Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ եւ պատրաստ ենք տալ երաշխիքներ․ Փաշինյան (տեսանյութ)

Հունվարի 19-ին Եղեգնաձոր համայնքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստին մասնակցել են Կուսակցության Վայոց ձորի մարզի Տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը,պատգամավորներ և Կուսակցության վարչության անդամներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին։

Հայաստանը խաղաղության գործընթացում Ադրբեջանից ակնկալում է թաքնված տարածքային պահանջներ չունենալու երաշխիքներ և պատրաստ է փոխադարձաբար նույն երաշխիքը տալ Ադրբեջանին: 

«Աշխատանքը հասել է մի տեղ, որ մենք Ադրբեջանից, Ադրբեջանը մեզնից լրացուցիչ երաշխիքներ ենք ուզում, որ մենք փոխադարձաբար միմյանցից թաքնված տարածքային պահանջներ ու նկրտումներ չունենք: Դիվանագիտական տեքստերը միշտ տարբեր շրջադարձեր, ենթատեքստեր, տողատակեր են ունենում: Եվ մենք Ադրբեջանի, երևի Ադրբեջանն էլ՝ մեր, առաջարկների տողատակերում տարածքային պահանջների՝ եթե ոչ այսօր, ապա հետագա վտանգներ ենք տեսնում»,-ասել է Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ իրադրությանը կարելի է վերաբերվել տարբեր կերպ, սակայն իրադրությանը պետք է վերաբերվել որպես աշխատանքային գործընթաց, որը պետք է շարունակել կառավարել, մինչև հարցերը պատասխան ստանան: 

Վարչապետը համարում է, որ տեսական մակարդակում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է: Եվ ըստ էության վերջին շրջանի խոսակցությունները գնացել են հենց այդ ուղղությամբ, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանցից տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են փոխադարձաբար ապագայում նույնպես այդպիսի տարածքային պահանջներ չներկայացնել: Սա այն ըմբռնումն է, որ այս ընթացքում ձեռք է բերվել: 

«Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունից թաքնված, տողատակերում չի ուզում ապագա տարածքային պահանջների համար կռվաններ թողնել: Մենք ուզում ենք այդպիսի երաշխիքներ, բայց նաև պատրաստ ենք տալ այդպիսի երաշխիքներ: Սա փոխկապակցված գործողություն է»,-ասել Փաշինյանը՝ հավելելով, որ սա ոչ հայկական կողմից, ոչ ադրբեջանական կողմից այն չի կարող լինել միակողմանի:

«Արդյոք կա պատկերացում, թե որն է ՀՀ տարածքային ամբողջականությունը. այս հարցի պատասխանը կա: 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչում են  1991թ. Ալմաթայի հռչակագրի վրա: Իսկ Ալմաթայի հռչակագիրը հետևյալի մասին է, որ Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ, իսկ ԽՄ այն հանրապետությունները, որոնք ստորագրել են Ալմաթայի հռչակագիրը, արձանագրում են, որ իրենց վարչական սահմանները վեր են ածվում պետական սահմանների: Մենք ասում ենք, որ այդ սկզբունքն ընդունում ենք: Եվ ըստ էության Պրահայում քառակողմ հայտարարություն է ընդունվել, որը Ադրբեջանը նույնպես ընդունել է: Մենք ասում ենք, և դա ակնհայտ է, որ դելիմիտացիայի գործընթացը սահմաններ չպետք է ստեղծի, այլ պետք է փաստաթղթային ձևով նաև գետնի վրա վերարտադրվի այն սահմանը, որը գոյություն է ունեցել 1991թ. կամ ԽՄ հանրապետությունների միջև՝ որպես ադմինիստրատիվ սահման»,-ասել է վարչապետը:

Փաշինյանն ընդգծել է՝ սա է այն բանաձևը, որը կարող է հնարավոր դարձնել խաղաղությունը:

Ըստ վարչապետի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև այժմ գոյություն ունեցող երկկողմ աշխատանքային խողովակը պետք է բերի կոնկրետ արդյունքների: Իսկ արդյունքն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ոչ միայն հայտարարեն, որ առանց վերապահումների ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այլ նաև այդ իրողությունն արձանագրվի դե յուրե խաղաղության պայմանագրում:

«Եվ Հայաստանը, և Ադրբեջանն ունեն միջազգայնորեն ճանաչված տարածքներ: ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքն է: Եվ, երբ կանգնում ենք այս միջազգայնորեն ճանաչված տարածքի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության անվտանգության պաշտպանության դիրքերում, մենք կանգնում ենք լեգիտիմ հենքի վրա, ինչը պետք է պրոֆեսիոնալ աշխատանքի դեպքում ապահովի, լրացուցիչ գործոն դառնա նաև մեր անվտանգության համար»,-ընդգծել է Փաշինյանը:

Պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները կարող են տպավորություն թողնել, թե Ադրբեջանը ցանկանում է դիտավորյալ խաղաղության գործընթացը փակուղի մտցնել, սակայն նույնիսկ այս պարագայում Հայաստանն իր ռազմավարությունը չի ցանկանում փոխել: 

«Պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները կարող են նույնիսկ տպավորություն թողնել, թե Ադրբեջանը ցանկանում է դիտավորյալ, նպատակամղված փակուղի մտցնել խաղաղության գործընթացը՝ ինչ-ինչ հետագա նպատակներով: Բայց նույնիսկ այս մեկնաբանության պարագայում, ես կարծում եմ, որ մենք մեր ռազմավարությունը չպետք է փոխենք: Մեր ռազմավարությունը եղել է և պետք է շարունակի մնալ ՀՀ ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ամրապնդումը, հաստատումը Ալմաթայի հռչակագրի հիման վրա, քանի որ այդպիսին է ամբողջ միջազգային հանրության ըմբռնումը»,-ասել է վարչապետը: 

Ըստ Փաշինյանի` եթե նույնիսկ պարզվի, որ Ադրբեջանն առաջնորդվում է իր նշած վատագույն սցենարով, սա հայկական կողմի ռազմավարությունը չպետք է փոխի: Հայաստանի ռազմավարությունը պետք է հենվի լեգիտիմության վրա: