Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչ է առաջարկվում վրացական համարներով մեքենաների վարորդներին. կառավարությունը որոշում կայացրեց (տեսանյութ)

Վրաստանից կամ ԵՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար 2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։Համապատասխան նախագիծը քննարկվեց Կառավարության նոյեմբերի 30-ի նիստում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում շատ մեծ տեմպերով աճում են վրացական համարանիշներով մեքենաները։ «Ես դրա համար սկզբնական շրջանում շատ եմ ուրախացել՝ մտածելով, որ Վրաստանից Հայաստան այցելությունների թիվն արագ տեմպերով ավելանում է, հետո, երբ վիճակագրությունն ավելի խորն ենք ուսումնասիրել, պարզել ենք, որ հարցն ուրիշ տեղ է, պարզվել է, որ ՀՀ քաղաքացիները ավտոմեքենա ձեռք բերելիս ձևակերպում են շատ դեպքերում ժամանակավոր ներմուծում ու վրացական համարներով երթևեկում են Հայաստանում, ու դա անում են, որ Հայաստանում մեքենաները չմաքսազերծեն»,- նշեց նա։ Վարչապետի խոսքով՝ այս դեպքում խնդիր կա, քանի որ մեքենայի համարանիշը պետականության ատրիբուտ է։ «Մենք կարծում ենք, որ այս իրավիճակն այսպես շարունակել չի կարելի»,- ընդգծեց Փաշինյանը։ Ըստ նախագծի՝ դեպոզիտային հաշվին քաղաքացին պետք է փոխանցի իր ներմուծած ավտոմեքենայի մաքսատուրքի և հարկերի չափով գումար։ «2023 թվականի տվյալներով՝ Հայաստանի Հանրապետության ժամանակավոր ներմուծված և չվերաարտահանված ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրի դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների քանակը կազմում է շուրջ 9000, որոնց համար միասնական դրույքաչափերով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի հաշվարկային գնահատված մեծությունը կազմում է շուրջ 44.3 մլրդ. դրամ, եթե այդ տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության նպատակով ստանային մաքսային ձևակերպում։ Մասնավորապես, մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների քանակը կազմում է շուրջ 1200, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների քանակը՝ շուրջ 7800։ Այդ տրանսպորտային միջոցներն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց կողմից մաքսային ձևակերպում կատարելու պարագայում մինչև 5 տարեկան ավտոմեքենաների մասով կարող է գանձվել շուրջ 7.8 մլրդ. դրամ, իսկ 5 տարեկանից բարձր ավտոմեքենաների գծով՝ շուրջ 36.5 մլրդ. դրամ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։ Նշվում է, որ գումարը կվերադարձվի, երբ մեքենան ՀՀ-ում ժամանակավոր ներմուծումից դուրս հանվի, այսինքն՝ վերադարձվի այն երկիր, որտեղ գրանցվել է։