Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 14.12.
A A
Սպորտ

«Միլանը» օգնեց «ՊՍԺ»-ին, ապա դուրս մնաց փլեյ-օֆֆից. չեմպիոնների լիգա

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում ավարտվեց խմբային փուլը: Փլեյ-օֆֆի վերջին երկու ուղեգրերը նվաճեցին Փարիզի «ՊՍԺ»-ն ու «Պորտուն»:

Ֆրանսիայի չեմպիոնը վերջին խաղում ոչ-ոքի խաղաց Դորտմունդի «Բորուսիայի» հետ՝ 1:1, և վաստակեց 8 միավոր, այնքան, որքան իտալական «Միլանը», որն ընթացիկ տուրում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է անգլիական «Նյուքասլին»: Լրացուցիչ ցուցանիշներով 2-րդ տեղը զբաղեցրեց «ՊՍԺ»-ն, իսկ «Միլանը» ելույթները կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում: Ի դեպ, եթե անգլիական ակումբը հաղթեր «Միլանին», ապա միավորներով նույնպես կհավասարվեր «ՊՍԺ»-ին, սակայն լրացուցիչ հաշվարկով կգրավեր 2-րդ տեղը:

«Պորտուն» սեփական դաշտում ընդունեց իր հիմնական ախոյանին՝ Դոնեցկի «Շախտյորին»: Դաշտի տերերը բավական գոլառատ խաղում 5:3 հաշվով հաղթանակ տարան և նվաճեցին 1/8 եզրափակիչ փուլի վերջին ուղեգիրը, իսկ Ուկրաինայի չեմպիոնը պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայում:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլից հետո մրցաշարից վերջնականապես դուրս մնացին Թուրքիայի, Ավստրիայի, Շոտլանդիայի, Շվեյցարիայի, Սերբիայի, Ուկրաինայի և Բելգիայի ներկայացուցիչները: Սակայն, բոլորից շատ թիմեր կորցրել են Անգլիան ու Պորտուգալիան՝ հանձինս «Նյուքասլի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Բենֆիկայի» և «Բրագայի»: Մեկական կորուստ են կրել Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան, Նիդեռլանդները և Իտալիան:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին: Նույն երկրի և խմբի թիմերը չեն կարող հանդիպել այս փուլում: Հանդիպումները տեղի կունենա փետրվարի 13,14,20,21-ին և մարտի 5,6,12,13-ին: