Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ԱՄՆ-ում փորձում են կարգավորել արհեստական բանականության միջոցով ստեղծված քաղաքական գովազդի կիրառումը (տեսանյութ)

2024 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ընդառաջ և բուռն քարոզարշավի ընթացքում` որոշ թեկնածուներ դիմում են արհեստական բանականությանը՝ գովազդային հոլովակներ ստեղծելու նպատակով:

Տեսանյութը, որը հրապարակվել է Հանրապետական ազգային կոմիտեի «YouTube»-ի էջում, ստեղծվել է արհեստական բանականության (AI) օգնությամբ և պատկերում է պայթյուններ Թայվանում, ԱՄՆ հարավային սահմանը հատող միգրանտներին, ինչպես նաև տանկեր ու զրահատեխնիկա` Սան Ֆրանցիսկոյի փողոցներում: Ոչ մեկն իրական չէ:

Դեռ ավելին՝ «Never Back Down» կոմիտեի տեսանյութում լսվում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ձայնը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Թրամփի խոսքերը «ստացվել» են սոցիալական ցանցերում նրա գրառումներիի օգնությամբ, որոնք հնչեցվել են նրա ձայնով՝ արհեստական բանականության միջոցով:

Հոկտեմբերի կեսերին «Google»-ը, որին պատկանում է «YouTube»-ը, հանդես եկավ հայտարարությամբ, թե կպահանջի օգտատերերից, ովքեր հրապարակում են արհեստական բանականության միջոցով ստեղծված նյութեր, հստակ նշել այդ մասին:

Մարկ Գրժեգորժևսկին Էմբրի-Ռիդլ ավիացիոն համալսարանի անվտանգության ուսումնասիրությունների և միջազգային հարաբերությունների ամբիոնի ասիստենտ է:

«Գովազդներում արհեստական բանականության օգտագործումը զգալիորեն նվազեցնում է դրանց ինքնարժեքը, և այն հասանելի դարձնում բոլորին, ովքեր ունեն կրեդիտ-քարտ: Նման գովազդները, համացանցում հայտնվելուց հետո, կայծակնային արագությամբ տարածվում են»,- ասում է Գրժեգորժևսկին:

Թեկնածուներից ոմանք պնդում են, որ արհեստական բանականության միջոցով ստեղծված գովազդը կարող է ազդել ամերիկացի ընտրողների վրա:

«Հաշվի առնելով նախորդ երկու ընտրությունների ժամանակ ձայների չնչին տարբերությունը՝ ընտրողների այդ 6%-ի թիրախավորումը կարող է ազդել ընտրությունների ելքի վրա: Հատկապես, եթե անեք այն, ինչ արեց «Cambridge Analytica»-ն՝ միկրոթիրախավորեք ընտրողներին»,- նշում է Գրժեգորժևսկին:

Այս ամենի ֆոնին՝ ԱՄՆ պետական մարմիններն արդեն փորձում են կարգավորել արհեսատական բանականության կողմից ստեղծված նյութերի կիրառումը: Վիսկոնսինում օրենսդիրները ցանկանում են, որպեսզի քաղաքական գործիչները, քաղաքական տարաբնույթ կազմակերպությունները բացահայտեն, երբ իրենց քարոզարշավներում օգտագործում են արհեստական բանականության միջոցով ստեղծված աուդիո, վիդեո նյութեր: Եթե օրինագիծն ընդունվի, ապա օրենքի խախտումը կհանգեցնի հազար դոլար տուգանքի։

Սպասվում է, որ նմանատիպ քայլեր կիրականացվեն Միչիգանում՝ ասում է նահանգի Ներկայացուցիչների տան դեմոկրատ անդամ Պենելոպա Ցեռնոգլուն։

«Կարևոր է տեղեկացնել ընտրողներին, երբ դուք օգտագործում եք արհեստական բանականություն։ Հատկապես, եթե այն օգտագործում է ոչ իրական պատկեր ստեղծելու համար»,- ընդգծում է Ցեռնոգլուն:

ԱՄՆ սենատոր Էմի Կլոբուչարը կոչ է անում նմանատիպ՝ կարգավորող միջոցներ ձեռնարկել դաշնային մակարդակում: Հոկտեմբերին նա դիմեց սոցմեդիայի հսկաներին՝ «Meta»-ին և «X»-ին՝ առաջարկելով պարզաբանել, թե ինչպես են կարգավորելու արհեստական բանականության կողմից ստեղծված քաղաքական նյութերի գործածումը իրենց հարթակներում:

«Քանի որ մոտենում ենք 2024 թվականի ընտրություններին, դիմում ենք ձեզ՝ խորը մտահոգություն հայտնելու ձեր հարթակներում քաղաքական քարոզարշավների ժամանակ կիրառվող և արհեստական բանականության միջոցով ստեղծած նյութերի կիրառման առնչությամբ։ Խնդրում ենք, տեղեկացնեել ձեր ջանքերի մասին՝ մեր ազատ և արդար ընտրությունների դեմ ուղղված այդ սպառնալիքները չեզոքացնելու համար»,- հայտարարել է սենատոր Կլոբուչարը:

Արձագանքելով՝ այս նոյեմբերի 6-ին «Meta»-ն արգելեց գովազդատուներին իր հարթակում օգտագործել արհեսատական բանականության գործիքները:

«X»-ը (նախկինում` «Twitter»-ը), այս պահին չունի մշակված քաղաքականություն այս հարցում, չնայած ԱՄՆ-ում նախագահական քարոզարշավի բուռն ընթացքին։