Բացել լրահոսը Փակել լրահոսը
430029652_1136441234163106_1568130537710940393_n
A A
Հասարակություն

«Գիշերները չեմ կարողանում քնել, իմ երեխայի գերեզմանն այնտեղ է․․․»

Դեմքին անթիվ կնճիռներ ունեցող այս տարեց կինը Արցախից բռնի տեղահանված տիկին Ռազմիկն է։ Տղամարդու իր անունի  նման էլ կյանքն էր  տղամարդկային պարտականություններով լի։ Երիտասարդ տարիքում Ռազմիկը Ճարտարից եկել էր Հադրութ և ամուսնացել։ Իրենց ընտանիքում սերն ու համերաշխությունը մեծ արժեքներ էին, որին համապատասխան էլ ապրում էին 4 երեխաները։

Ռազմիկի ավագ որդին՝ Ռոբերտը, որը ծառայել էր Գերմանիայում, 1992թ․ վերադարձել է Ստեփանակերտ և մասնակցել պատերազմին։ «Երեխաս գնաց կռիվ․․․Զանգեց ասաց՝ մամ, այսօր չեմ վերադառնա, Ավոն ասաց, որ երեկոյան բոլորս պիտի մնանք կազարմայում»,-արցունքները զսպելով՝ վերհիշում է տիկին Ռազմիկը։

Հետո աղետն է տեղի ունեցել։ «45 տոննանոց տանկը գլորվեց ձորը, լյուկի մեջի երկու տղան մի կերպ դուրս եկան, ողջ մնացին, իսկ իմ երեխային  10 օրից բերեցին․․․Հարսս թողեց 8 ամսական թոռանս ու հեռացավ մեզնից։ Երեխայիս քառասունքը տվի, ինքը գնաց, ամուսնացավ ուրիշի հետ»։

Դրանից հետո տիկին Ռազմիկի կյանքն ավելի է բարդացել։ Պատերազմի ժամանակ ավերվել էր այն տունը, որտեղ իրենք ապրում էին։ Որդու մահից հետո ամուսինն է հիվանդացել ու մահացել։ Ասում է՝ ստիպված էր կյանքի ծանր լուծն իր վրա վերցնել՝ կառուցել կիսավեր տունը՝ միաժամանակ մշակել ապրուստի միջոց  բանջարանոցը և խնամել փոքրիկ թոռանը՝ Սերգեյին։

Դժվարություններով մեծացնում է թոռանը։

«Ամուսնացրի Սերգեյին, հարսը  ոտքը դրեց առաջին աստիճանի վրա, երկու ափսեներն էլ  ջարդեց, ասացի՝ Աստված, եկող տարին մի տղա երեխա բերի, իմ երեխայի անունը դնեմ, սիրտս կհովանա»,-պատմում է տիկին Ռազմիկը։

Նրա կանխատեսումներն իրականանում են՝ միայն թե փոքրիկ Ռոբերտը ծնվում է 2020թ․ պատերազմի ընթացքում։

Ներկայումս նրանց ընտանիքը հաստատվել է Գյումրիում՝ «Լորիկ» բարեգործական հիմնադրամի կողմից նվիրաբերած տանը, սակայն տիկին Ռազմիկը չի կարողանում գիշերները քնել։ Անընդհատ մտածում է՝ որդու գերեզմանը թողել են Արցախում․․․

Տաթև Ազիզյան