Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եզրափակիչ խաղի ֆավորիտը «Պորտոն» է

Սպորտ
d6802a0c7673aac68ffcb84be2a0bbcb

Այսօր Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը առանձնապես մեծ ուշադրության չի արժանացել բրիտանական եւ իռլանդական լրատվամիջոցների կողմից: Պատճառը ոչ թե այն է, որ եզրափակիչում հանդիպելու են պորտուգալական երկու թիմեր` «Պորտոն» ու «Բրագան», այլ այն, որ Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը առաջին անգամ այցելել է հարեւան Իռլանդիա:

Ի դեպ, իռլանդացիները շատ հանգամանալից են պատրաստվել այդ խաղին: Մասնավորապես` հանդիպման կազմակերպիչները նոր հեռուստատեխնիկայի ձեռք բերման համար ծախսել են 75 մլն եվրո: Խաղը անմիջապես մարզադաշտից լուսաբանելու են 52 երկրների հեռուստառադիոընկերություններ:

Եզրափակիչի ընդգծված ֆավորիտ համարվում է «Պորտոն», որը տարբեր մրցաշարերում «Բրագայի» հետ անցկացրած 131 հանդիպումներից 92-ում հաղթանակ է տարել, 22-ն ոչ-ոքի է ավարտել, եւ միայն 17-ում պարտություն կրել: Այս մրցաշրջանում թիմերի միջեւ տեղի ունեցած երկու խաղերում էլ հաղթել է «Պորտոն»` 2:0, 3:2: Ըստ բուքմեյքերների` վերջինիս հաղթելու հնարավորությունը հավասար է 80 տոկոսի:

Ի դեպ, «Պորտոն» 10-րդ անգամ հանդես կգա միջազգային մրցաշարի եզրափակիչում: Նախկին 9-ը խաղերից 6-ում հաղթել են «դրակոնները», ընդ որում 3 դեպքում դա նրանց հաջողվել է 11 մ հարվածաշարի օգնությամբ: «Բրագան» առաջին անգամ է անմիջապես պայքարելու եվրոպական գավաթի համար:

Հանդիպումը կսպասարկի Իսպանիայի մրցավարական խումբը` 40-ամյա Կառլոս Վելասկո Կարբայոյի գլխավորությամբ: Այդպիսով, Եվրոպայի լիգայի եզրափակիչը մաքուր պիրենեյան կլինի: