Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը (տեսանյութ)

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 8.50 տոկոս
✍️ Մարտի 12-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝
✅ Իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.50 %,
✅ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 10.0 %,
✅ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.0 %:
🗣 ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 14:00-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով:
✍️ Որոշման մանրամասներին կարող եք ծանոթանալ «Դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն»-ում՝ հետևյալ հղումով.
-----------------------
ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սահմանելով այն 8.50%։
 
2024 թ. մարտի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց քաղաքականության տոկոսադրույքը նվազեցնել 0․25 տոկոսային կետով՝ սահմանելով    8․50%: Միաժամանակ, Խորհուրդը ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը սահմանել է  10.00%, իսկ ՀՀ կենտրոնական բանկի կողմից դրամական միջոցների ներգրավման գործիքի տոկոսադրույքը՝  7.00%: Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և  գների կայունության նպատակի իրագործման համար:  
 
12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ 2024 թվականի փետրվարին կազմելով -1.7%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս շարունակել է նվազել՝ հունվարին կազմելով -0.4%:
 
Համաշխարհային տնտեսությունից փոխանցվող գնաճային ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա շարունակում են զգալիորեն թուլանալ։ 2024 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր երկրների տնտեսական ակտիվությունը շարունակում է դանդաղել, իսկ տարեկան գնաճը` նվազել։ Այնուամենայնիվ, գնաճային միջավայրը պահպանվում է բարձր մակարդակներում՝ պայմանավորված աշխատաշուկայից ածանցվող գնաճային ճնշումներով: Սպասվում է, որ առաջիկայում հիմնական գործընկեր երկրների կենտրոնական բանկերը կպահպանեն դրամավարկային քաղաքականության զսպող դիրքը, ինչը կարող է ռիսկեր ստեղծել համաշխարհային պահանջարկի կրճատման և գնաճի նվազման համար: Մերձավոր Արևելքում աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում մատակարարման շղթաների խաթարման, ինչպես նաև Չինաստանում ֆինասատնտեսական խնդիրների սրման հետևանքով, առկա են Համաշխարհային տնտեսական աճի դանդաղման և միջազգային ապրանքահումքային շուկաներում գների տատանողականության հետ կապված ռիսկեր: 
 
2023 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվությունը պահպանվել է բարձր մակարդակում, ինչին շարունակել է նպաստել շինարարության և առևտրի ոլորտների բարձր աճը: Արտաքին պահանջարկը դանդաղում է, սակայն ներքին պահանջարկը շարունակում է պահպանվել համեմատաբար բարձր մակարդակներում: Հայաստանում գնաճը շարունակում է մնալ ցածր, ինչին հիմնականում նպաստել են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացված զսպող դրամավարկային քաղաքականությունը, արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունները և դրամի արժևորման հետևանքները: Միաժամանակ, աշխատուժի առաջարկի ավելացումը որոշակիորեն նպաստել է համախառն պահանջարկի և առաջարկի միջև անհավասարակշռության կրճատմանը, ինչն էլ արտահայտվել է  աշխատավարձերի և կոշտ գներով աչքի ընկնո​ղ ապրանքների և ծառայությունների գնաճի ու գնաճային սպասումների նվազմամբ:  
 
Բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակին հասնելու իր հանձնառությունը, Խորհուրդն իր քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ: Մի կողմից, Խորհուրդը քննարկել է սցենարներ, որոնց հիմքում ընկած զարգացումները, այդ թվում՝ դեռևս պահպանվող բարձր գնաճային սպասումները, ինչպես նաև երկրի ռիսկի հավելավճարի հետ կապված անորոշությունները, պահանջում է քաղաքականության ավելի կոշտ արձագանք՝ միջնաժամկետում ներքին պահանջարկը զսպելու, գնաճային սպասումները խարսխելու և գների կայունության նպատակը ապահովելու համար։ Մյուս կողմից, Խորհուրդը քննարկել է սցենարներ, որտեղ հնարավոր տնտեսական զարգացումները, այդ թվում՝ աշխատուժի առաջարկի  շարունակական ընդլայնումը և պահանջարկի որոշակի թուլացումը, կձևավորեն ավելցուկային առաջարկ` հանգեցնելով գնաճի ցածր մակարդակի երկար պահպանմանը: Սա ենթադրում է քաղաքականության տոկոսադրույքի ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի միջնաժամկետ հորիզոնում գնաճը՝ նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար: 
 
Ամփոփելով՝  հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերը, ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց շարունակել դանդաղ տեմպերով աստիճանական թուլացումը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի ապահովման համար: