Քննարկվել է «ՀՀ եւ ԵՄ միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵՄ խորհուրդը դեռեւս 2022 թվականին հայկական կողմի հայցի հիման վրա կայացրեց աննախադեպ հրատապ որոշում` երկու ամիս ժամկետով Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին ԵՄ մշտադիտարկման կարողությունների քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ: Վերջինս տեղակայվեց Հայաստանի արեւելյան սահմանի երկայնքով 2022 թվականի հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը: 2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը երկրորդ որոշում կայացրեց Հայաստանում տեղակայել ԵՄ մշտադիտարկման նոր քաղաքացիական առաքելություն` վերջինիս մանդատի մեկնարկից երկու տարի ժամկետով: Ավելին, 2023 թվականի դեկտեմբերի 11-ին ԵՄ խորհուրդը որոշեց ընդլայնել քաղաքացիական առաքելության կազմը, ինչը հնարավորություն տվեց մեծացնել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով առաքելության մշտադիտարկման կարողությունները: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 12-ի նիստում: Օրակարգում ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն էր:
«Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը միտված է տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը: Հայկական կողմը մեծապես կարեւորում է ինչպես սույն, այնպես էլ Եվրոպական միության հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները»,- նշել է Պարույր Հովհաննիսյանը` տեղեկացնելով, որ ԵՄ-ն մեկնարկ է տվել քաղաքացիական առաքելություններին 2003 թվականից ի վեր եվրոպական, աֆրիկյան, ասիական մի շարք երկրներում` գործարկելով 37 քաղաքացիական եւ ռազմական առաքելություններ: Ներկայում գործում է 21 առաքելություն` 12 քաղաքացիական եւ 9-ը` ռազմական: «Կարելի է նկատել, որ քաղաքացիական առաքելությունը նպաստել է միջադեպերի նվազեցմանը. ԵՄ համապատասխան հաստատությունները, անդամ երկրներն առավել տեղեկացված են իրավիճակի վերաբերյալ: Միեւնույն ժամանակ դիտորդների ներկայությունն առավել դրական հոգեբանական մթնոլորտ են ստեղծում բնակչության համար»,- ընդգծել է արտաքին գործերի նախարարի տեղակալը: Ըստ հիմնական զեկուցողի` քաղաքացիական առաքելության սահուն գործունեությունը կարեւորվում է ոչ միայն Հայաստանի արեւելյան սահմաններին կայունության ապահովման, այլեւ ԵՄ-Հայաստան քաղաքական հարաբերությունների մերձեցման արագընթաց գործընթացների տեսանկյունից:
Պարույր Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչների քանակի, գործառույթների, դերակատարության վերաբերյալ` կարեւորելով անվտանգության ոլորտում բազմավեկտոր քաղաքականության շարունակականությունը:
Քննարկված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Այն առաջարկվել է ընդգրկել հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։