Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Լա Բոհեմ»-ը՝ Շառլ Ազնավուրի հրապարակում․ քաղաքապետարան (տեսանյութ)

60-ից ավելի հայտեր ու 100-ից ավելի մանրակերտերի տարբերակներ. աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթում մասնագիտական ժյուրին կատարեց իր ընտրությունը: Դավիթ Մինասյանի հեղինակած «Լա Բոհեմ» ստեղծագործությունն 9 ձայնով առաջ ընկավ մնացած տարբերակներից, երկրորդ տեղը զբաղեցրել է Արմենակ Վարդանյանի քանդակը, որը խրախուսական դրամական պարգևի կարժանանա:

«Սա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված կարևոր կատարվելիք աշխատանքներից մեկն էր: Նա մեր ազգի համար շատ մեծ նշանակություն ունի: Նա իր արվեստով, երգերով մեր ընտանիքները, մանկությունն ու երիտասարդությունն է լցրել: Վստահ եմ, որ այս քանդակն իրապես արտացոլելու է այն էներգիան, որը Ազնավուրը իր կյանքի ընթացքում փոխանցել է մեզ»,-նշել է քաղաքապետը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն հեղինակներին, ովքեր մասնակցել են մրցույթին: Ես տեսնում եմ, որ նրանցից յուրաքանչյուրն իր հոգին ու սիրտն է դրել նախագծերում: Հիմնական դետալները, որ մենք կարևորել ենք, այն էր, որ հուշարձանը տեսանելի լինի բոլոր կողմերից: Այս քանդակի հիմքում դրված է նաև մի առանձնահատուկ գաղափար, որ հայրս միայնակ չէ, այլ շրջապատված է իրեն ծափահարող հանդիսատեսով»,-նշել Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:

Մեծանուն շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում նախագիծն այս իր յուրահատուկ նշանակությունն ունի: Քանդակը ոչ միայն կամբողջացնի հրապարակի տեսքը, այլև նոր շունչ ու ոգի կփոխանցի Երևանին՝ «Լա Բոհեմ»-ի հնչյուններով ու չդադարող ծափահարություններով: