Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կառավարությունը մի շարք մեխանիզմների արդյունքում նախատեսում է լուծել զինծառայողների բնակարանային ապահովման հարցը (տեսանյութ)

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետի առաջարկով՝ ՀՀ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը։ «Այսօր դեկտեմբերի 7-ն է, լրանում է 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի տարելիցը, որին զոհ գնացին շուրջ 25 հազար մեր հայրենակիցներ։ Խնդրում եմ նախ մեկ րոպե լռությամբ հարգենք երկրաշարժի զոհերի հիշատակը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել Պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցներում՝ գումար ուղղվելով զինծառայողների արտոնյալ ու երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով պետական սուբսիդավորումների ֆինանսավորմանը: Վերաբաշխման ենթակա գումարը 760 միլիոն դրամ է, այն կատարվելու է 2023 թ. ՊՆ-ի խնայողությունների հաշվին: Ինչպես նշել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, 2023-ին առաջարկվել էր պետության կողմից վարկի կանխավճարը սահմանել հաստատուն թվով՝ 2,5 միլիոն դրամ՝ նախկինում վարկի 10 տոկոսի փոխարեն: Դրա միջինացված արժեքը կազմում էր 2 մլն 237 հազար 800 դրամ: Վարկի տոկոսների սուբսիդավորումը սահմանվել էր 5 տոկոս, նախկինի՝ 3 տոկոսի փոխարեն: «Կառավարության որոշմամբ սահմանված է, որ տարեկան 500 զինծառայող կարող է օգտվել նման հնարավորությունից, բայց որպես օրինակ նշեմ, որ այս տարի հայտ ներկայացրած 1111 զինծառայողներին Կառավարության որոշմամբ այդ հնարավորությունն ընձեռել ենք»,- ասել է Սուրեն Պապիկյանը:

 

Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Մենք նախկինում հետևյալ մեխանիզմն ունեինք, որ հիփոթեկային վարկով բնակարան ձեռք բերելու պարագայում աջակցություն էինք ցուցաբերում մեր զինվորականներին: Մեխանիզմն աշխատում էր

հետևյալ կերպ՝ զինծառայողները դիմում էին նախարարությանը, և բյուջեով հատկացված միջոցների շրջանակներում տեղի էր ունենում վիճակահանություն, և այդ վիճակահանության շրջանակներում մարդիկ ձեռք էին բերում բնակարան, և այդ աջակցությունն սկսում էր աշխատել: Հիմա արդեն երկրորդ տարին է մենք վիճակահանության հատվածը չենք անում: Իհարկե, բյուջեով նախատեսվածից ավելի շատ մարդիկ են դիմում բնակարան ձեռք բերելու համար, և մենք նայելով բյուջետային հնարավորությունները, վերաբաշխումների հնարավորությունները՝ բոլորի հայտը բավարարում ենք»:

 

Անդրադառնալով կարգավորումներով առաջարկվող փոփոխություններին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Երկու փոփոխություն ենք արել՝ նախկինում կանխավճարի մասով կապում էինք դա բնակարանի արժեքի հետ, ըստ էության՝ վարկի չափի հետ, հիմա տալիս ենք ֆիքսված գումար՝ 2.5 մլն դրամ: Եվ նախկինում մենք սուբսիդավորում էինք հիփոթեկային վարկի 3 տոկոսը, հիմա սուբսիդավորում ենք 5 տոկոսը»:

 

Արձագանքելով՝ Սուրեն Պապիկյանը նշել է. «Որոշումն ընդունվել է 2019 թվականին: 2020 թվականին այս ծրագրով բնակարան ձեռք է բերել 223 զինծառայող, 2021 թվականին՝ 249 զինծառայող, 2022 թվականին՝ 558 զինծառայող: Այս պահին ծրագրից օգտվել են շուրջ 1030 զինծառայող, որի մեջ չի մտնում 2023 թվականը»:

 

Վարչապետն ընդգծել է զինծառայողների ատեստավորման գործընթացի կարևորությունը և հավելել. «Քանի որ նաև զինծառայողների ատեստավորման գործընթաց է տեղի ունենում, և ատեստավորում անցած զինծառայողների ֆինանսական հնարավորությունները մեծանում են, մենք կանխատեսում ենք, որ այս ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը նույնպես կմեծանա: Ըստ էության, եթե մենք այս տեմպը կարողանանք պահել շատ շուտով կարձանագրենք, որ զինծառայողների բնակարանային ապահովվածության հարցը ոչ միայն լուծվել է, այլև մեխանիզմ է դրվել նաև հետագայի համար: Ուզում եմ հիշեցնել նաև, որ այս տարվանից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա նախորդ տարվանից ընդունված ուսանողները, կուրսանտները, ովքեր ծառայության կանցնեն Զինված ուժերում, արդեն կստանան բնակարան, այսինքն՝ ոչ թե հիփոթեկային վարկով, այլ կստանան բնակարան: Նաև այս բոլոր մեխանիզմներով մենք գործնականում մեր սպայական կազմի բնակարանային ապահովության հարցը կլուծենք»:

 

Վթարային շենքերում բնակվող թվով 38 ընտանիք նոր շենքում բնակարան է ստացել

 

Կառավարությունն ընդունել է «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» որոշում, որով առաջարկվում է վթարային շենքերում բնակվող թվով 38 ընտանիքների նոր շենքում հատկացնել բնակարաններ: 5 բնակարաններն առաջարկվում է տրամադրել 1988 թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքով Ապարան քաղաքում բնակելի տունը քանդված (կամ քանդման ենթակա) և նախկինում բնակարան չստացած ընտանիքներին ու Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին։ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան N 43 և Գարեգին Նժդեհի N 7 հասցեներում գտնվող վթարային շենքներում բնակվում են թվով 38 ընտանիքներ: Նշված ընտանիքների բնակարանային ապահովման հարցը լուծելու համար Ապարան քաղաքի Գարեգին

Նժդեհի N 36 հասցեում կառուցվել է նոր, թվով 43 բնակարան ունեցող բազմաբնակարան շենք:

 

Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, շենքի կառուցումն ավարտված է, շենքը հանձնված է Պետական գույքի կոմիտեի տնօրինությանը: Ըստ նախարարի՝ պետական միջոցները կազմել են շուրջ 682 միլիոն դրամ: Նախկին 2 շենքերը 38 բնակարան ունեին, այս պարագայում բնակարանների թիվը 43 է: Մակերեսային համեմատությամբ նախկին 2 շենքերի ընդհանուր մակերեսը 1800 քմ էր, նորինը՝ 2700, ինչը նշանակում է, որ գրեթե բոլոր սեփականատերերն իրենց նախկին բնակմակերեսից ավելի մեծ բնակմակերեսով բնակարաններ կստանան: «Եթե նախկինում բնակիչը 2 սենյակ ուներ, հիմա ևս երկու սենյակ կունենա, ուղղակի՝ մակերեսները մեծ: Հաշվի են առնվել նաև հաշմանդամություն ունեցողների կարիքները: Այս որոշման արդյունքում 43 ընտանիքի 118 անձի բնակարան կնվիրենք»,- ասել է նախարարը:

 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ նշել է, որ շահագործման կհանձնվի մեկ սենյականոց 16 բնակարան, երկու սենյականոց՝ 14 բնակարան, երեք սենյականոց՝ 12, չորս սենյականոց՝ 1 բնակարան:

 

Թեմայի համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վթարային շենքերը լիկվիդացնելու հետ կապված խնդիրներին. «Գիտեմ օրինակներ, երբ վթարային շենքի դիմաց մարդիկ բնակարան են սարքել, և ընտանիքի մի մասը մնացել է հին շենքում, մյուս մասը տեղափոխվել է նոր բնակարան, և պրոբլեմը մեզ համար մնացել է նույնը: Եվ մենք ահուդողով սպասում ենք, ասում ենք՝ բա որ մի բան եղավ, շենքը փլուզվեց և այլն: Հիմա երաշխավորե՞լ ենք, որ նոր բնակարանները բաշխելուց հետո հին բնակարաններում ոչ մի մարդ չի մնալու: Ընդ որում՝ սա պետք է արագ կազմակերպել և ժամանակացույցով, հստակ վթարային շենքը հողին հավասարեցնել»:

 

ՏԿԵ նախարարի խոսքով՝ նոր բնակարանի սեփականությունը վթարային շենքի բնակիչները ստանալու են, երբ հրաժարվեն հին բնակարանի սեփականությունից։ Ըստ նախարարի՝ գործընթացն ավարտելուց հետո երկու ամսում Ապարանում շենքերը կքանդվեն։ Վարչապետը հանձնարարել է տրամադրել կոնկրետ ժամկետներ՝ վթարային երկու շենքերը քանդելու վերաբերյալ:

 

Հաստատվել են ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թթ. զարգացման ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը

 

Կառավարությունը հաստատել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թթ. զարգացման ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը: Ըստ այդմ՝ սահմանվում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում ՀՀ պետական քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները, նկատի ունենալով դրանց կապը պետական և մասնավոր ոլորտների կարիքների, ինչպես նաև համաշխարհային զարգացման միտումների հետ: Ռազմավարության ընդունումը և դրանով պայմանավորված՝ հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը կնպաստեն երիտասարդ սերնդի առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, զանգվածային սպորտի զարգացմանը, ընտրած մարզաձևերում մարզական հերթափոխի պատրաստմանը, պարապողների մարզական ունակությունների կատարելագործմանը, ՀՀ հավաքականների

համալրմանը, միջազգային ասպարեզում վերջիններիս արդյունավետ մրցունակության ապահովմանը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ առողջ և կամքով ուժեղ երիտաuարդության ֆիզիկական պատրաuտականության ապահովմանը: Ըստ այդմ, նախատեսված է մինչև 2030 թ. ունենալ առնվազն 3 օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնությունների առնվազն 8 հաղթող, Եվրոպայի առաջնությունների առնվազն 15 հաղթող։ Ամրագրելով, որ միայն 2020-2022 թթ. Հայաստանի մարզիկները միջազգային մրցաշարերում նվաճել են 518 մեդալներ, նախատեսվում է առաջիկայում եռապատկել նվաճած արդյունքները: Ռազմավարական ուղղություններից է համայնքային մարզական-մշակութային կենտրոնների և ուսումնական հաստատությունների մարզական ենթակառույցների զարգացումը: Առաջարկվում է նախատեսել է ըստ տարիների հանրապետության մարզերում պարտադիր կառուցվող մարզահամալիրների ցանկը: Յուրաքանչյուր խոշորացված համայնքում մեկնարկել տիպային մարզակառույց, որը անպայման պետք է ներառի լողավազան և ֆիթնես սրահ։ Ընդ որում, նպատակահարմար է ունենալ տիպային մարզակառույցի նախագիծ, որը կարող է տեղակապվել և կառուցվել յուրաքանչյուր կոնկրետ տեղանքում։ Արդեն իսկ նախատեսվում է նման տիպային մարզակառույցների կառուցումը Բերդ և Եղեգնաձոր համայնքներում։ Բացի այդ յուրաքանչյուր մարզում ունենալ թեթև կոնստրուկցիաներով մարզադահլիճ, որը կնպաստի խաղային մարզաձևերի և զանգվածային սպորտի զարգացմանը։ Համայնքներում մարզական կենտրոնների կառուցումը պետք է հիմնվի մարզական տարբեր գործունեություններին վերաբերող ներկա և ապագա կարիքների ուսումնասիրությունների վրա՝ հաշվի առնելով ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական միտումները: Մարզակառույցները պետք է հարմարեցված լինեն հատուկ խմբերի, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին: Հարկ է խրախուսել այնպիսի մարզակառույցների կառուցումը, որոնք նույն հաջողությամբ կարող են օգտագործվել կամ պատվիրակվել կառավարման մասնավորին՝ նպաստելով պահպանման ծախսերի ինքնածածկմանը: Կառուցված, վերակառուցված, լուսավորված, կահավորված մարզահրապարակները և մարզակառույցները կարող են պայմանագրային կամ այլ հիմունքներով օգտագործվել նաև հանրակրթական և մարզադպրոցների, մարզական ֆեդերացիաների, ակումբների կողմից: Բնակչության բոլոր խմբերի համար պետք է ստեղծել ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու հավասար պայմաններ, այդ թվում՝ նախադպրոցական տարիքի բոլոր երեխաների և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար:

 

Ներկայացնելով հարցը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ սպորտի զարգացումը և հանրության շրջանում առողջ ֆիզիկական ակտիվության խրախուսումը ՀՀ կառավարության ծրագրի կարևոր առաջնահերթություններից է: Ըստ նրա՝ հենց դրա արդյունքն է, որ այսօր Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մեր մարզիկները նվաճել են 432 մեդալ, որը շուրջ 40 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ռեկորդային 307 մեդալն է:

 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է փաստաթղթի կարևորությունը և անդրադարձել ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում մեր մարզիկների գրանցած աննախադեպ արդյունքին՝ թիմային հաշվարկում երկրորդ տեղն են զբաղեցրել:

 

«16 հոգի էր ընդգրկված մեր հավաքականում, և 10 մեդալ ունեցանք՝ 4 ոսկի և ընդամենը 1 բրոնզ, մյուսներն արծաթ էին: Ուրախ եմ, որ նաև աղջիկներից ունեինք

մրցանակակիր: Իհարկե, նրանց մասնակցությունը շատ ավելի պետք է խրախուսել: Կարևոր է նաև, որ հավաքականի անդամները ներկայացնում էին տարբեր դպրոցներ, այդ թվում՝ մարզերից»,- մանրամասներ է ներկայացրել նախարարը և հավելել, որ այս ամենը հիմք է տալիս ասելու, որ բռնցքամարտում մեր հաջողությունները լինելու են շարունակական և ընդլայնվելու են:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկրում Եվրոպայի և Աշխարհի առաջնություններ անցկացնելու մոտեցումը նաև լրացուցիչ լիցք և խթան է մեր մարզիկների համար. «Կարծում եմ՝ այդ պրակտիկան պետք է շարունակել»:

 

Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով ոլորտի ֆինանսավորման հարցին, ընդգծել է, որ այստեղ փոփոխություններն էական են: 2018 թվականին սպորտին հատկացվել է 2,1 մլրդ դրամ, 2019 թ.-ին սպորտի ֆինանսավորման ավելի քան 60 տոկոս աճ է գրանցվել՝ 10,2 մլրդ դրամ ուղղելով: Սա նշանակում է, որ ավելի քան քառապատկել ենք 2018 թ. սպորտին հատկացված բյուջեն և էական ծախսեր են հատկացվել նաև կապիտալ ներդրումներ անելու համար:

 

Ըստ նախարարի՝ Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում Հայաստանի գրանցած արդյունքները նույնպես էական են: Եվ այսպես՝ 2018թ.-ին Հայաստանը նվաճել է 203 մեդալ, 2019թ.՝ 222, 2022 թ.՝ 307 մեդալ, ապա 2023-ին ռեկորդային էր՝ 432 մեդալ ու դեռ տարին չի վերջացել: Այսինքն՝ 2018-ի համեմատ 2023-ին մեդալների թիվը գրեթե կրկնապատկվել է:

 

Կանանց մեդալների մասով ևս աճ է գրանցվել 2018 թվականի համեմատությամբ: Այս տարվա 432 մեդալներից 25-ը կանայք են նվաճել: 2018-ին կանանց նվաճած մեդալների համամասնությունն եղել է 2,9 տոկոսը, այս տարի՝ 5,7 տոկոս:

 

Վարչապետը նշել է, որ ռազմավարությամբ նաև ընդգծել է երկու ուղղություն, որը նույնպես կարևորում է. «Առաջինը՝ կանանց սպորտի զարգացումը, և երկրորդը՝ մարզերում սպորտային ենթակառուցվածքների և սպորտի զարգացումը: Մնացած հատվածով էլ հասկանալիորեն տեմպը պետք է պահել»:

 

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ տեղեկացրել է, որ առաջիկա տարվա ընթացքում պետք է անդրադառնալ սպորտի ոլորտի ֆինանսավորման մոդելին՝ արդյունավետ ձևաչափը հասկանալու համար: «Դա պետք է արվի նրա համար, որպեսզի ֆինանսավորման մեխանիզմները իրականում նաև խթան հանդիսանան ոլորտի բարելավմանը»,-ասել է նախարարը:

 

Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է ծախսերի հաշվետվողականության թափանցիկության ապահովման կարևորությունը. «Մենք, ըստ էության, եռապատկում ենք սպորտի ֆինանսավորումը, բայց նաև մեզ համար շատ կարևոր է ունենալ պատկերացում և հաշվետվողականություն, թե գումարները ֆեդերացիաներն ինչպես են ծախսում: Դա շատ կարևոր է: Իհարկե, այստեղ կան որոշակի, այսպես ասած, պրակտիկաներ, որոնց հետ մենք բացարձակապես համաձայն չենք, որովհետև եթե Կառավարությունը վարում է քաղաքականություն, պետք է հնարավորություն ունենա տեսնել իր վարած քաղաքականությունների իրագործման որակը, պետք է պատկերացում ունենա դրա վերաբերյալ, և միայն մեդալները դրա համար բավարար չեն:

Մենք այսպես, թե այնպես ունենք պայմանագրային հարաբերություններ, այդ պայմանագրային հարաբերություններում ավելի մեծ տեղ պետք է հատկացնենք և ուշադրություն դարձնենք թափանցիկությանը»:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ Կառավարությունը պետական բյուջեով գումարներ է հատկացնում որոշակի նվաճումների հասած մարզիկներին, ինչը նույնպես կարևոր է. «Մենք այսօր մարզիկներ ունենք, որոնք իրենց նվաճումների շնորհիվ, օրինակ՝ ամիսը 1 մլն դրամ, 700 հազար դրամ, 500 հազար դրամ, 200 հազար դրամ ամենամսյա աջակցություն են ստանում Կառավարությունից: Այսինքն՝ սա խթանում է, որպեսզի պրոֆեսիոնալ մարզիկներն ավելի շատ ժամանակ հատկացնեն մարզումներին»:

 

Գործադիրը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունված որոշումներից մեկով լրացուցիչ գումար՝ 17843.9 հազար դրամ, կհատկացվի մինչև 2023 թ. տարեվերջ սպորտային նպաստի տրամադրման համար: Ըստ հիմնավորման՝ Փարիզ-2024 օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու նպատակով բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին ու մերսողներին 2022 թվականի հունիսի 1-ից սկսած ամեն ամիս տրամադրվում է սպորտային նպաստ: Հաշվի առնելով 2023 թ. ընթացքում մարզիկների ցուցաբերած բարձր արդյունքները՝ անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ գումար հատկացնել: Ելնելով ցուցաբերած նոր արդյունքներից, տարվա ընթացքում նպաստի շահառուների ցուցակը ենթարկվել է փոփոխության և սպորտային նպաստի շահառու են հանդիսացել հոկտեմբեր ամսին առավելագույնը՝ թվով 107 մարզիկ, 88 անձնական մարզիչ, 50 հավաքականի մարզիչ, բժիշկ և մերսող:

 

Վայոց ձորը նոր մարզպետ ունի

 

Կառավարության որոշմամբ Արարատ Գրիգորյանն ազատվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ էլ մարզի Վայոց ձորի մարզպետ է նշանակվել Կոլյա Միքաելյանը:

 

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Արարատ Գրիգորյանին կատարած աշխատանքի համար: Նորանշանակ մարզպետը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Շարունակելու եմ կոչել կյանքի կոչել Կառավարության բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են մարզի զարգացմանը»:

 

Կառավարությունը շարունակում է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության տրամադրումը

 

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ: Որոշման շրջանակում նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100000 քաղաքացիների 6 ամիս ժամկետով (2023 թ. հոկտեմբերից մինչև 2024 թ. մարտը ներառյալ) սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 40000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար: Որոշման շահառու հանդիսացող շուրջ 41500 անձանց նոյեմբեր

ամսվա սոցիալական աջակցության գումարը (40000+10000) տրամադրելու համար պետբյուջեից կհատկացվի 2,075,000,000 դրամ:

 

Մեկ այլ որոշմամբ էլ պետբյուջեից կհատկացվի 1,705,850,000 դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված՝ շահառու հանդիսացող 37000 անձանց նոյեմբեր ամսվա սոցիալական աջակցության գումարը՝ 50000 դրամ, տրամադրելու համար:

 

Գործադիրը փոփոխություններ է կատարել միանվագ դրամական սոցիալական աջակցության շահառու հանդիսացող անձանց առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության տրամադրման կարգում: Ըստ այդմ՝ առաջարկվում են կարգավորումներ, որոնք կբացառեն շահառուի՝ իրենից անկախ պատճառներով սոցիալական աջակցության գումարը չստանալը: Մասնավորապես առաջարկվում է, եթե աջակցություն ստանալու դիմումը մերժվում է տվյալները 100000 դրամ միանվագ դրամական աջակցության միջոցառման շահառուների ցուցակում առկա չլինելու հիմքով, ապա 2023 թ. ընթացքում նոր դիմում ներկայացնելու և հաստատվելու դեպքում աջակցության գումարը շահառուին վճարել չստացած ամսվանից, իսկ եթե դիմումը մերժվել է ՀՀ-ից բացակայելու հիմքով և ներկայացվել է նոր դիմում, որը հաստատվել է, ապա ամսական դրամական աջակցությունը վճարել նաև նախորդ ամսվա համար՝ ՀՀ-ից 10 օրից պակաս բացակայելու դեպքում:

 

Կբարելավվի ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացը

 

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի կիրարկման գործընթացի արդյունավետության շարունակական բարելավումն ապահովելու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ համապատասխան պետական մարմնի սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը, ինչպես նաև հատուցման հիմնադրամը ինքնաշխատ եղանակով ստանում է նաև՝ շահառուների հաշմանդամության վերաբերյալ տեղեկատվությունը` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, օրենքի համապատասխան կետերի կիրարկումն ապահովող` տեղեկատվությանը: Բացի այդ, նախատեսվում է սահմանել, որ ստանում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածի մասին տեղեկատվությունը` դրոշմանիշային վճարի գումարներն օրենքով սահմանված անձանց վերադարձնելու նպատակով: Սահմանվում է, որ հիմնադրամը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրում է տեղեկատվություն՝ կենսաթոշակ նշանակելու և ընտանիքների կարիքները գնահատելու համար: Այն ուժի մեջ է մտնում 2024 թ. մարտի 1-ից՝ հաշվի առնելով տեղեկատվության փոխանակման համար անհրաժեշտ՝ ծրագրային ապահովում մշակելու և ներդնելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը։ Արդյունքում՝ կընդլայնվի ինքնաշխատ եղանակով ստացվող տվյալների շրջանակը, կբարելավվի հիմնադրամի կողմից հատուցման գումարների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ կենսաթոշակների նշանակման և վճարման, ինչպես նաև ընտանիքների կարիքները գնահատելու գործընթացների արդյունավետությունը՝ նվազագույնի հասցվելով պատահական և միտումնավոր սխալների հավանականությունը:

 

Կբարձրացվի պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով իրականացվող ներդրումային ծրագրերի մրցութային գործընթացների արդյունավետությունը

 

Կառավարությունը մի շարք փոփոխություններ և լրացումներ է կատարել պետություն-մասնավոր գործընկերությամբ (ՊՄԳ) ներդրումային ծրագրերի պատրաստման և իրականացման ընթացակարգում՝ վերջինս արդիականացնելու և գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Առաջարկվող փոփոխությունների ու լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է ՊՄԳ ընթացակարգի կիրարկման ընթացքում ի հայտ եկած խոչընդոտների, ՊՄԳ ծրագրերի վերհանման և պատրաստման, դրանց հաստատման, մասնավոր գործընկերոջ ընտրության և ծրագրերի կառավարման փուլերում առաջացող որոշակի ռիսկերի վերացմամբ։ Ըստ այդմ՝ քանի որ հնարավոր է լինեն ՊՄԳ ծրագրեր, որոնք հաստատված կլինեն ՀՀ վարչապետի կողմից ձևավորված՝ ոլորտային խորհրդակցական մարմնի կողմից, և որոնց մշակումը չի իրականացվի պետական կամ համայնքային բյուջեների միջոցների հաշվին, հարկ է համարվել նախատեսել կարգավորում, համաձայն որի վերոհիշյալ դեպքերում, ծրագրերի պատրաստման մասին ՀՀ կառավարության որոշում չի պահանջվի։ ՊՄԳ ձևաչափով իրականացվող ծրագրերի շրջանակում կազմակերպվող մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին ենթադրվում է, որ կարող են մասնակցել միջազգային ընկերություններ: Հետևաբար, մի շարք ընդունելի դեպքերում առաջարկվել է վերացնել փաստաթղթերի՝ հայերեն նոտարական վավերացման ներկայացնելու պահանջը։ Միևնույն ժամանակ, նախատեսվում են կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս մասնակիցների կողմից մրցութային փաստաթղթերը ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ անվտանգության պատշաճ մակարդակի ապահովմամբ, որի մեխանիզմները պետք է հստակ նկարագրվեն մրցույթի հայտարարությամբ։

 

Կստեղծվեն բարենպաստ պայմաններ ներդրումային ծրագրի շրջանակում ընկերություններին անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիության համար

 

Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերություններին անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիության համար առավել բարենպաստ դաշտի ու պայմանների ստեղծմամբ, ենթակառուցվածքների կառուցման ժամկետները և պայմանները դյուրինացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման՝ ներկայումս ՀՀ-ում ենթակառուցվածքների զարգացման աստիճանը, չնայած վերջին տարիներին աճող տեմպերին, շարունակում է ներդրումային միջավայրի գրավիչ լինելու տեսանկյունից մնալ ցածր։ ՀՀ կառավարությունը, կարևորություն տալով ներդրումային միջավայրի բարելավմանը և կառավարման համակարգի զարգացմանը և կատարելագործմանը, նպատակ ունի ենթակառուցվածքների ստեղծման ու զարգացման։ Մասնավորապես՝ նախատեսվում է, որ ՀՀ կառավարությունը տրամադրում է օժանդակություն ներդրումային ծրագրի իրականացման համար նախատեսված տարածքն անհրաժեշտ ենթակառուցվածքով ապահովման համար փաստացի կատարված ծախսերի փոխհատուցման ճանապարհով, ինչը թույլ կտա պետական միջոցներն օգտագործել ավելի արդյունավետ։ Հստակեցվել են որոշմամբ ներկայացված տնտեսական գործունեության տեսակները՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության տնտեսության ոլորտում ռազմավարական առաջնահերթություններն ու գերակա ոլորտները։ Որոշմամբ նախատեսվել է նաև, որ ներդրումների ծավալի

հաշվարկի համար հիմք է ընդունվում միջոցառմամբ սահմանված պայմանագրի կնքումից հետո ներդրումային ծրագրի իրականացման համար կատարված ներդրումների արժեքը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման միջոցով աջակցություն տրամադրել ներդրողներին՝ ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու նպատակով։ Առաջարկվող կարգավորումներով, մասնավորապես, տրամադրվող օժանդակության արժեքը չի կարող գերազանցել կառուցվող ենթակառուցվածքի արժեքի 70 տոկոսը և ոչ ավելի, քան միջոցառմամբ սահմանված՝ մինչև 500 մլն դրամ ներդրումային ծրագրի իրականացման համար՝ ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 10 տոկոսը, 500 մլն դրամ և ավելի ներդրումային ծրագրի իրականացման համար՝ 20 տոկոսը և այլն: Բանկային երաշխիքի պահանջը հանվել է, քանի որ պետության կողմից փոխհատուցումն իրականացվում է շահառուի կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքի կառուցումից և ներդրումային ծրագրի իրականացման ավարտից հետո, ուստի դրա անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ ծրագիրը իրականացնում և ենթակառուցվածքները ստեղծում է նույն կազմակերպությունը։

 

Ինդոնեզիան ներառվել է ՀՀ պետական սահմանին ՀՀ մուտքի վիզա ստանալու իրավունք ունենալու պետությունների ցանկում

 

Կառավարության որոշմամբ առաջարկվում է ՀՀ պետական սահմանին ՀՀ մուտքի վիզա ստանալու իրավունք ունենալու պետությունների ցանկում ավելացնել նաև Ինդոնեզիան, քանի որ Հայաստանի Հանրապետության և Ինդոնեզիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա հնարավորություն տալ երկու երկրների քաղաքացիներին մուտքի վիզա ստանալ ըստ ժամանման՝ պետական սահմանի անցակետում։ Ըստ հիմնավորման՝ ներկայումս Ինդոնեզիայի քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ միայն ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում, ինչպես նաև E-VISA համակարգի միջոցով։ Բացի այդ, Ինդոնեզիայի այն քաղաքացիները, ովքեր ունեն ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի Դաշնության, Ճապոնիայի, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ կամ վավեր մուտքի վիզա՝ ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ ՀՀ պետական սահմանի անցման կետերում։ Բացի այդ, նախագծով առաջարկվում է ցանկից հանել Պանաման, քանի որ ՀՀ համապատասխան որոշմամբ, փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ Պանամայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ 2023 թ. սեպտեմբերի 8-ից։

 

Երևանում գտնվող պետական գույքը կօտարվի դասական աճուրդով

 

Կառավարության որոշմամբ թույլատրվել է պետական սեփականություն հանդիսացող, ք. Երևան, Նոր Նորք, Ար. Միկոյան փողոց 16/5 հասցեում գտնվող անշարժ գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը՝ օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա Գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 468 700 000 դրամ։ Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի

մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 73 435 000 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է Գույքի վաճառքի գնի մաս և Գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է ՀՀ պետական բյուջե։ Նախատեսվում է նաև, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երկու աճուրդ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։

 

Գործադիրն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշում, որով նախատեսվում է պետական սեփականություն հանդիսացող Լոռու մարզի Ստեփանավանի Ս. Նշանի փողոց 17 հասցեում գտնվող գանձապետարանի շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը նվիրաբերել համայնքին՝ որպես գրադարանի մասնաշենք շահագործելու նպատակով։

 

Այլ որոշումներ

 

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է Ազգային ժողովին դեկտեմբերի 12-ին ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

 

Գործադիրը բավարարել է «Մետալ ուորլդ» ՍՊԸ-ի հայտը՝ մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսում է օգտագործել թիթեղյա տարաների արտադրության համար։ Ծրագիրն իրականացվելու է Երևանում՝ իրականացնելով 140 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակ նախատեսվում է ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ մինչև 250,000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 140 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 11.2 մլն դրամ։

 

Կառավարությունը հաստատել է կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը: Արդյունքում առաջին հերթին կապահովվի «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների կիրարկումը, կստեղծվի ազգային ֆիլմերի վիճակագրական հաշվառման էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն կտա ողջ տեղեկատվության հավաքագրման համար: Ազգային ֆիլմի փաստաթղթերը, այդ թվում՝ ֆիլմի հիմնանյութերն ու ֆիլմի բնօրինակը կհանձնվեն մշտական պահպանության՝ Ազգային մարմին և Ազգային արխիվ, ապահովելով Ազգային ֆիլմերի պահպանության, հեղինակային իրավունքի ու հարակից իրավունքների պաշտպանության և կինոժառանգության հանրային օգտագործման կազմակերպման հնարավորությունները: