Ընկույզի մեծությամբ` կարկուտ
Երեկ ուշ երեկոյան` ժամը 22-ի սահմաններում մոտ 35-40 րոպե տեղացած կարկուտը Սյունիքի մարզի Խդրանց գյուղում իրարանցում էր առաջացրել, նույնիսկ վախ։
Այսօր առավոտյան ընկույզի մեծությամբ տեղացած կարկուտը դեռ չէր հալվել։ Գյուղը հոսանքազրկվել էր ու միայն լուսադեմին վերականգնվեց էներգամատակարարումը։
Գյուղացիների պատմելով` երբեք նման բան իրենց գյուղում չի եղել։
«Հողին է հավասարվել ամեն ինչ։ Կարտոֆիլի սերմացու գնեցինք 400-450 դրամով, հիմա արդեն դա չկա։ Փողն էլ կորավ»,-ասում են գյուղացիները։
Գյուղապետ Անդրանիկ Բաբայանի խոսքով, եթե դա երեկոյան չլիներ, ապա հնարավոր է, որ նաև մարդիկ տուժեին։ Ամբողջովին փչացել են կարտոֆիլի, լոբու, պոմիդորի եւ մյուս բանջարաբոստանային կուլտուրաների ցանքսերը:
«Մտածում էինք, որ այս տարի բերքը լավ է լինելու, խոտը կլինի, թթի օղի կթորենք ու կապրենք, բայց Աստված պատժեց մեզ»,-ասում է Գառնիկ պապը։
Նշենք, որ անցած տարվա հուլիսին գյուղում աֆրիկյան ժանտախտի պատճառով ոչնչացվեց 60 խոզ։ Խոզապահությունից հետո խդրանցիների հույսը հողագործությունն էր:
Ընդհանուր առմամբ, կարկտահարությունից տուժել են Կապանի տարածաշրջանի 6 ու Մեղրիի տարածաշրջանի 7 համայնքներ։ Սյունիքի մարզպետի հանձնարարությամբ արդեն ստեղծվել է հանձնաժողով, որը տեղում կուսումնասիրի վնասի չափերը։
Արմեն Դավթյան,
Կապանի «Սոսի» Հ/Ը