Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+evro (1)
A A
Սպորտ

Լեհաստանի, Մոլդովայի, Իսրայելի, Ղազախստանի, Չեռնոգորիայի և Հայաստանի վերջին շանսը. Եվրո-2024

Այսօր կմեկնարկի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 9-րդ տուրը:

Առաջիկա խաղերը մեծ նշանակություն ունեն հատկապես այն թիմերի համար, որոնք դեռ շանս ունեն մտնելու եզրափակիչ փուլ, սակայն միաժամանակ իրավունք չունեն կորցնելու միավորներ: Նման կարգավիճակում են գտնվում Լեհաստանի, Մոլդովայի, Իսրայելի, Ղազախստանի, Չեռնոգորիայի և Հայաստանի հավաքականները:

Լեհ ֆուտբոլիստներն եթե այս տուրում չկարողանան հաղթել Չեխիային, ապա այլևս չեն կարող անցնել 2-րդ տեղում գտնվող նույն չեխերին: Այդ խմբում հանդես եկող Մոլդովան միայն առաջատար Ալբանիային հաղթելու դեպքում կարող է հավակնել եզրափակիչ ուղեգրի:

Ղազախստանի հավաքականը չնայած 4 միավորով ետ է մնում իր խմբի երկու առաջատարներից՝ Դանիայից ու Սլովենիայից, սակայն դեռ շանս ունի պայքարելու 2-րդ տեղի համար, քանի որ վերջինները խաղալու են իրար հետ, ուստի նրանցից մեկը, կամ երկուսը միասին վերցրած, միավոր են կորցնելու:

Իսրայելի հավաքականը նույնպես 4 միավորով ետ է մնում խմբի երկու առաջատարներից՝ Շվեյցարիայից և Ռումինիայից: Այս տուրում իսրայելցիները հանդիպելու են ռումինացիների հետ: Նրանք միայն հաղթանակի դեպքում կպահպանեն եզրափակիչ փուլ մտնելու վերջին հնարավորությունը:

Չեռնոգորիայի հավաքականը թեև 5 միավորով ետ է մնում 2-րդ տեղում ընթացող Սերբիայից, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել: Լիտվային հաղթելու դեպքում չեռնոգորցիները դեռ տեսականորեն կարող են առաջ անցնել սերբերից:

Հայաստանի հավաքականն ընդհանրապես սայթաքելու իրավունք չունի, քանի որ իր առաջիկա մրցակցից՝ Ուելսից, ետ է մնում 3 միավորով: Հաղթանակի դեպքում մերոնք կհավասարվեն 2-րդ տեղում գտնվող ուելսցիներին և անձնական խաղերով կշրջանցեն նրանց: Վերջին տուրում Հայաստանի հավաքականը հանդիպելու է Խորվաթիայի հետ, որը նույնպես պայքարում է 2-րդ տեղի համար:

Ելնելով սույն հանգամանքներից, այսօր նախատեսված խաղերից սկզբունքային է Չեռնոգորիա – Լիտվա հանդիպումը: Վաղը կարևոր նշանակություն ունեն Մոլդովա – Ալբանիա, Լեհաստան – Չեխիա, Ղազախստան – Սան Մարինո հանդիպումները, իսկ նոյեմբերի 18-ին՝ Հայաստան – Ուելս և Իսրայել – Ռումինիա խաղերը: