Մեր ֆուտբոլիստները պատմություն կերտելու հնարավորություն ունեն. Ալեքսանդր Պետրակով
Աջակցիր «Ա1+»-ինԵվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան - Ուելս հանդիպումանն ընդառաջ «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
«Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս, շատ լավ են ընդունել, շատ հյուրընկալ են: Համագործակցությունը տղաների հետ ստացվում է, ես ամեն ինչից գոհ եմ։ Խաղից առաջ կա թեթևակի հուզմունք, բայց շատ լավ եմ պատրաստվել: Ամեն ինչ վաղը փորձելու եմ անել, որպեսզի ուրախացնեմ մեր երկրպագուներին։
Ուելսը բավականին ուժեղ թիմ ունի, գրեթե բոլոր ֆուտբոլիստները ներկայացնում են Անգլիայի Պրեմիեր լիգան կամ Չեմպիոնշիփը: Մեզ երկու եզրափակիչ է սպասվում, բայց առաջին խաղն Ուելսի հավաքականի դեմ է, բոլորս կենտրոնացած ենք հենց այդ խաղի վրա։ Հետո կմտածենք Խորվաթիայի հավաքականի դեմ հանդիպման մասին», - ասել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը։
Ալեքսանդր Պետրոկովը
Խորեն Բայրամյանին և Տիգրան Բարսեղյանին թիմ չհրավիրելու մասին.
«Խորեն Բայրամյանը նախկինում հրավիրվել է հավաքական: Առաջին հավաքին որոշակի անհանգստություններ ուներ և լքել էր հավաքականը, սակայն 3 օր հետո նա խաղացել էր «Ռոստովի» կազմում, իսկ երկրորդ հավաքին վնասվածք էր ստացել մարզման ժամանակ, սակայն չծանոթանալով բժշկական հետազոտության արդյունքներին, ինքնակամ մեկնել էր Ռոստով։
Տիգրան Բարսեղյանը որպես փորձառու ֆուտբոլիստ պետք է օժտված լինի երեք հատկանիշներով՝ հարց լուծի խաղադաշտում, օրինակ ծառայի երիտասարդ ֆուտբոլիստներին, օգուտ տա հավաքականին: Ես նախորդ հավաքի ընթացքում դրանք չեմ տեսել»։
Լատվիայից կրած պարտության մասին.
«Առավոտյան նախավարժանքի ժամանակ նկատել էի, որ ֆուտբոլիստներն ուրախ էին և կատակում էին, ինչն ինձ այնքան էլ դուր չէր եկել, քանի որ ես ֆուտբոլիստներից հավաքվածություն և կենտրոնացում էի ակնկալում։ Բացի դրանից, այնտեղ անմիջականորեն մարզադաշտում խնդիրներ կային, քանի որ սկզբից մարզման համար մեզ խաղադաշտ չէին տրամադրում, իսկ հետո արդեն չէին թողնում անցկացնել նախավարժանքները։ Եվս մեկ բաղկացուցիչ, որ նկատել եմ խաղից հետո, այն էր, որ ֆուտբոլիստները դաշտից դուրս են եկել սպիտակ մարզաշապիկներով և գրեթե որևէ մեկը կեղտոտված չի եղել: Այսինքն՝ այնքան էլ լավ չենք պայքարել ու զիջել ենք մենապայքարներում: Այդ իսկ պատճառով էլ պարտվել ենք»։
Վաղվա խաղի մասին.
«Ուելսի հավաքականի դեմ խաղի հետ կապված ես ֆուտբոլիստներին ասել եմ, որ այդ խաղով իրենք հնարավորություն ունեն պատմություն կերտելու, որովհետև խաղում են սեփական հարկի տակ, երկրպագուների աջակցությամբ և ունեն հնարավորություն փորձելու նվաճելու Եվրոպայի առաջնության ուղեգիր։ Սա պետք է լինի նրանց գլխավոր մոտիվացիան, և ես հուսով եմ, որ վաղվա խաղում այդպես էլ կլինի և կփորձենք հաղթել մենապայքարները, այնպես էլ ամբողջ խաղը»։
Հիշեցնենք, որ Հայաստան – Ուելս ընտրական խաղը կկայանա նոյեմբերի 18-ին, ժամը 18-00-ին: