Հայ ֆուտբոլասերները առայժմ տոմսեր չեն պատվիրել
Հայաստանի ֆուտբոլասերները առայժմ չեն դիմել ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիային` հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Ռուսաստան - Հայաստան Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպման տոմս ձեռքբերելու նպատակով:
Այդ մասին «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրին ՀՖՖ մամուլի կենտրոնից: Ըստ կանոնակարգի Հայաստանին հասնում է մոտ 2.100 տոմս, այսինքն Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտի տարողունակության 10 տոկոսը:
Ճիշտ է, այդ խաղի տոմսեր առաջարկում է Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ֆան-ակումբը` առաջին հայկական Ճակատը (First Armenian Front): Վերջինիս նախաձեռնությամբ հունիսի 1-ին հայ երկրպագուների համար կազմակերպվելու է ավտոբուսային ուղեւորություն Երևան - Ս. Պետերբուրգ - Երևան երթուղով:
Ուղեւորության արժեքը 149 հազար դրամ է: Արժեքի մեջ մտնում է ճանապարհածախսը, ուղեւորի երաշխավորված անվտանգությունը, հարմարավետ հյուրանոցային համար Ս. Պետերբուրգի կենտրոնում, Ռուսաստան - Հայաստան հանդիպման տոմս:
Իսկ ահա բուքմեյքերները վաղուց կողմնորոշվել են Ռուսաստան - Հայաստան հանդիպման հարցում: Խաղի ֆավորիտը դաշտի տերերի հավաքականն է, որի հաղթանակը բուքմեյքերները գնահատում են 1,20 գործակիցով: Իսկ ահա Հայաստանի հնարավորությունը հավասար է 13,00 գործակցի: