Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ժաննա Անդրեասյան
A A
Հասարակություն

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել Գիտության համաշխարհային օրվա առթիվ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ

Սիրելի՛ գիտնականներ, գիտաշխատողներ, գիտական ոլորտի նվիրյալներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ, որը հայտարարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից` հանուն խաղաղության և զարգացման:

Ժամանակակից աշխարհի մարտահրավերները և մարդկության պատմության հետահայաց վերլուծությունը ևս մեկ անգամ հաստատում են, որ կայուն տնտեսության, անվտանգության և հասարակության թռիչքային զարգացման հիմնական գրավականը նոր գիտելիքն է, գիտատեխնիկական գործունեության արդյունքը: Սահմանափակ բնական ռեսուրսներով և անբարենպաստ աշխարհաքաղաքական դիրքով երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, զարգացած գիտությունն ու նոր տեխնոլոգիաները պարզապես կենսական անհրաժեշտություն են:

Այսօր ՀՀ կառավարությունը ջանք չի խնայում զարգացնելու գիտական ոլորտը՝ կրթական տարբեր մակարդակներից մինչև գիտական լուրջ նվաճումներ: ՀՀ դպրոցները շարունակաբար համալրվում են լաբորատորիաներով՝ գիտական կյանքի նկատմամբ աշակերտների հետաքրքրությունները խթանելու, ոլորտն առավել գրավիչ դարձնելու և նոր հեռանկարներ ստեղծելու նպատակով: Գիտության ոլորտի աշխատողների վարձատրության համակարգը վերջին տարիներին էականորեն բարելավվել է, և այս գործընթացը շարունակական է: Մեր գիտական կազմակերպություններն ու բուհերը պետական աջակցությամբ հագեցվում են նոր սարքավորումներով, ինչը հայ գիտական համայնքը համաշխարհային նվաճումների սահմանին մոտեցնելու ևս մի քայլ է:

Սիրելի՛ գիտնականներ, առանձնակի ցանկանում եմ ընդգծել ձեր կարևորագույն դերակատարումը հասարակական մտքի զարգացման, տնտեսական ու ռազմական ոլորտներում նոր արդյունքների գրանցման, ինչպես նաև միջազգային մակարդակում մրցունակ երկիր դառնալու առումներով:

 

Հայաստանի Հանրապետության գիտական հանրությանը մաղթում եմ, որ ամենահամարձակ և հավակնոտ գաղափարները իրականություն դառնան՝ հանուն մեր երկրի խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման:

Շնորհակալություն ձեր գործունեության, ներդրած ջանքերի և նվիրումի համար:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ