ՀՀ վարչապետն անդրադարձել է պաշտոնական Բաքվի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջան» թեզին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողով»-ի շրջանակում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մասնակցել է «Համագործակցությունը մրցակցության պայմաններում, խաղաղության կերտում և ավելի ապահով աշխարհի կառուցում» թեմայով պանելային քննարկմանը:
Վարչապետը ելույթ է ունեցել, այնուհետև պատասխանել է պանելային քննարկման մոդերատորի և հանդիսատեսի հարցերին:
Մոդերատոր, «Մոնտեին ինստիտուտ»-ի հատուկ խորհրդական Միշել Դյուկլոզ - Վարչապետ Փաշինյան, կարծում եմ` Գրանադայի հանդիպման բաց թողնված հնարավորությունը Ձեզ հիասթափեցրել է։ Որոշ մարդիկ ասում են, որ Եվրոպական առաջնորդները, այդ թվում իհարկե Ֆրանսիան, սխալ են գործել, օրինակ` Թուրքիային կամ այլոց չհրավիրելով։ Ինչպե՞ս եք գնահատում Գրանադայում տեղի ունեցածը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալություն։ Գիտեք, փաստն այն է, որ Գրանադայի հանդիպումն ու դրա ֆորմատը համաձայնեցվել էր դեռևս 2023 թ.-ի հուլիսի 15-ին` Բրյուսելում։ Հետևաբար, այստեղ մեկ շաբաթ, կամ տասն օր, կամ նույնիսկ մեկ ամիս առաջվա պլանավորման հարց չէր։
Մենք երեքս՝ նախագահ Միշելը, նախագահ Ալիևը և ես, համաձայնության էինք հասել դրա մասին, և մենք նախնական համաձայնություն ունեինք Գրանադայի հանդիպման ֆորմատի վերաբերյալ, ինչը կարծեմ` տեղի էր ունեցել հունիսին։ Այնտեղ տեղի ունեցավ առաջին հնգակողմ հանդիպումը, և նախնական համաձայնության հասանք, որ հաջորդ հնգակողմ հանդիպումը տեղի կունենա: Շատ կարևոր հանգամանք է, որ մասնակիցների ցանկն այդտեղ որոշվել էր, և դրանից հետո` հուլիսի 15-ին, մենք վերահաստատեցինք դա Բրյուսելում։
Իմիջիայլոց, դրա մասին հրապարակայնորեն հայտարարվել էր։ Մենք չգիտեինք, ինձ տեղյակ չէին պահել, որ կա այլ օրակարգ, քանի որ երբ մենք նախապատրաստվում էինք Գրանադայի հանդիպմանը, ընկալումն այնպիսին էր, որ ամեն ինչ համաձայնեցված է։ Գրանադայի հանդիպմանը մասնակցելուց Ադրբեջանի նախագահի հրաժարվելը, կարծում եմ, կապված չէր այլ հանգամանքների հետ, դա ընդամենն արդեն իսկ համաձայնեցված հարցի հասցեագրման խնդիր էր։
Մոդերատոր, «Մոնտեին ինստիտուտ»-ի հատուկ խորհրդական Միշել Դյուկլոզ - Ըստ Ձեզ, Իրանն ունի՞ հատուկ ծրագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդրի վերաբերյալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք գիտենք, որ Իրանը հստակ ասել է, որ աջակցում է խաղաղության գործընթացին ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության սկզբունքների հիման վրա։ Ի դեպ, սրանք այն սկզբունքներն են, որոնց մասին ես նշել եմ իմ ներածական խոսքում։ Եվ այս սկզբունքերին համաձայնություն է տրվել նաև Բրյուսելյան եռակողմ հանդիպման ժամանակ։
Իմիջիայլոց, Գրանադայի հանդիպման իմաստն այն էր, որպեսզի վերահաստատվեն արդեն իսկ համաձայնեցված սկզբունքները։ Սա շատ կարևոր է։ Տեսեք, հիմա շատ մարդիկ քննարկում են, փորձում են գնահատել խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Չկա որևէ չափազանցություն, եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, դա կնշանակի, որ աշխատանքի 70 տոկոսն արված է։ Հիմա ամենակարևոր նյուանսն այն է, թե արդյոք Ադրբեջանը կվերահաստատի այն, ինչն արդեն Բրյուսելում համաձայնեցվել է մեր բանակցությունների ընթացքում, որոնք տեղ են գտել Շառլ Միշելի հրապարակային հայտարարություններում։
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևա - Շնորհակալություն։ Ես Ադրբեջանի դեսպանն եմ Ֆրանսիայում։ Ուզում եմ ողջունել բանախոսներին, և Ձեզ՝ վարողին։ Կցանկանայի անդրադառնալ այն հարցին, ինչին Դուք, հարգելի վարող, անդրադարձաք։ Ֆրանսիան անհանգստացած է այսպես կոչված սպառնալիքից, որ Ադրբեջանը կարող է լարել Հայաստանի դեմ։ Թույլ տվեք շեշտել, որ այս մտավախությունը բացարձակապես անհիմն է, որովհետև այն, ինչ Ադրբեջանն արել է մինչ այժմ, դա իր ինքնիշխանությունը վերահաստատելն է եղել իր տարածքի նկատմամբ, ինչը, ի դեպ, ճանաչված է միջազգային հանրության կողմից։
Այսպիսով, փաստացի, մենք ստացել ենք այն, ինչը պատկանել է Ադրբեջանին միջազգային օրենքի ներքո։ Եվ ինչպես Ադրբեջանն արդեն հայտարարել է և վերահաստատել` մենք հետաքրքրված ենք խաղաղությամբ։ Մենք ոչ միայն հետաքրքրված ենք, Ադրբեջանը նաև նախաձեռնել է հարաբերությունների կարգավորում Հայաստանի հետ անմիջապես 2020թ.-ի պատերազմի ավարտից հետո։
Եվ իհարկե, Ադրբեջանն աջակցում է ուղղակի երկխոսությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ ես նաև կուզենայի անդրադառնալ Գրանադայի հանդիպմանը և Ադրբեջանի դիրքորոշմանն այդ հանդիպման վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահը հստակ նշել է, որ Գրանադայի հանդիպման նախորդ օրը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն այցելեց Հայաստան և հայտարարեց Հայաստանին զինելու, զենք ուղարկելու որոշման մասին։ Սա իսկապե՞ս միտված էր խաղաղությանը և հարաբերությունների կարգավորմանը։ Զինելով Հայաստանին, զինելով ռևանշիստական գաղափարախոսություն ունեցող երկրին։ Մյուս կողմից, Ֆրանսիան պատրաստվում էր մասնակցել հանդիպմանը որպես միջնորդ։ Այսպիսով, երկիրը, որը հրապարակայնորեն կողմերից մեկին է աջակցում, և հրապարակայնորեն հայտարարում է զենք ուղարկելու որոշման մասին, և պնդում է, որ միջնորդ է։ Մյուս կողմից, առաջնորդները մերժեցին Թուրքիայի նախագահի մասնակցությունը։ Ադրբեջանը հրապարակային տվել է այս
բացատրությունը։ Եվ ես կուզենայի կրկնել Ադրբեջանի դիրքորոշումը, որը հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հարատև խաղաղության վերականգման մասին է։ Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը խաղաղության պայմանագրի մասով այն է, որ այդ պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի վրա, միջազգայնորեն ճանաչված սահմանների ճանաչման վրա, և տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանության ճանաչման վրա։ Շնորհակալություն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք լսեցինք Ադրբեջանի մտադրությունների մասին, ինչը ես դրական եմ համարում։ Բայց մյուս կողմից ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից աճող հռետորաբանության վրա, որով Հայաստանի Հանրապետությունն անվանվում է «Արևմտյան Ադրբեջան»։ Սա շատ մտահոգիչ ուղերձ է, և շատ կարևոր է, որ այս խոսույթը հովանավորվում է կառավարության կողմից։ Բայց կա մի շատ պարզ հարց` չկա հավելյալ փաստարկների կարիք։ Եթե Ադրբեջանը վերահաստատի այն երեք սկզբունքները, որոնց շուրջ մենք համաձայնության ենք հասել Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ, դա կնշանակի, որ մենք կարող ենք շարունակել առաջ գնալ։
Կուզենայի անդրադառնալ Ֆրանսիայի ու Հայաստանի հետ կապված հարցին։ Յուրաքանչյուր ինքնիշխան երկիր հնարավորություն ունի ունենալ բանակ և ձեռք բերել զենքեր և այլն, և այլն։
-Յուրաքանչյուր երկիր ունի իրեն պաշտպանելու իրավունք։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, ես ասացի հնարավորություն, ես պետք է ասեի իրավունք։ Ադրբեջանը նույնպես գնում է հսկայական քանակի զենքեր։ Ադրբեջանի զենք ձեռք բերելու բյուջեն երեք անգամ ավելին է Հայաստանի համեմատ։ Բայց, ընդհանուր առմամբ, իմ հիմնական ուղերձն այն է, ինչի մասին արդեն ասացի, եթե Ադրբեջանը վերահաստատի այն երեք սկզբունքները, որոնք արդեն համաձայնեցված են` դա կնշանակի մոտակա ամիսներին խաղաղության պայմանագրի կնքումն Ադրբեջանի հետ առավել քան իրատեսական կլինի։ Եկեք առաջ շարժվենք։
Հարց – Հարցս ուղղում եմ ձեզ երկուսին։ Իսրայելի պատերազմը Համասի դեմ նվազեցնում է ուշադրությունն Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների, և ընդհանրապես, Արևելյան Եվրոպայի և դրանից անդին տեղի ունեցող զարգացումների նկատմամբ։ Արդյոք մտավախություն ունե՞ք, որ Կովկասում պատերազմներն այդ ուշադրությունից դուրս են մնում և որ ԵՄ ընդլայնման գործընթացը կարող է աստիճանաբար նվազել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Առաջին հերթին ցանկանում եմ ողջունել ԵՄ Հանձնաժողովի որոշումը, որով առաջարկվում է Եվրոպական խորհրդին թեկնածուի կարգավիճակ շնորհել Վրաստանին։ Սա շատ կարևոր է։ Ես հիմա չեմ շնորհավորի վարչապետ Ղարիբաշվիլիին, ես պաշտոնապես կշնորհավորեմ, երբ Եվրոպական խորհուրդը որոշում կկայացնի։ Կարծում ենք` սա շատ կարևոր գործընթաց է, և մենք շատ ուշադիր հետևում ենք զարգացումներին: Մենք հույս ունենք և մաղթում ենք ամենայն հաջողություն Վրաստանին այս ճանապարհին։
Դժբախտաբար, ինչպես վարչապետ Ղարիբաշվիլին ասաց, մենք աշխարհում ունենք բազմաթիվ կոնֆլիկտներ, և մեր միասնական խնդիրն է` շարունակել աշխատել հասցեագրելու բոլոր կոնֆլիկտները՝ հասկանալով, որ դա հեշտ բան չէ։ Եթե դա հեշտ լիներ, վաղուց լուծված կլիներ։ Դժբախտաբար, հիմա մենք մի իրավիճակում ենք, երբ ինքներս...: Մեր անձնական և քաղաքական պարտականությունն է` հասցեագրել կոնֆլիկտը և անել առավելագույնը հաջողության հասնելու համար։