Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանը և Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հանդես են եկել հայտարարություններով (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը և Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հանդես են եկել հայտարարություններով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Եգիպտոսի նախագահն իր խոսքում նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյան, Հարգելի ներկաներ և հյուրեր, Նախևառաջ՝ ցանկանում եմ իմ ուրախությունը հայտնել բարեկամ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետին և նրա պատվիրակությանը հյուրընկալելու առթիվ, ինչը հաստատում է երկու կողմերի հետաքրքրությունն ու վճռականությունը` համագործակցության զարգացման և ամրապնդման ճանապարհին: Այդ համագործակցությունը կիրացնի երկու ժողովուրդների շահերը՝ նաև հենվելով պատմական երկարամյա հարաբերությունների վրա, որոնք կապում են երկու երկրներին: Հազարավոր հայեր ապրել են Եգիպտոսում և իրենց նպաստը բերել եգիպտական հասարակության զարգացման մեջ տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և արվեստի։ Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ այսօր մեր կողմից անցկացրած բանակցությունները հաստատել են երկու երկրների սպասումները, որպեսզի ավելացնենք առևտրաշրջանառության ծավալները, ինչպես նաև ուժեղացնենք ներդրումային գործոնը երկու կողմերի միջև, ինչը կհամապատասխանի երկու երկրների միջև առկա քաղաքական հարաբերությունների մակարդակին։ Համագործակցությունը կարող է զարգանալ նոր ոլորտներում ևս, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, սննդային և դեղագործական արդյունաբերության։ Նաև այսօրվա խորհրդակցությունների ընթացքում հաստատել ենք եգիպտական փորձի փոխանակման պատրաստակամությունը` ենթակառուցվածքների, շինարարության, տրանսպորտի և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում: Ինչպես նաև մենք օգուտ կքաղենք հայկական փորձից, կոնկրետ հայկական այն ընկերություններից, որոնք աչքի են ընկնում արհեստական բանականության ոլորտում։ Քննարկումների ընթացքում առանձնահատուկ կերպով ընդգծվել է տնտեսական և տեխնիկական համագործակցության ոլորտում երկկողմ հանձնաժողովների համատեղ նիստերի կիրառման անհրաժեշտությունը: Հարգարժան պարոնայք և հյուրեր, Ես մեծարգո վարչապետին ներկայացել եմ այն ջանքերը, որոնք Եգիպտոսը գործադրում է Գազայի օկուպացված հատվածում, ինչպես նաև արևմտյան ափում հրադադարի հասնելու համար, որով հնարավորություն կստեղծվի պաղեստինյան հիմնահարցում ինքնավար Պաղեստինի Հանրապետության ձևավորմանը 1967 թվականի հունիսի 4-ի սահմանագծի հիման վրա և նրա մայրաքաղաքը կլինի Արևելյան Երուսաղեմը: Անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն հաստատել` պատերազմի և ավերածությունների փոխարեն: Ինչպես նաև այս բանակցությունների ընթացքում հաստատել ենք Եգիպտոսի աջակցությունը ցանկացած նախաձեռնությունների, որոնք ձգտում են խաղաղության և կայունության հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Մենք մեր ամբողջական աջակցությունն ենք հայտնում երկխոսությանը և բանակցային պրոցեսին` ձգտելով համապարփակ, արդարացի խաղաղության հաստատմանը: Սա կստեղծի նոր փուլ` աճի և զարգացման, ինչը կծառայի տարածաշրջանի ժողովուրդների շահերին: Խոսքիս վերջում ցանկանում եմ կրկին ողջունել Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետի այցը Եգիպտոս: Ես իմ հույսն եմ հայտնում, որ այս այցով կլինի շատ կարևոր քայլ, որպեսզի երկու բարեկամ երկրների միջև բոլոր ոլորտներում ամրապնդվի և հզորանա համատեղ համագործակցությունը, ինչը կհարստացնի հարաբերությունները և պատմական կապերը, որոնք համախմբում են երկու երկրների ժողովուրդներին: Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ»: Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է. «Ձերդ Գերազանցություն, Եգիպտոսի Արաբական Հանրապետության մեծարգո նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսի, Հարգելի ներկաներ, Տիկնայք և պարոնայք, Նախևառաջ՝ ցանկանում եմ անկեղծ երախտագիտությունս հայտնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության մեծարգո նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին` Եգիպտոս պաշտոնական այց կատարելու հրավերի, ինչպես նաև ինձ և իմ գլխավորած պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։ Եգիպտոսը Միջին Արևելքում Հայաստանի առանցքային գործընկերներից է, և ես բարձր եմ գնահատում հանդիպման այս հնարավորությունը: Մեր երկրների բարձրագույն քաղաքական ղեկավարության միջև շփումների պարբերականությունը, փոխշահավետ բազմաոլորտ համագործակցությունը ոչ միայն վկայությունն են մեր երկրների միջև ջերմ հարաբերությունների, այլև ապագային ուղղված համատեղ տեսլականի մասին են վկայում: Պայմանավորված Հարավային Կովկասում և Միջին Արևելքում ստեղծված լարվածությամբ ու ծավալվող գործընթացներով՝ նախագահ աս-Սիսիի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել ենք անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի, ինչպես նաև, համապատասխանաբար, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի և Եգիպտոսի ջանքերին։ Կարևորելով Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային գործընկերների աջակցությունը՝ նախագահ աս-Սիսիին հայտնել եմ Հայաստանի բարձր գնահատանքն այդ հարցում Եգիպտոսի որդեգրած հավասարակշռված և կառուցողական դիրքորոշման համար: