Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_AG7I9398 copy
A A
Հասարակություն

Որակյալ մասնագիտական կրթությունը, մարդկային կապիտալի զարգացումն այլընտրանք չունի. ԿԳՄՍ նախարարի ամբողջ ելույթն ԱԺ լսումներում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթը «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ԱԺ լսումների ընթացքում

Խորհրդարանական լսումների հարգելի՛ մասնակիցներ,

Արդեն երկրորդ անգամ կրթության ոլորտի կարևոր խոսակցություն ենք ունենում Կրթության միջազգային օրվա շրջանակում․ երկու տարի առաջ այս օրերին խորհրդարանական լսումներ էին հանրակրթության օրենքի կարևորագույն փոփոխությունների վերաբերյալ, որոնք այժմ իրականություն են դառնում: Այսօր խոսելու ենք մասնագիտական կրթության և ուսուցման մասին։ Երկու անգամ էլ խոսակցությունը նախաձեռնել էր ԱԺ գլխադասային հանձնաժողովը, ուստի թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս շարունակական և արդյունավետ համագործակցության համար։

Շնորհավորելով բոլորիս այսօր նշվող Կրթության միջազգային օրվա առիթով՝ հիշեցնեմ, որ այն նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արդեն հինգերորդ տարին: Այս տարի Կրթության միջազգային օրը նվիրված է ատելության խոսքի դեմ պայքարում կրթության և ուսուցիչների առանցքային դերին, որը հատկապես սաստկացել է վերջին տարիներին սոցիալական հարթակների ակտիվ օգտագործմամբ և դիտվում է որպես սպառնալիք հանրությունների ներքին համերաշխությանը։ Խաղաղության հետևողական հանձնառությունն ամբողջ աշխարհում այսօր կարևոր է ավելի, քան երբևէ, և խաղաղության հետևողական հանձնառությունն անհնար է առանց կրթական համակարգի։ Կրթությունը հանուն խաղաղության․ սա է այս տարվա Կրթության միջազգային օրվա նշանաբանը, որը Հայաստանում տեղայնացման կարիք չունի։ Մենք դրա կարևորությունը զգում ենք առավել, քան երբևէ։

Խաղաղությունը նաև ստեղծագործ աշխատանք է, իսկ ստեղծագործ աշխատանքն առաջին հերթին դեպի դրան տանող մասնագիտական կրթությունն է։ 15-19 տարեկան երիտասարդների 20,6 տոկոսը, համաձայն վերջին մարդահամարի տվյալների, չի սովորում որևէ կրթական ծրագրով: Վիճակն առավել մտահոգիչ է 20-24 տարեկան երիտասարդների առումով. չսովորող երիտասարդների համամասնությունը հասնում է 68,8 տոկոս: Այսինքն` ավելի քան 140 հազար մարդ․ սա անթույլատրելի շռայլություն է մեզանում, որտեղ յուրաքանչյուր մարդն արժեք է, և մարդկային կապիտալի զարգացումն այլընտրանք չունի թե՛ հանրային, թե՛ տնտեսական զարգացման տեսանկյունից։ Որակավորում չունեցող աշխատուժն առավել խոցելի աշխատուժն է, և բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, թե ինչպես է մեծանում ռիսկը հետագայում այդ մարդկանց և նրանց ընտանիքների աղքատության, առողջական խնդիրների և բազմաթիվ այլ հարցերով։ Ավելին, այս մարդկանցից շատերն արդեն իսկ սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչներ են, որոնց համար նաև հենց այդ պատճառով մասնագիտական կրթություն ստանալը դառնում է լուրջ, հաճախ՝ անհասանելի խնդիր։ Ուստի, մեր առաջնահերթ խնդիրն է կրթական և սոցիալական քաղաքականությունների համադրմամբ հարթ ու հասանելի դարձնել որակյալ մասնագիտական կրթություն ստանալու ճանապարհը մեր բոլոր քաղաքացիների համար։

Եվ բացելով մեր խոսակցությունը մասնագիտական կրթության և ուսուցման մասին՝ թույլ տվեք ասել, որ այս ոլորտը կարծես կրթական համակարգի խորթ զավակն է՝ իր չօգտագործված պոտենցիալով և հանրային թերարժևորմամբ։

Ինչո՞ւ եմ այդպես ասում, որովհետև ՄԿՈւ ոլորտը ֆորմալ կրթական համակարգի ամենաճկուն ոլորտն է, որն ամենաարագն է արձագանքում հանրության և տնտեսության կարիքներին։ Այս ոլորտում մենք տարեկան մի քանի նոր մասնագիտական կրթական ծրագրեր ենք ներդնում․ սկսե՞ց զարգանալ էլեկտրոմոբիլների ոլորտը, ներդրվեց էլեկտրոմոբիլների սպասարկման մասնագիտությունը, այլընտրանքային էներգիայի աղբյուրներն ենք սկսում օգտագործել, արևային կայանների մոնտաժման մասնագիտությունը ներդրվեց, ջերմատնային տնտեսությու՞նն ենք զարգացնում, ներդրվում է այս մասնագիտությունը՝ կաթիլային ոռոգման, գյուղատնտեսական տեխնոլոգիաների, բազմաթիվ այլ ուղղություններով։ Բացի տնտեսության կարիքներին արձագանքելուց՝ այս ոլորտն է նաև, որ ամենաարագն է պատրաստում մասնագետներ՝ արհեստագործական կրթությունը՝ սկսած վեց ամսից, մասնագիտական կրթությունը՝ մեկ տարի տաս ամիս։

ՄԿՈՒ ոլորտը նաև մասնագիտական կրթության ամենահասանելի ու մատչելի ոլորտն է․ մեր երկրում մասնագիտական կրթություն հնարավոր է ստանալ Մեղրիից Նոյեմբերյան, Ամասիայից մինչև Վարդենիս։ Թերևս նաև դա է պատճառը, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում սոցիալական տարբեր խմբերի սովորողների ներգրավումը շատ ավելի նկատելի է. օրինակ՝ Թուրինյան համակարգի գործընթացի մոնիթորինգի հայաստանյան 2023 թվականի զեկույցի համաձայն՝ ՄԿՈՒ մուտք գործելու հավանականությունը քիչ ապահովված ընտանիքների սովորողների համար միջինում երկու անգամ ավելի բարձր է, քան մյուս սովորողներինը։ Սակայն ոլորտում էական խնդիրներ կան՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ընդգրկման, նրանց կրթության պատշաճ կազմակերպման հետ կապված։ Դրանք վերաբերում են թե՛ ենթակառուցվածքներին, թե՛ կրթության կազմակերպման բուն գործընթացին, թե՛ մարդկային կարողություններին։

Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը եզակի է նաև նրանով, որ մի կողմից ապահովվում է պարտադիր կրթության կամ հանրակրթության անհրաժեշտ մասը, ու միաժամանակ մասնագիտություն տալիս շատ ավելի բազմազան ու տարբեր ուղղություններով, քան դա հնարավոր է բարձրագույն կրթության ոլորտում՝ դրանով միանգամից իրականացնելով հանրակրթության և մասնագիտական կրթման հնարավորությունը։

Այս ոլորտի ծրագրերը նաև ամենաճկունն են, որովհետև որակավորում շնորհող ծրագրերը հեշտ կարող են ձևափոխվել կարճաժամկետ ծրագրերի՝ կրթությունից տանելով ուսուցման դաշտ, հնարավոր դարձնելով աշխատող մարդկանց որակավորման բարձրացումը, մեծահասակների ոչ ֆորմալ կրթությունը։

Իսկ ինչո՞ւ է թերարժևորված։ Վերջերս Եվրամիության երկրներում շուրջ 40 հազար հարցվողի շրջանում հարցումներ էին իրականացվել՝ ճշտելու իրազեկվածությունն ու վերաբերմունքը ՄԿՈՒ համակարգի վերաբերյալ։ Տարբեր երկրներում հարցվածների 46-91 տոկոսը չնայած իրազեկ էին ՄԿՈՒ համակարգից և այն համարում էին լավ միջոց գործազրկության նվազեցման,

տնտեսությանը աջակցելու և աշխատանք գտնելու համար, սակայն, այդուհանդերձ, այս ոլորտն ընկալում են իբրև հանրակրթությունը շարունակելու ավելի վատ տարբերակ՝ ավագ դպրոցի համեմատ կամ մասնագիտություն սովորելու երկրորդ տարբերակ, եթե բարձրագույն կրթություն ստանալ չի հաջողվում։ Ի վերջո, շատերը գտնում են, որ այս կրթությունը ստանալով՝ գուցե արագ կգտնես աշխատանք, բայց այդ աշխատանքը չի լինի լավ վճարվող և հեղինակավոր։ Մեր ամենամյա մոնիթորինգի տվյալներով իրենց մասնագիտության գծով ուսումնառության ավարտից հետո 6 ամսվա ընթացքում աշխատանք փնտրողների մեջ զբաղվածություն ունեցող շրջանավարտների մասնաբաժինը 2022թ. ավարտին 2023թ. 1-ին կիսամյակի տվյալների համաձայն՝ կազմել է 54% (ներառված չեն ԲՈՒՀ տեղափոխված/ ընդունված, բանակ զորակոչված, արտերկիր մեկնած, ոչ իրենց մասնագիտությամբ աշխատող շրջանավարտները, աշխատանք չփնտրող): Սա նշանակում է, որ կեսից ավելին առաջին վեց ամսվա ընթացքում իր մասնագիտությամբ աշխատանք է գտնում, ինչն էապես բարձր է բուհերի շրջանավարտների ցուցանիշից, բայց միևնույն ժամանակ հեռու է Կրթության զարգացման պետական ծրագրով մինչև 90 տոկոս զբաղունակություն ունենալու թիրախից: Ու չնայած այս ցուցանիշներին՝ Հայաստանում ՄԿՈՒ-ի մասով ընկալումները շատ չեն տարբերվում։

Միաժամանակ, ակնհայտ է, որ էական կարիք կա համապատասխանեցնել կրթական ծրագրերն ու տնտեսության ակնկալիքները։ Երկու-երեք տարի առաջ աշխատուժի ուսումնասիրության մի առցանց հարթակ գործարկվեց՝ Edu2Work` կրթությունից աշխատանք, որը թափուր աշխատատեղերի առցանց շտեմարաններից վերլուծում և ներկայացնում էր՝ որ ուղղություններով ինչպիսի աշխատուժի պահանջարկ կա։ Այս հարթակն ակնհայտ դարձրեց մի պարզ ճշմարտություն․ գործատուների մի զգալի մասը հստակ չի ձևակերպում իր պահանջը թե՛ որակավորման աստիճանի, թե՛ պահանջվող հմտությունների մասով։ Բարձրագույն կրթության պահանջ է դրվում աշխատանքների համար, որտեղ կարող է միջին մասնագիտական կրթության որակավորումը լիովին բավարար լինել և հակառակը։

Հետազոտությունների պատկերն էլ ցույց է տալիս, որ ահռելի անելիք կա․ ՄԿՈՒ հաստատությունների շրջանավարտների միայն 41%-ն է համարում, որ ձեռք բերված տեսական գիտելիքները համապատասխանում են իրենց աշխատանքի պահանջներին, և միայն 43%-ն է կարծում, որ ձեռք բերված գործնական հմտությունները համապատասխանում են աշխատանքի պահանջներին: Ուսանողների 86%-ը նշում է, որ ուսումն ավարտելուց հետո աշխատանքային գործունեություն իրականացնելու համար կարիք կունենա լրացուցիչ վերապատրաստման: Գործատուների շրջանում անցկացված հարցման արդյունքներով` 78%-ը երիտասարդ մասնագետի աշխատանքի ընդունելիս առնչվում է վերջինիս աշխատանքային փորձի և գործնական կարողությունների պակասի հետ: Արդյունքում՝ երիտասարդների 33%-ն իր աշխատանքի համար կա¢մ գերկրթված է, կա¢մ թերկրթված։

Եթե սա ավելի պարզ ձևակերպենք․ քաղաքացիները կամ պետությունը, կախված նրանից, թե ով է վճարում կրթության համար, անարդյունավետ ներդրում է անում՝ ծախսելով ռեսուրս, որ հետո չի օգտագործելու կամ օգտագործվելու է շատ մասնակի։

Միաժամանակ, բազմաթիվ են խնդիրները ոլորտում որակյալ դասախոսական կազմ և արտադրական ուսուցման վարպետներ ներգրավվելու հարցում։ Այս ոլորտում թերևս վարձատրությունն ամենացածրերից մեկն է՝ ի համեմատ հանրակրթության և բուհական կրթության։

Մենք ժառանգել ենք մասնագիտական կրթության և ուսուցման մի համակարգ, որը սպասարկում էր բոլորովին այլ տնտեսություն, այլ կառուցվածքով և մասշտաբներով։ Ոլորտում ակնհայտ է թե՛ մասնագիտությունների, թե՛ ենթակառուցվածքների վերանայման, օպտիմալացման, արդիականացման խնդիրը։ Միաժամանակ ակնհայտ է, որ այստեղ պետությունը չի կարող և չպետք է լինի միայնակ․ մասնավորի հետ համագործակցությունն այլընտրանք չունի՝ սկսած կրթական ծրագրերի մշակումից, ուսուցման համատեղ կազմակերպումից մինչև հավատարմագրային կառավարման հանձնելը։

Դրանից կախված՝ էապես պիտի վերանայվեն ֆինանսավորման չափորոշիչները, որոնք չեն վերանայվել 90-ականներից սկսած՝ բացառությամբ որոշ դեպքերի։ Այս առումով գործող ստանդարտները հիմնականում չեն արտացոլում ներգրավված ծախսերի իրական մակարդակը: Ոլորտում պետք է ներդրվեն կրթության կազմակերպման, ներառականության, որակի ապահովման, շարժունության ապահովման, միջազգայնացման որակյալ քաղաքականություն և գործիքակազմեր։

Այս կուտակված խնդիրներն են խթան հանդիսացել համակարգային լուծման մշակման համար, ինչպիսին նոր օրենքն է՝ հարակից օրենսդրական փոփոխությունների հսկայական փաթեթով, որը ոլորտի համար ունենալու է հեղափոխական նշանակություն։

Փորձենք հասկանալ ինչու։

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները ներառում են հետևյալ առանցքային ուղղությունները․

 

1. ՄԿՈՒ օրենքում օգտագործվող հասկացությունների և դրանց սահմանումների ներդաշնակեցում.

Թերևս ամենակարևոր անվանումը հենց մասնագիտական կրթության և ուսուցման արտահայտության ինստիտուցիոնալացումն է օրենքի վերնագրում և տեքստում՝ այս ոլորտն անվանելու համար։ Դրանով ոլորտի անվանումը համապատասխանեցվում է միջազգայնացման տրամաբանությանը՝ ներառելով թե՛ որակավորում տվող ֆորմալ կրթության, թե՛ ոչ ֆորմալ կրթության՝ ուսուցման հնարավորությունը։ Կարևոր է նաև, որ վերացվել է գործող օրենքի տարբերակումը մասնագիտական ուսումնական հաստատությունների երկու տեսակների միջև՝ «քոլեջ» և «ուսումնարան», որը գործնական որևէ խնդիր չէր լուծում։ Փոխարենը, մասնագիտական կրթության համակարգում սահմանվել է ուսումնական հաստատության միայն «քոլեջ» տեսակը՝ տարբերակելով վերջիններիս կողմից ըստ լիցենզիայի իրականացվող կրթական ծրագրերի մակարդակները՝ արհեստագործական և միջին մասնագիտական։

 

2. Աշխատանքի վրա հիմնված ուսուցման ինստիտուցիոնալ ներդրում և կարգավորում.

Օրենքի ընդունմամբ վերջին հինգ տարիներին փորձարկվող դուալ կրթությունը, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության այլ ձևերը կստանան օրենսդրական կարգավորում, կդառնան ՄԿՈՒ ոլորտի կրթության կազմակերպման հիմնական ձևը։ Աշխատենք՝ սովորելով կամ սովորենք` աշխատելով կամ աշխատենք և սովորենք․ սա է դառնում ոլորտում կրթության կազմակերպման ձևը։ Ընդ որում` օրենքի համաձայն` ներդրվում է նաև դուալ կրթության համակարգող մարմինը, որը նաև ինստիտուցիոնալ իմաստով ստեղծում է նոր կառուցվածք։ Նման գործընթացը երաշխավորում է աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետների պատրաստումը բացառապես աշխատաշուկայի կողմից մասնագետներին ներկայացվող պահանջներին համապատասխան, ինչը կարևոր է նրանց մասնագիտական գործունեության, առաջխաղացման, ինչպես նաև երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար: Մինչև այժմ մեր համակարգում աշխատանքի վրա հիմնված ուսուցման միակ տիրապետող ձևը եղել է ըստ էության ուսանողական պրակտիկան։ 2017 թվականից փորձարկում ենք դուալ կրթությունը, որի շրջանակում 2023 թվականի դրությամբ դուալ ուսուցման մոդելը ներդրված է Հայաստանի 20 հաստատությունում` շուրջ 24 մասնագիտությամբ /գյուղատնտեսության, ՏՏ, գինեգործության, զբոսաշրջության, ճշգրիտ ճարտարագիտության, լոգիստիկայի ոլորտների գծով/։ 2023 թվականին մշակվել և փորձարարական ներդրվել է դուալ (երկակի) ուսուցման համակարգ՝ 4 գյուղատնտեսական մասնագիտությունով։ Գործընթացը շարունակական է։ 2022 թվականին մեկնարկել է Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի համակարգմամբ «ՄԿՈՒ արդիականացում Հայաստանում 2021-2030 թվականներին» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման /ԱՀՈՒ/ մոդելների մշակում և ընդլայնում, դրա հիման վրա ԱՀՈՒ իրականացում, գյուղատնտեսական ոլորտի ՄԿՈՒ քոլեջների կողմից ուսուցանվող ծրագրերի որակի բարելավում, աջակցություն ՄԿՈՒ օրենսդրական դաշտին, իրավական կարգավորման մեխանիզմներին, ներառյալ՝ ֆինանսավորման, քաղաքականության, արդիականացման։ Այս բոլոր ջանքերի համադրմամբ ԱՀՈՒ մոդելով իրականացվող մասնագիտությունների մասնաբաժինը հասցվել է 15 %, ԱՀՈՒ-մոդելով ուսուցում իրականացնող ՄՄԿ ուսումնական հաստատությունների մասնաբաժինը՝ 18․3%: Օրենքի ընդունմամբ նաև այս փորձի հիման վրա կրթության կազմակերպումն էապես կփոխվի։

 

3.Կրթության կառավարման ու կազմակերպման համագործակցային մոդելի ներդրում՝ սոցիալական գործընկերության պատասխանատվություն.

Նախագծով գործընկերության կողմերին տրվել են գործառույթներ, իրավունքներ, պարտականություններ։ Օրենքում բարելավվել են ուսումնական հաստատության կազմակերպաիրավական կարգավիճակի հնարավորությունները, որոնք թույլ են տալիս մասնավոր գործընկերների հետ փորձարկել և իրացնել նոր ձևաչափով համագործակցության՝ հասնելով նաև մասնավորի կողմից ուսումնական հաստատության կառավարման մոդելին։ Մենք համագործակցության նոր մոդելով Տավուշում ձևավորեցինք գյուղատնտեսական ուղղվածության կրթահամալիր, որն առաջին իսկ տարում գրանցեց մրցութային ընդունելություն այն դեպքում, երբ այս ուղղությամբ մասնագիտությունների տեղերը տարիներ շարունակ թափուր կամ կիսադատարկ էին մնում։ Հաջողությամբ համագործակցում ենք Սևանի քոլեջի հիմքի վրա էներգետիկայի բնագավառում, բազմաթիվ են նաև այլ ծրագրերը։

 

4. ՄԿՈՒ ոլորտում անցում Որակավորումների ազգային և ոլորտային շրջանակին և կրեդիտային համակարգի.

Նախագծով արմատապես վերանայվել են ՄԿՈՒ կրթական ծրագրերի իրականացման մեթոդաբանական հիմքերը, որակի ապահովման ու վերահսկողության կառուցակարգերը՝ նախատեսելով նաև ՄԿՈՒ ոլորտում անցում որակավորումների ազգային շրջանակի և որակավորումների ոլորտային շրջանակի։

 

5. ՄԿՈՒ հաստատությունների կառավարման բարելավում.

Նախագծով վերափոխվել են ՄՈՒՀ-երի կառավարման համակարգը և կառուցվածքը՝ ապահովելով կառավարման խորհրդի ձևավորման ներկայացուցչական կազմ, կատարելագործվել են տնօրենի ընտրության մեխանիզմները՝ նախապայմաններ ստեղծելով թափանցիկ ընթացակարգերի միջոցով փորձառու և ուսումնական հաստատության զարգացման տեսլական ունեցող թեկնածուների ընտրության համար, նախատեսվել է տնօրենի հաշվետվողականության գործընթաց՝ իր ծրագրի իրականացման մոնիտորինգի արդյունքներով։

 

6. Մասնագիտական կրթական ծրագրերին դրանց ներկայացվող ընդհանուր պահանջների վերանայում.

Նախագծով հստակեցվել են կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից կազմվող և հաստատվող կրթական ծրագրին ներկայացվող պահանջները։ Դա թույլ է տալիս ի սկզբանե հաշվարկել, գնահատել ու կանխատեսել կրթական ծրագրի իրականացման հետ կապված անհրաժեշտ ռեսուրսները՝ դրանով իսկ ապահովելով ծրագրի որակյալ ընթացքը, ինչպես նաև մասնավոր սեկտորի հետ համագործակցությամբ ռեսուրսների ներգրավումը։

 

7. Մասնագիտական կրթական ծրագրի իրականացման իրավունքի և որակավորումների լիցենզավորում.

Նախագծով նախատեսվել է կրթական ծրագրի իրականացումն արտոնելու երկաստիճան համակարգ՝ մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզավորում և յուրաքանչյուր որակավորման լիցենզավորում։

 

8. ՄԿՈՒ-ի ֆինանսավորման համակարգի վերանայում և ձեռնարկատիրական գործունեության խթանում.

Բարեփոխվել է ՄՈՒՀ-երի ֆինանսավորման մեխանիզմը՝ հիմքում նախատեսելով կրթական ծրագրի ապահովման արժեքը, նախատեսվել է նպատակային ֆինանսավորման մեխանիզմը, ինչպես նաև հստակեցվել են պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությունները և մեխանիզմները: Նախագծով կանոնակարգվել են նաև ՄՈՒՀ-ի ֆինանսավորման աղբյուրները, և զարգացվել են ձեռնարկատիրական գործունեության իրականացման հնարավորություններն ու կառուցակարգերը:

 

9. ՄՈՒՀ-երի վարչական և մանկավարժական անձնակազմի համալրման, կատարելագործման, գնահատման, խրախուսման, պատասխանատվության և կարիերայի ապահովման մեխանիզմների բարեփոխում՝ նախատեսելով վերապատրաստում, ատեստավորում, տարակարգի ու կոչումների շնորհում.

Նախագծով հստակեցվել և մանրամասնվել են ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողների ընտրության կառուցակարգերը՝ նախատեսելով մրցույթային կարգ և խստացված պահանջներ մանկավարժական աշխատողի պաշտոնի թեկնածուների համար։ Միաժամանակ հստակեցվել են մանկավարժական աշխատողների ատեստավորման չափանիշները, ընթացակարգերը՝ որպես զբաղեցված պաշտոնին համապատասխանության ստուգման մեխանիզմ։ Այս տարվանից ոլորտում կներդրվեն նաև կամավոր ատեստավորման և տարակարգերի մեխանիզմները։ Մասնավորապես, արդեն իսկ մշակվել է և ներկայացվել է շահագրգիռ կողմերին և հանրային քննարկման «Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման հանձնաժողովների ձևավորման, դրանց գործունեության և ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը: Վերոնշյալ նախագծի արդյունքում նախատեսվում է մանկավարժական աշխատողների աշխատավարձերի բարձրացում և հավելավճարի տրամադրում. փոփոխության արդյունքում դրույքաչափը կդառնա 200 000 ՀՀ դրամ, և ըստ ատեստավորման արդյունքի կտրամադրվի համապատասխան չափի (30%, 40%, 50%) հավելավճար: Նախորդ տարի գործող օրենքի փոփոխությամբ արդեն իսկ հանրակրթական առարկաները դասավանդողները հնարավորություն ստացան մասնակցել «Հանրակրթության մասին» օրենքի համաձայն կազմակերպվող կամավոր ատեստավորմանը, տասնյակ դասախոսներ օգտվեցին այդ հնարավորությունից, արդեն իսկ ավելի քան 60 դասախոսներ այս միջոցով բարձրացրել են իրենց վարձատրությունը։

 

10. ՄԿՈՒ համակարգի ուսանողների և ունկնդիրների իրավունքներն ու պարտականությունների կարգավորում.

Ի թիվս այլոց՝ նախագծով լեգիտիմացվել են ուսանողական տարբեր կառույցների և միավորումների՝ ուսանողական ինքնակառավարման մարմինների գոյությունն ու գործունեությունը՝ որպես ուսանողական նախաձեռնություններին աջակցող և նպաստող կառույցներ։ Հարկ է նշել, որ ոլորտում արդեն իսկ ներդրվել են կրթաթոշակային քաղաքականության նոր սկզբունքներ, գերակա ուղղություններով սահմանվել է առավելագույնը 50 հազար դրամ կրթաթոշակի հնարավորություն, որ սեպտեմբերից գործում է։ Սա կիրառվել է արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտների մասնագիտությունների համար՝ արդեն իսկ բերելով նկատելի արդյունքների։ Իսկ օրենքի ընդունմամբ կրթաթոշակը դառնալու է կրթության ֆինանսավորման ունիվերսալ ձև՝ նպաստների համակարգից անցում անելով կրթաթոշակին՝ ամբողջական կամ մասնակի տրամաբանությամբ ֆինանսավորելով ուսանողների կրթությունը։ Ընդ որում՝ էական գործոն է առաջադիմությունը՝ որպես նաև կրթության որակի շարունակական բարձրացման և արդյունքների գրանցման խթան։

 

 

11. Մասնագիտական կրթություն և ուսուցում ստանալու հավասար հնարավորությունների ապահովում՝ կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման և ներառման միջոցով.

Նախագծով համընդհանուր ներառական կրթությունը հռչակվում է որպես յուրաքանչյուր ուսանողի կրթության իրավունքի ապահովման երաշխիք՝ կրթության մատչելիության, հավասար

մասնակցության հնարավորության և որակի ապահովման միջոցով։ Որպես պետական քաղաքականության խնդիր և ուսանողի իրավունք է նախատեսված կրթության առանձնահատուկ պայմանների կարիքին համապատասխան խելամիտ հարմարեցումների միջոցով կրթական ծրագրով սահմանված վերջնարդյունքների ապահովումը՝ պետական բյուջեից ֆինանսավորմամբ։ Սահմանված է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների ուսումնառությունը կազմակերպվում է նրանց կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման, դրան համապատասխան մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների սահմանման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ անհատական ուսուցման պլանի հիման վրա։

 

Փոփոխություններն ու առաջարկները բազմաթիվ են, և ես հույս ունեմ, որ մենք այդ մանրամասներին կանդրադառնանք նաև քննարկման ընթացքում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել GIZ կազմակերպությանը՝ այս ոլորտում մեր տարիների գործընկերոջը, որի աջակցությամբ և ներգրավված փորձագետների գործուն ջանքերով մշակվեց օրենսդրական այս մեծածավալ փաթեթը: Շնորհակալություն եմ հայտնում նաև շուրջ երկու տարի և ավելի տևած քննարկումներին շահագրգիռ ու սրտացավ մասնակցություն ցուցաբերած կառույցների, կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին, որոնց հետ համատեղ աշխատանքը օգնեց հղկել ու հստակեցնել օրենքի կարգավորումները։ Վստահ եմ՝ այս լսումներն էլ այդ նույն նպատակին են ծառայելու։

Եվ վերջում, ինչո՞ւ է ամեն դեպքում առկա վստահություն, որ կհաջողենք՝ չնայած սպասվող և նախաձեռնված փոփոխությունների ծավալին, որովհետև նաև Թուրինյան գործընթացի գնահատման վերջին զեկույցը ցույց է տալիս, որ մենք ավելի ինքնաքննադատ ենք համակարգի կատարողականի նկատմամբ, քան շատ այլ երկրներ: Մասնավորապես՝ երկրների միջին ցուցանիշն իրենց համակարգի նկատմամբ քննադատության տեսանկյունից 0-100 սանդղակում, որտեղ զրոն ամենաքննադատականն է, իսկ հարյուրը՝ ամենաքիչ քննադատականը, 52,8 է, իսկ Հայաստանի պարագայում այդ ցուցանիշը 22,6 է կամ ավելի քան երկու անգամ ավելի ցածր: Սա նշանակում է, որ մենք շատ ինքնաքննադատաբար ենք տրամադրված մեր իսկ համակարգի նկատմամբ։ Դա մի կողմից գուցե վատ է, որովհետև խանգարում է մեզ տեսնել այն դրական զարգացումներն ու հաջողությունները, որոնք գրանցում ենք, մյուս կողմից էլ լավ է, որովհետև խոսում է մեր բարձր ակնկալիքների ու պահանջների մասին։ Իսկ բարձր ակնկալիքները մղում են անել ավելին։ Ավելին անելու մղումով էլ ներկայացված է այս օրենսդրական փաթեթը։