Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 16-ին, ընդունել է ՄԱԿ-ի ճշմարտության խթանման, արդարադատության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խրախուսման հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի Հատուկ ընթացակարգերի բաժնի մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչին։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղություններն ու առաջնահերթությունները։ Այս համատեքստում նա ընդգծել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը: Պաշտպանը նշել է, որ այդ երևույթներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն տարածում են գտնում, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։ Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից:

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Պաշտպանը հատուկ անդրադարձել է անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հետ կապված հարցեր:

Իրենց հերթին Ֆաբիան Սալվիոլին և Բրենդա Վուկովիչը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։