Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տարվա-բառը-ապրումակցում
A A
Հասարակություն

Լեզվի կոմիտեն ամփոփել է «Տարվա բառը-2023»-ի արդյունքները

 Լեզվի կոմիտեն ամփոփել է «Տարվա բառը-2023»-ի արդյունքները։ Քվեարկվածներից ամենաշատ ձայներն է ստացել ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄ բառը (42%)։

«Թեև դիմացինի ապրումները սեփականի պես զգալը միշտ էլ հատուկ է եղել մարդուն, բայց «ապրումակցում» բառը նորաբանություն է։ Հավանաբար ստեղծվել է «կարեկցում» բառի նմանությամբ, բայց որպես երևույթ ավելի ընդգրկուն է։ Ունի բառարանային գրանցում։

Ինչո՞ւ է նախապատվությունը տրվել այս բառին։ Մարդկային հարաբերություններին ուղղված մեր թարմ հայա՞ցքն է բնորոշում այն, մեր կարիք-ակնկալի՞քը դիմացինից, թե՞ այդ ամենամարդկային հատկանիշը կորցնելու վախը։ Գուցե բոլորը միասին։

Այնուամենայնիվ, մեծամասնության համար անցնող տարվա բառը ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄ-ն է։

Երկրորդ տեղում ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ բառն է (30%)։ Սա մենիմաստ բառ չէ, բայց մեզ համար այսօր այն նախ և առաջ նշանակում է պատերազմի, հակամարտության բացակայություն, և բնական է, որ շատերի հայացքը նրան է ուղղված։ Կարևոր է նաև մարդու ներքին խաղաղությունը։ Իսկ դրա համար այս բառի մյուս իմաստներն են պետք․ լռություն, հանդարտություն, անդորրություն, հաշտություն և այլն։

Երրորդ տեղում ՀԱՅԱՍԱԹ բառն է (7%)։ Հայասաթ-1-ը հայկական առաջին տիեզերական արբանյակն է։ Բառը ստեղծվել է հայ և լատիներեն ծագմամբ satelles` արբանյակ բառերից, որոնք միացել են ա հոդակապով։ Բնորոշում է մեր լավատեսությունը Հայաստանի գիտական ապագայի նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։