Ինչու է «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը դժգոհ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ռուսաստանցի գործարար Արթուր Սողոմոնյանը կարծում է, որ հայկական ֆուտբոլում այժմ շատ են սկանդալներն ու խնդիրները։ Դրանում նա մեղադրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը։
«Առաջնության խաղերը վերջին ժամանակներին հիմնականում նշանակվում են աշխատանքային օրերին, վաղ ժամերին, որի պատճառով շատ ֆուտբոլասերներ չեն կարողանում ներկա լինել հանդիպումներին։ Բացի այդ, եվրոգավաթային խաղերը մենք և ևս երկու ակումբներ անցկացրինք Աբովյանում, այն դեպքում, երբ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում այդ ժամանակ հանդիպումներ չէին նախատեսված։ Իսկ երբ մենք պետք է ընդունեինք նորվեգական ակումբին արդեն Երևանում, մեզ զրկեցին մարզվելու հնարավորությունից, քանի որ նախօրեին Հայաստանի առաջնության խաղ էին նշանակել այդ մարզադաշտում։ Դրանից հետո ես հասկացա, որ ՀՖՖ-ն ամեն ինչ անում է «Փյունիկին» վնասելու համար։ Ելնելով ստեղծված իրավիճակից, եթե առաջիկա նախագահական ընտրություններում արմատական փոփոխություն տեղի չունենա ֆեդերացիայի ղեկավար կազմում, ապա գալիք մրցաշրջանում «Փյունիկի» երկու գլխավոր և 34 մանկապատանեկան թիմերը չեն մասնակցի Հայաստանի առաջնությանը», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Արթուր Սողոմոնյանը։
«Փյունիկի» սեփականատերն անդրադարձավ հայկական ֆուտբոլին վերաբերող բազմաթիվ հարցերին, պատասխանեց լրագրողների բոլոր հարցերին։ Միջանկյալ ելույթ ունեցավ նաև «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։