Ալեքսանդր Գրիշչուկը գերադասեց ֆուտբոլը
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման թեկնածուներից մեկը` գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկը հետաքրքիր բացատրություն է տվել Լեւոն Արոնյանի հետ խաղացած վերջին ոչ-ոքու համար: Հիշեցնենք, որ նրանց միջեւ երեկ կայացած 4-րդ պարտիայում սպիտակներով խաղացող ռուսաստանցի շախմատիստը ոչ-ոքու առաջարկություն է արել արդեն 17-րդ քայլին:
«Իմ մարտավկաներն ասացին, որ եթե ցանկանում եմ դիտել ֆուտբոլի Անգլիայի առաջնության «Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի» հանդիպումը, ապա պետք է մրցակցին հաղթեմ մինչեւ ժամը 18:35-ին: Ես կատարեցի առաջադրանքս, բայց կիսով չափ, քանի որ ոչ-ոքի խաղացի»:
Ալեքսանդր Գրիշչուկը խոստովանել է, որ հիմարություն է սպիտակներով ոչ-ոքի առաջարկելը, սակայն միաժամանակ նշել է, որ այդ պահին հայ շախմատիստը առավելություն ուներ ժամանակի առումով: «Այդ պահին իմ դիրքն այնքան էլ նպաստավոր չէր, ուստի Լեւոնին առաջարկեցի խաղաղ դաշն կնքել, եւ նա ընդունեց այն», - եզրակացրել է Ալեքսանդր Գրիշչուկը:
Նշենք, որ հաղթողին որոշելու համար կողմերը պետք է անցկացնեն արագ շախմատի 4 պարտիա: