Ռուսաստանը ակնկալում է 25 ոսկե մեդալ
Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը հայտարարել է, որ 2012 թ Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում իրենք նախատեսում են նվաճել նվազագույնը 25 ոսկե մեդալ:
«Լոնդոնում Ռուսաստանի հավաքականի խնդիրը մեկն է. ընդհանուր հաշվարկով նվազագույնը զբաղեցնել երրորդ տեղը: Դրա համար մեզ հարկավոր է նվաճել մոտ 75 մեդալ: Մեզ անչափ լուրջ պայքար է սպասվում, սակայն մեր հավաքականը լավ շանսեր ունի խնդիրը կատարելու համար»,-ասել է նա:
Ալեքսանդր Ժուկովի կարծիքով մեդալների համար պայքարում Ռուսաստանի գլխավոր մրցակիցները կլինեն ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Մեծ Բրիտանիայի հավաքականները:
Հիշեցնենք, որ Լոնդոնի օլիմպիական խաղերը կկայանան հաջորդ տարվա հուլիսի 27-ից մինչեւ օգոստոսի 12-ը: 26 մրցաձեւերի մրցումներում կխաղարկեն 303 մեդալների կոմպլեկտ: Խաղերին սպասվում է 205 երկրների 12500 մարզիկ-մարզուհիների մասնակցություն: