«ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է աշխարհի լավագույն ճոպանուղին
Աջակցիր «Ա1+»-ին«ՏաԹևեր» ճոպանուղին արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավորներից համարվող միջազգային մրցանակի՝ World Travel Awards-ի: Հայկական ճոպանուղին հաղթել է մրցույթում՝ մրցակցելով Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և ՀԱՀ-ի ճոպանուղիների հետ և ճանաչվել լավագույնը: 2023 թ․ դեկտեմբերի 1-ին Դուբայում տեղի է ունեցել World Travel Awards հեղինակավոր միջազգային մրցանակի հաղթողների 30-րդ մրցանակաբաշխությունը։ Բաց քվեարկության արդյունքում «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում առաջին տեղն է զբաղեցրել «ՏաԹևեր»-ը: Արարողության ժամանակ պատվավոր մրցանակն ստացել է Դավիթ Վարդանյանը՝ «ՏաԹևեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի որդին: World Travel Awards մրցանակաբաշխությունը հաճախ անվանում են «Զբոսաշրջային Օսկար»։ Այն հիմնադրվել է 1993 թ-ին և այդ ժամանակից ի վեր ծառայել է որպես ճանապարհորդության և հյուրընկալության ոլորտում կարևոր նվաճումների չափանիշ: «ՏաԹևեր» ճոպանուղին արդեն 2-րդ անգամ է ճանաչվել աշխարհի լավագույն ճոպանուղի. 1-ին մրցանակն այս նախագիծը Հայաստանին բերել էր 2021 թ-ին:
«Հայրս իր ողջ կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն: Նա իրականացրել է բազմաթիվ բարեգործական, սոցիալական, կրթական, ենթակառուցվածքային խոշոր ծրագրեր, որոնք փոխել են մարդկանց կյանքի որակը ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Դեպի միջնադարյան հրաշալի վանական համալիր տանող աշխարհի ամենաերկար՝ «ՏաԹևեր» ճոպանուղու նախագիծը դրա վառ օրինակներից է: Այն մեծ ազդեցություն է ունեցել ինչպես տարածաշրջանի զարգացման վրա՝ դարձնելով այն զբոսաշրջային տեսանկյունից գրավիչ, այնպես էլ զգալիորեն բարելավել է տեղի բնակչության կյանքի որակը: Այս մրցանակը հայրս պետք է ստանար, բայց, ինչպես գիտեք, նա և տասնյակ հայեր քաղաքական դրդապատճառներով ապօրինի ձերբակալվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից և գտնվում են Բաքվի բանտում: Հուսով եմ՝ հաջորդ մրցանակը նա անձամբ կստանա»,- ասել է Դավիթ Վարդանյանը: «Մեր ամբողջ թիմի համար մեծ պատիվ է երկրորդ անգամ ստանալ նման հեղինակավոր միջազգային ճանաչում։ Մեր աշխատանքում ձգտում ենք մարդկանց համար բացահայտել Տաթևը և նրանց պարգևել բացառիկ տպավորություններ: Այս մրցանակն ամրապնդում է Հայաստանի՝ որպես զբոսաշրջային առաջատար ուղղության կարգավիճակը և կարևոր դեր ունի երկրի, մասնավորապես, Տաթևի՝ միջազգային զբոսաշրջային ասպարեզում առաջխաղացման գործում», - մրցանակի արդյունքները մեկնաբանել է ճոպանուղին կառավարող Impulse Business Management ընկերության տնօրեն Մարիա Բուտենկոն:
Տասներեք տարվա ընթացքում «ՏաԹևեր» է այցելել ավելի քան 1 միլիոն մարդ: Հայաստան այցելող յուրաքանչյուր 5-րդ զբոսաշրջիկ իր ծրագրում ընդգրկում է ճոպանուղին, ինչի շնորհիվ զբոսաշրջային հոսքը դեպի Սյունիքի մարզ 2010 թ-ի համեմատ աճել է 17 անգամ:
«ՏաԹևեր» ճոպանուղին ճանապարհորդների համար բացում է Հայաստանի նախկինում անհասանելի անկյունները և բարձրացնում երկրի ճանաչելիությունը: Այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղի (5752 մետր): Այնտեղ գրանցվել է նաև հայկական օդային ուղու ևս մեկ ձեռքբերում՝ որպես նման մասշտաբային ինժեներական կառույցի համար ամենակարճ շինարարության ժամկետ (10 ամիս)։ «ՏաԹևերի» շինարարությունն իրականացրել է ճոպանուղիների շինարարության ոլորտի առաջատար ավստրո-շվեյցարական Doppelmayr/Garaventa ընկերությունը: Ամեն տարի «ՏաԹևեր» ճոպանուղին հաջողությամբ անցնում է անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխան ստուգում: Ծրագիրն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում: Ճոպանուղին շահույթ չհետապնդող նախագիծ է, որից ստացված ողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանական համալիրի վերականգնմանը և համայնքի զարգացմանը: «ՏաԹևերը» կառավարում է Impulse Business Management ընկերությունը։