«Սև ուրբաթ»-ին ընդառաջ․ զեղչերի վերաբերյալ խորհուրդներ բիզնեսին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայկական շուկայում զեղչերի սահմանման մասով որոշակի մոլորեցման դրսևորումներ կան: Այս մասին՝ «Սև ուրբաթ»-ին ընդառաջ զեղչերի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը:
Ըստ նրա՝ դիտակումները ցույց են տվել, որ շատ ցեեպքերում սեւ ուրբաթների ժամանակ գնային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ շատ դեպքերում գինը արհեստական բարձրացրել են՝ ապրանքի վրա սահմանելով զեղչ։
«Նաև կան դեպքեր, երբ ապրանքի իրացումը խթանելու նպատակով առաջարկվում էր փաթեթային որոշակի նվեր, բայց պարզվում էր, որ նվերի գինը ևս ներառվում է ապրանքի գնի մեջ»,-ասաց Տիգրան Մարկոսյանը:
Այս եւ նմանատիպ խնդիրներին լուծում տալու նպատակով իրականացվել են օրենսդրական կարգավորումներ: 2022 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ մտած՝ «Առեւտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում առկա են մի շարք կարգավորումներ, որոնց պետք է հետևեն տնտեսվարողները:
Սահմանվել է, որ զեղչի կիրառումը գնահատվում է ոչ թե զեղչի նախորդ օրվա գնի համեմատ, այլ նախորդող մեկ ամսվա միջին գնի համեմատ. «Վաճառքի գնից պետք է տեսանելի լինի ոչ թե մտքում պահած կամ բարձրացրած գինը, այլ միջին գինը: Այսինքն սպառողի համար երկրորդ ջնջված գինը պետք է լինի այդ հաշվարկած միջին գինը: Զեղչը կարող է տևել ոչ ավել, քան երեք ամիս: Բացի այդ, տնտեսվարող սուբյեկտը զեղչի մասին իրազեկման համար պարտավոր է ներկայացնել, թե ինչ տեսակի ակցիա է իրականացնում, դա ինչ ապրանքների շրջանակի է վերաբերում, պետք է նշի ժամկետները ակցիայի, նաև պայմանները: Ոչ թե գնաք խանութ, պարզվի, որ պետք է X քանակի գնում անեք, նոր ձեզ համար զեղչ կիրառվի»,- նշում է նա:
Տիգրան Մարկոսյանը ընդգծեց, որ օրենքով սահմանված պահանջները խախտելու դեպքում տնտեսվարողը կարող է տուգանվել նախորդ տարվա հասույթի 5%-ի չափով. որը որոշ դեպքերում մեծ գումար է կազմում:
Նշենք, որ այս տարի նոյեմբերի 24-ին ողջ աշխարհում կմեկնարկի «Սև ուրբաթը»` ակցիա, որով ազդարարվում են սուրբծննդյան և ամանորյա զեղչերի մեկնարկը։