ՀՖՖ-ն աննախադեպ որոշում է կայացնում
Կապանի «Գանձասար» թիմն Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջիկա 5 հանդիպումները սեփական դաշտում անցկացնելու է առանց հանդիսատեսների: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Դա նշանակում է, որ Կապանում տեղի ֆուտբոլասերները իրենց սիրելի թիմի խաղը չեն կարող դիտել մինչեւ սեպտեմբերի 10-ը:
ՀՖՖ կարգապահական կոմիտեն նման խիստ որոշում է կայացրել «Գանձասար» - «Փյունիկ» խաղին հանդիսատեսների խուլիգանական արարքների համար: «Գանձասար» ֆուտբոլային ակումբն իր հերթին տուգանվել է 150.000 դրամով:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, ընթացիկ մրցաշրջանում դա երկրորդ դեպքն է, որ «Գանձասար» մարզադաշտում տեղի հանդիսատեսները վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ, խուլիգանական եւ անհարգալից արարքներ են թույլ տալիս մրցավարների նկատմամբ: ՀՖՖ կարգապահական կոմիտեն զգուշացրել է «Գանձասար» ֆուտբոլային ակումբին, որ եւս մեկ անգամ նման պահվածք դրսևորելու դեպքում, ակումբի եւ «Գանձասար» մարզադաշտի նկատմամբ կկիրառվեն խստագույն պատժամիջոցներ:
Տեղի է ունեցել նաեւ ՀՖՖ մրցավարական կոմիտեի հերթական նիստը: Վերջինիս որոշմամբ «Գանձասար» - «Փյունիկ» խաղի գլխավոր մրցավարի օգնական Արթուր Մուրադյանի գնահատականը 8.4-ից իջեցվել է 5.9 (անբավարար): Նա որակազրկվել է բարձրագույն խմբի երեք մրցափուլով: Նշենք, որ «Գանձասար» - «Փյունիկ» հանդիպման 82-րդ րոպեին մրցավարի օգնականը արձանագրել է խաղից դուրս վիճակ, որի հետևանքով «Գանձասար» թիմի խփած մաքուր գոլը չի արձանագրվել:
ՀՖՖ մրցավարական կոմիտեն անհիմն է ճանաչել գլխավոր մրցավար Արման Ամիրխանյանի ցույց տված երկու դեղին քարտերը: Նրա գնահատականը 8.4-ից իջեցվել է 6.9: