Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ Պաշտոնական

2023 թվականի ընթացքում ՀՀ մարզիկները նվաճել են 426 մեդալ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարության նախագիծը:

 

Մինչ նախագծի քննարկմանն անցնելը, վարչապետն անդրադարձել է վերջին տարիներին սպորտի ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության ակտիվացմանը: «Նախնական տպավորությամբ, գոնե 2022 և 2021 թվականների արդյունքներով, մենք, կարծես թե, տեսնում ենք, որ սպորտի ոլորտում միջազգային հարթակներում մեր մարզիկներն առավել մեծ հաջողություններ են ունենում, և այդ առումով մեր վարած քաղաքականությանը շատ կոնկրետ և շոշափելի արձագանք ենք տեսնում: Նախորդ տարի արձանագրել էինք, որ աննախադեպ թվով մեդալներ են նվաճել մեր մարզիկները միջազգային հարթակներում»,- նշել է վարչապետը և հետաքրքրվել, թե այս տարվա վիճակագրությունն ինչպիսին է, որը, ըստ նրա, կարևոր բազային տեղեկատվություն է ռազմավարության քննարկման համար:

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը ներկայացրել է, որ նախորդ տարի ռեկորդային էր ցուցանիշը, քանի որ տարվա արդյունքներով գրանցվել էր 307 մեդալ, որը 30 տոկոսով ավելին էր, քան մինչև այդ գրանցված ամենաբարձր արդյունքը: Ժաննա Անդրեասյանի խոսքով, սակայն, այս տարի արդեն գրանցվել է 426 մեդալ, որը 37 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա ռեկորդային արդյունքը. 315 մեդալ՝ Եվրոպայի առաջնություններում և 111 մեդալ՝ աշխարհի առաջնություններում: ԿԳՄՍ նախարարը հավելել է, որ այս տարվա ցուցանիշը դեռ կավելանա, քանի որ այս օրերին անցկացվող Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ անցած վեց մարզիկներն առնվազն արծաթե կամ ոսկե մեդալակիր են դառնալու:

 

Ժաննա Անդրեասյանի խոսքով, այս ցուցանիշները սպորտի բնագավառում կառավարության կարևոր քաղաքականության և շարունակական աջակցության

հետևանք է: Ընդգծելով այս տարի Հայաստանում անցկացված միջազգային խոշոր մրցաշարերի կարևորությունը՝ ԿԳՄՍ նախարարը նշել է. «Այս տարի մենք արդեն հյուրընկալել ենք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, սամբոյի մեծահասակների Աշխարհի առաջնությունը: Ինչպես նշեցի, հենց այս օրերին բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Աշխարհի առաջնությունն է անցկացվում: Ընդհանուր առմամբ, մենք ունեցել ենք ավելի քան 2200 մարզիկներ, որոնք այս տարի առաջնություններին մասնակցելու համար այցելել են Հայաստան, և սա նույնպես ցույց է տալիս, որ սպորտի ոլորտում մեր աշխատանքներն իրենց արդյունքներն ունենում են»:

 

Նիկոլ Փաշինյանը նաև հետաքրքրվել է, թե ինչպիսին է Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում առաջընթացի վիճակագրությունն առանձին-առանձին, ինչին ի պատասխան ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է, որ 2021թ. աշխարհի առաջնություններում, ընդհանուր առմամբ, գրանցվել է 49 մեդալ, իսկ այս տարի՝ 111 մեդալ: 2021-ին Եվրոպայի առաջնություններում գրանցվել է 150 մեդալ, իսկ այս տարվա արդյունքներով՝ 315 մեդալ: «Առանձին վարվում է վիճակագրություն, թե քանի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներ ենք գրանցել: Այս տարվա արդյունքներով ունենք 117 ոսկե, 118 արծաթե և 191 բրոնզե մեդալ: Համեմատության համար, նախորդ տարի գրանցել էինք 104 ոսկե, 70 արծաթե և 133 բրոնզե մեդալ: Այսինքն, ինչպես տեսնում եք, թե՛ ընդհանուր առմամբ մեդալների թիվն է ավելացել և թե՛ նաև մեդալների հարգը: Այսինքն՝ ոսկե և արծաթե մեդալները նույնպես իրենց կշռով ավելի շատ են»,- հավելել է Ժաննա Անդրեասյանը:

 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր հերթին նշել է, որ մեդալներ են գրանցվել նաև այնպիսի մարզաձևերից, որտեղ կամ առաջին անգամ է մեդալ գրանցվում կամ էլ վաղուց մեդալ չի գրանցվել, օրինակ՝ սուսերամարտ, սպորտային պարեր, թաեքվոնդո, ձյուդո: Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ առաջընթաց կա նաև այն առումով, որ մեդալները գրանցվում են տարբեր տարիքային խմբերում. «Օրինակ, երբ խոսում ենք մարմնամարզության, ըմբշամարտի և մյուս սպորտաձևերի հաջողության մասին, շատ կարևոր է, որ թե՛ պատանիների, թե՛ երիտասարդների, թե՛ մեծահասակների թիմերում արդյունքներ կան, ինչը նշանակում է, որ կա նաև շարունակականություն, և նաև վաղվա թիմերը նույնպես այդ արդյունքները շարունակելու են»։

 

Վարչապետն անդրադարձել է նաև դպրոցներում սպորտային դահլիճների կառուցմանը և նշել, որ վերջին տվյալների համաձայն, մինչև տարեվերջ մոտ 15 սպորտային դահլիճներ են շահագործման հանձնվելու այն դպրոցներում, որտեղ նախկինում դրանք չեն գործել։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է դասաժամերից դուրս մոդուլային դպրոցների ենթակառուցվածքների տրամադրումը սպորտային խմբերի պարապմունքների համար և ընդգծել, որ վարձակալության առաջին պայմանագրերն արդեն կան: «Նաև շատ կարևոր եմ համարում հանրակրթության չափորոշչի մեջ ֆիզկուլտուրայի դասերի հետ կապված կրեդիտային համակարգի ներդրումը. երբ, այսպես ասած, ֆիզկուլտուրայի դասերը և երեխաների մարզական նախասիրություններն իրար չենք հակադրի, ընդհակառակը՝ իրար կլրացնեն։ Եթե մեկը պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու նպատակադրում ունի, կարող է ֆիզկուլտուրայի համար նախատեսված դասաժամերն օգտագործել իր մարզաձևում լրացուցիչ

մարզումներ իրականացնելու համար։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր տեղեկատվություն է»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանում անցկացվող մրցումների արդյունքում որոշ ֆեդերացիաներ դիմում են առաջնությունները Հայաստանում անցկացնելու նպատակով։ «Սա նշանակում է, որ Հայաստանը նաև մարզական քարտեզի վրա իր ուրույն տեղն է ձեռք բերում, և սա էլ է շատ կարևոր այդ միջազգային մրցաշարներն ընդունելու առումով»,- նշել է Արայիկ Հարությունյանը։

Այս թեմայի համատեքստում Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ բարձր մակարդակով անցկացված միջազգային մրցաշարերը նաև երկրի միջազգային հանրահռչակման առումով են կարևոր։ «Ես համարում եմ, որ Հայաստանում Եվրոպայի առաջնություններ անցկացնելը շատ լավ ներդրում է և՛ երկրի միջազգային հեղինակության բարձրացման, և՛ ֆիզկուլտուրայի և սպորտի հանրահռչակման, և՛ տուրիստական հոսքեր, տնտեսական առումով, ապահովելու համար»,- ընդգծել է վարչապետը։ Կարեն Գիլոյանն այս առումով նշել է, որ երկու տարում Աշխարհի, Եվրոպայի առաջնությունների տարբեր տարիքային խմբերի 6 մրցում է անցկացվել, և մոտավորապես 220 միլիոն մարդ է դիտել այդ մրցումները տարբեր հարթակներում:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ երեկ Եվրոպայի մարմնամարզության ֆեդերացիայի և Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի միջև ստորագրվել է 2027 թվականի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու վերաբերյալ պայմանագիր և հավելել. «Այսինքն՝ պայմանագիրն արդեն կա, և մենք հաջորդ տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերն ընդունելու հայտ ենք ներկայացնելու Փարիզում, որտեղ արդեն վերջնական որոշում է կայացվելու»։

Հաջորդիվ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարության գլխավոր նպատակները, որոնք են՝ ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպն ազգային կենսակերպ դարձնելը և Հայաստանի Հանրապետությունը սպորտային բարձր նվաճումների երկիր դարձնելը: Ներկայացվել են նաև այդ նպատակներին հասնելու քայլերն ու ակնկալվող արդյունքները:

 

Նախագծի շուրջ ծավալվել է քննարկում, արծարծվել են ռազմավարության նպատակների իրագործմանն առնչվող հարցեր, ներկայացվել են առաջարկություններ, դիտարկումներ ոլորտի զարգացման հիմնական ուղղությունների և դրանցից բխող միջոցառումների վերաբերյալ:

 

Վարչապետը կարևորել է սպորտի զարգացման ուղղությամբ թիրախավորված և շարունակական աշխատանքը՝ ընդգծելով, որ այն Հայաստանի կառավարության ռազմավարական ուղղություններից է: