Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասարը» երկմտանքի մեջ է

Սպորտ
ef93ea8ce97f3d8fd84d680a32004c59

Ինչպես արդեն նշել ենք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ Կապանի «Գանձասարը» բարձրագույն խմբի առաջիկա 5 տնային հանդիպումները անցկացնելու է առանց հանդիսատեսների:

Ինչպես նշեց «Ա1+»-ի մարզական թղթակցին «Գանձասարի» գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանը, այդ լուրը պարզապես անակնկալի է բերել ակումբի ղեկավարությանը:

«Ակումբի հովանավորները եւ ղեկավարությունը պատրաստվում են հատուկ ժողով կազմակերպել այդ հարցի կապակցությամբ եւ որոշել հետագա անելիքները: Կարող եմ միայն ասել, որ թիմը չի մեկնել Երեւան, որպեսզի անմիջապես պատրաստվի մայիսի 22-ին նախատեսված «Շիրակի» հետ արտագնա խաղին»:

Մեր այն հարցին, արդյոք հնարավոր է «Գանձասարը» հրաժարվի ՀՀ առաջնությանը մասնակցելուց, Վլադիկ Առաքելյանը ասաց. «Ակումբի ղեկավարությունը բողոքարկել է ՀՖՖ կարգապահական եւ մրցավարական կոմիտեների կայացրած որոշումները: Այժմ մենք սպասում ենք ֆեդերացիայի պատասխանին»:

«Գանձասարի» գործադիր տնօրենը վերջում տեղեկացրեց, որ թիմն այժմ հանգրվանել է Կապանի հյուրանոցում եւ պատրաստվում է առաջիկա հանդիպմանը, սակայն խաղին մեկնել-չմեկնելու հարցը կորոշվի վաղը երեկոյան, երբ ինչ-որ չափով պարզ կդառնա ՀՖՖ-ի ղեկավարության դիրքորոշումն այդ հարցում: