել այլ տեսանկունից».- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Ծովինարը։
Ծովինար Գրիգորյանը կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի մասնագետ է։ 15 տարի աշխատել է ԱՀ հարկային տեսչությունում։
«Արցախում հիմնական աշխատանքիս զուգահեռ հիմնադրել էի «Laura’s Artsakh» բրենդը, որն ինձ համար հոբբի էր։ Կարում էի մանկական անկողնային պարագաներ, սփռոցներ, անձեռոցիկներ, ասեղնագործում դեկորատիվ բարձրերի, սփռոցների վրա, ստեղծում զարդանախշ ասեղնագործություններ։ Հայաստանում իմ հոբբին վերածվել է աշխատանքի, որն ինձ համար դրամական կայունության և առաջ նայելու հիմք է»,- ասում է զրուցակիցս։
Ասեղնագործում է պատվիրատուի նախընտրած ամենատարբեր զարդանախշերով, անվանական լոգոներով… Անձամբ նախապատվությունը տալիս է ազգային զարդանախշերին, Արցախը բնորոշող խորհրդանիշներին։
«Դեռևս ամեն ինչ չէ, որ ունեմ՝ աշխատանքս լիարժեք վերսկսելու համար, բայց դրանք ևս աստիճանաբար ձեռք կբերեմ... Դժվարությունները շատ են, բայց հաղթահարելի»,- լիահույս է զրուցակիցս։
Նա դժվարությունների մասին չի խոսում, լավատեսորեն է տրամադրված և էներգիայով լեցուն՝ նոր գաղափարներ կյանքի կոչելու համար։
«Ես գիտեմ, որ մի օր հետ կնայեմ և կտեսնեմ այն աղջկան, որն ուղղակի պարտավոր էր այդ պահին ուժեղ լինել»,- ասում է։
Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ