Ո՞վ է պատվիրատուն, ի՞նչ ճանապարհով են հողանմուշները երկրից դուրս բերվել. մասնագետները տարակուսած են
Աջակցիր «Ա1+»-ինԲնապահպանական խնդիրներով զբաղվող մի քանի հասարակական կազմակերպություն տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Հայաստանի քիմիական աղտոտվածության համաժողով են անցկացնում՝ բացահայտելու համար Հայաստանում հողերի արդյունաբերական աղտոտման խնդիրը:
Համաժողովին ներկայացվել է չեխական Arnika անունով կազմակերպություն, որի հետ համագործակցությամբ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում բնակիչներից, հողերից և ջրերից հավաքագրել են տվյալներ և հողային նմուշներ, դրանք ուսումնասիրել իրենց՝ չեխական կազմակերպության լաբորատորիաներում։
Հարցի շուրջ ցանկացանք պարզել, թե որքանո՞վ են մեր մասնագետները մասնակցել հետազոտություններին, ի՞նչ խնդիրներ կան և ի՞նչ աշխատանքներ են կատարվում այս ոլորտում:
Երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Առաքելյանը նշեց, որ տեղյակ չէ ուսումնասիրությունից՝ ոչ ինքը, ոչ էլ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), այդ թվում՝ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի գործընկերները համաժողովին մասնակցելու հրավեր չեն ստացել։
Մասնագետի համար տարակուսելի է, թե ի՞նչ ճանապարհով են հողանմուշները երկրից դուրս բերվել։
Ինչո՞ւ է Հայաստանում նման պատասխանատու հետազոտություն անում արտերկրի հասարակական կազմակերպություն։
Սամվել Առաքելյանի համար անհասկանալի է նաև, թե ովքե՞ր են այդ մասնագետները, ինչպե՞ս են նրանք կատարել նմուշառումները, ինչո՞ւ մինչև համաժողովը ստացված արդյունքները չեն ուղարկել և քննարկել ոլորտի մասնագետների հետ։
Դոցենտ Սուրեն Ներսեսյանը նշեց, որ լինելով ոլորտի մասնագետ, նույնպես տեղյակ չէ այդ համաժողովից, չի մասնակցել աշխատանքներին և որևէ նյութ չի ստացել։
Մասնագետը նշեց, որ չունի որևէ տեղեկություն, թե ինչպե՞ս և որտե՞ղ են հաշվարկվել ֆոնային պարունակությունները, երբ դրանք ունեն հատուկ որոշման երկրաքիմիական հիմք, հայտնի չէ նմուշների վերցման մեթոդաբանությունը, կա՞ արդյոք դա անելու լիցենզիա, սարքավորումներն ի՞նչ ստանդարտների են համապատասխանում, արդյո՞ք դրանք համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը։
Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարգիս Քելյանը նույնպես տեղյակ չէր, թե ոլորտի որ մասնագետների հետ են արտերկրի այդ փորձագետները համագործակցել Հայաստանում, թե՛ ինքը, թե՛ գիտահետազոտական գործունեություն ծավալող իր գործընկերները տեղյակ չեն և չեն մասնակցել ուսումնասիրություններին, որպեսզի կարողանան ասել, թե ինչ կարգի հետազոտություն է անցկացվել։
Տպավորություն է, թե սա հերթական փորձն է՝ մասնագիտական բարդ հարցերի շուրջ մոլորության մեջ գցել հանրությանը։ Որևէ երաշխիք չկա, որ նման հետազոտությունները չեն արվում ոչ բարեկամ երկրների ֆինանսավորմամբ և չեն օգտագործվելու հենց մեր երկրի դեմ:
Շրջակա միջավայրի մոնիտորինգի հարցերով զբաղվող տ․գ․թ., դոցենտ Հայկ Ակարմազյանը նշեց, որ նման վերլուծություն անելու համար անհրաժեշտ է ոչ թե երկու տարվա, այլ տարիների մոնիտորինգ և տեղեկատվություն աղտոտիչների ֆոնային կոնցենտրացիաների վերաբերյալ: Մակերեսային մոտեցում է՝ երկու տարվա տվյալ և փորձանմուշներ հավաքելով՝ Հայաստանի քիմիական աղտոտվածության վերաբերյալ եզրակացություններ անել, ինչն արդեն կասկածի տակ է դնում թե՛ արդյունքների հավաստիությունը, թե՛ պնդումների հիմնավորումները, թե՛ արվող վերլուծությունների համակողմանիությունը:
Մասնագետները նշեցին նաև, որ հայազգի հեղինակավոր ու վաստակաշատ գիտնականների հետ աշխատելու փոխարեն՝ Հայաստանի դեմ կռվելու համար զենք մատակարարող երկրի ֆինանսավորմամբ չեխական հասարակական կազմակերպությանն (ՀԿ) ապավինելը տարակուսելի օտարամոլություն է։ Անաչառությունը, օբյեկտիվությունն ու բազմակարծությունը, անշուշտ, խիստ կարևոր անհրաժեշտություն են բոլոր պարագաներում, սակայն երկրի համար ազգային ու ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում պետք է դրսևորել ողջամտություն և առաջնորդվել բարոյական չափանիշներով ու ակադեմիական հանրույթի դիրքորոշումները հաշվի առնել:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քիմիական ֆակուլտետի երկարամյա դեկան, տ․գ․թ․ պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը, ով այժմ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրենի տեղակալն է, նշեց, որ Պոլիտեխնիկի մասնագետները նույնպես ընդգրկված չեն եղել այս մոնիտորինգում. «Հաշվի առնելով, որ այդ խնդիրներով մենք զբաղվում ենք, ունենք տպագրված աշխատանքներ և որոշ հարցերի վերաբերող արտոնագրեր, ցանկալի կլիներ, որ կազմակերպիչները և չեխական փորձագետները ծանոթ լինեին մեր աշխատանքների և պրակտիկ առաջարկությունների հետ»։
Հարց է առաջանում՝ ո՞վ է Հայաստանի քիմիական աղտոտվածության համաժողովի Հայաստանում հողերի արդյունաբերական աղտոտման խնդիրները հետազոտողների «պատվիրատուն», և, ի վերջո, ի՞նչ խնդիր են նրանք լուծում մեր երկրում: Արդյո՞ք որևէ այլ երկրում օտարերկրյա ինչ-որ ՀԿ-ի թույլ կտային նման հետազոտություն անցկացնել, նման տվյալներ հավաքագրել՝ առանց տեղի մասնագետների կարծիքներն ու փորձը հաշվի առնելու:
Եթե իսկապես ազնիվ են նրանց մղումները, արդյոք ճիշտ չէ՞ր լինի՝ նման մասնագիտական հարցերը քննարկվեին ոլորտի մասնագետների հետ և ներգրավմամբ, ուսումնասիրությունների արդյունքները տրամադրվեին, որպեսզի կարողանային ներդրում ունենալ մեր երկրի շրջակա միջավայրի որակի բարելավման հարցերում: