Առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունմանը վերաբերող արձանագրություն․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓորձը ցույց է տալիս, որ նմանատիպ համաձայնագրերը խթանում են ՀՀ եւ ԵՄ միջեւ վիզաների ազատականացման երկխոսությունն ավելի կառուցողական հենքի դնելուն: Սա թույլ է տալիս ընդգծել ՀՀ պատրաստակամությունը հետ ընդունելու այն անձանց, որոնք անկանոն բնակություն են հաստատել ԵՄ տարբեր երկրներում. այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ հունվարի 10-ի նիստի ժամանակ:
Հանձնաժողովը քննարկել է «ՀՀ կառավարության եւ Ավստրիայի Դաշնային կառավարության միջեւ` «ՀՀ եւ ԵՄ միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
«Գործնականում ունեցել ենք միջազգային պայմանագրին բնորոշ ընթացակարգերը. Արդարադատության եւ Ֆինանսների նախարարությունների կողմից կա դրական դիրքորոշում: Սահմանադրական դատարանի որոշմամբ համաձայնագրով նախատեսված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը»,- տեղեկացրել է Ներքին գործերի փոխնախարարը:
Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ նախկինում Հայաստանն ունեցել է երկկողմ ռեադմիսիոն համաձայնագրեր ԵՄ անդամ տարբեր պետությունների հետ, սակայն այդ փաստաթղթերն այլեւս չեն գործում, եւ պետությունները ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակից բխող պարտավորություն ունեն երկկողմ առանձին ռեադմիսիոն համաձայնագրեր կնքելու: Նա ընդգծել է, որ վերը նշված համաձայնագիրը դրանցից մեկն է:
Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ Արփինե Սարգսյանը պարզաբանել է, որ նմանատիպ համաձայնագրերը ոչ թե ԵՄ կողմի պարտադրանք են, որ ինչ-որ գործընթաց իրականացվի, այլ երկկողմ հարաբերությունների կանոնակարգմանն ուղղված, փոխհամաձայնեցված պատրաստակամության օրինակ: «Սա թույլ է տալիս հավաստել, որ Հայաստանը պատրաստակամ է ընդունել իր այն քաղաքացիներին, որոնք ոչ թե օրինական հիմքերով բնակվում են ԵՄ անդամ երկրներում, այլ հակառակը՝ ինքնությունը չպարզված է, չունեն անձնագրեր կամ կեղծ փաստաթղթերով հայտնվել են ԵՄ անդամ երկրներում»,- նշել է փոխնախարարը:
Հարակից զեկուցող Հռիփսիմե Գրիգորյանի գնահատմամբ այս համաձայնագրով կոչ է արվում կողմերին երկկողմ կիրարկման արձանագրություններ եւս ստորագրել եւ վավերացնել: Այդ արձանագրություններով գործընթացը դառնում է ավելի կանոնակարգված: Պատգամավորը տեղեկացրել է, որ առկա են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, պատասխանատու գերատեսչություններից եզրակացությունները եւ որոշումները:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:
-----------------
Համաձայնագրի նպատակն է համագործակցության արդյունավետ մեխանիզմներ ստեղծել հարկադիր վտարման ենթակա անձանց փաստաթղթավորման ժամանակ: Կսահմանվի կողմերի փոխգործակցության կարգն անձը հաստատող եւ պետական սահմանը հատելու համար անհրաժեշտ վավերական փաստաթղթեր չունեցող, հարկադիր վտարման ենթակա անձանց վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ հունվարի 10-ին տեղի ունեցած հերթական նիստի ընթացքում ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ հանձնաժողովի անդամներին ներկայացնելով ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ հարկադիր վտարման ենթակա անձանց՝ վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Զեկուցողի խոսքով թեեւ բանակցություններին մասնակցել են նաեւ ԱՊՀ անդամ մյուս պետությունները, բայց այս պահի դրությամբ համաձայնագիրը կիրառում են Ռուսաստանն ու Բելառուսը: Հայաստանը կլինի համաձայնագիրը վավերացնող երրորդ պետությունը:
«Համաձայնագրի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը կմոտիվացնի ԱՊՀ անդամ մյուս պետություններին, որ ԱՊՀ տարածաշրջանում այս ուղղությամբ եւս միացյալ քաղաքականություն վարվի,,- ասել է Արփինե Սարգսյանն ու հավելել, որ այն քննարկվել է Արդարադատության, Ֆինանսների նախարարություններում ու ՍԴ-ում: Բոլոր կառույցները դրական արձանագրումներ են արել, նշվել է, որ այն Սահմանադրությանը չի հակասում:
Փոխնախարարը հայտնել է նաեւ, որ համաձայնագրով նախատեսվող վերապահմամբ եթե ՀՀ-ից հետո ԱՊՀ որեւէ այլ անդամ երկիր միանա համաձայնագրին, ապա այդ պահին Հայաստանը կկարողանա դիտարկել տվյալ երկրի մասով որեւէ վերապահում անելու հնարավորության հարցը: Նշվել է, որ ԱՊՀ-ն ցանկանում է մեկ միասնական համաձայնագիր ունենալ, որի շրջանակում գործընթացները կնույնականացվեն, ու միասնական քաղաքականություն կվարվի:
Նախագծի հարակից զեկուցումը ներկայացրել է ,Քաղաքացիական պայմանագիրե խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը: Նա հայտնել է, որ երկկողմ հարաբերությունների տիրույթում համաձայնագիրը սահմանափակումներ չի մտցնում:
«Խոսքը յուրահատուկ իրավիճակի մասին էգ համաձայնագրին միացող յուրաքանչյուր երկիր պետք է որոշում կայացնի, որ իր երկրում հարկադիր վտարման ենթակա անձ կա: Նրա՝ փաստաթուղթ չունենալու պարագայում միայն համաձայնագիրը կսկսի գործել: Այն քաղաքական բովանդակություն չունի եւ չի առնչվում անձանց՝ քրեական գործերով հետընդունման եւ հանձնման ոլորտում կողմերի համագործակցության հարցերին»,- ասել է պատգամավորն ու առաջարկել հաստատել օրենքի նախագիծը:
Օրենքի նախագիծը միաձայն կողմ քվեներով հաստատվել է հանձնաժողովի նիստում: