Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_038A9482
A A
Հասարակություն

ԿԳՄՍ նախարարությունը դպրոց չհաճախողներին հայտնաբերելու նոր կարգ է մշակել

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոր կարգ է մշակել՝ հայտնաբերելու կրթությունից դուրս մնացած երեխաներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը:

«Մենք ունենք արդեն իսկ հաստատված կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման կարգ: Նախորդ կարգում խնդիրներ կային: Այդ խնդիրների ուսումնասիրության արդյունքում աբողջովին խմբագրել ենք կարգը, որն արդեն կառավարության որոշմամբ հաստատվել է: Այն  հնարավորություն է տալու միջգերատեսչական համագործակցության միջոցով ապահովել իրավիճակ, որով որևէ երեխա կրթությունից դուրս չի մնա»,- ընդգծեց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ համեմատվելու են կրթության կառավարման տեղեկատվական համակարգում եղած երեխաների թիվը Հայաստանի տվյալ տարիքի երեխաների և միգրացիայի ծառայության տրամադրած` երկրից դուրս գտնվող երեխաների տվյալների հետ: 

«Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում մեր երկրի բոլոր դպորցներում սովորող երեխաների տվյալներն ունենք: Տարեկան երկու անգամ՝ սեպտեմբեր և հունվար ամիսներին, մենք վերցնելու ենք մեր երկրի տվյալ տարիքի բոլոր երեխաների թիվըէ համեմատելու դպրոցում սովորող երեխաների տվյալների, միգրացիայի ծառայության տրամադրած երեխաների տվյալների հետ, որոնք երկրից դուրս են, և ունենալու ենք կրթությունից դուրս մնացած երեխաների հստակ տվյալներ: Քանի որ ունենք այդ երեխաների հասցեները, համապատասխան աշխատանքներ են իրականացվելու, որ այս երեխաները հայտնաբերվեն»,- մանրամասնեց Սվաջյանը:

 Փոխնախարարը խոսեց նաև դպրոցներում գրանցված, սակայն հաճախ բացակայող երեխաների մասին՝ ընգծելով, որ նրանք ռիսկի տակ են: Նա տեղեկացրեց, որ եթե երեխան 6 օր անընդմեջ բացակայում է դպրոցից և ոչ մի հիմնավոր պատճառաբանություն չի ներկայացնում, դպրոցը հայտ է բացում, որն ուղղում է երեխայի պաշտպանություն առաջին օղակին: Համայնքն արդեն ուսումնասիրություն է անցկացնում՝ բացակայությունների պատճառը հասկանալու և համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով: