Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Միգուցե Ադրբեջանը խաղաղության խաչմերո՞ւկ դառնա․ Օսկանյան (տեսանյութ)

 ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձել է իշխանության կողմից շրջանառության մեջ դրված «խաղաղության խաչմերուկին»։

«Օրերս էլ լրահոսից իմացա, որ արտաքին գործերի նախարարն ասել է, որ շուտով լավ լուր կստանանք հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված։ Հարց է ծագում, թե ինչի՞ հաշվին է լինելու այդ խաղաղությունը, ինչի՞ հաշվին է բացվելու հայ-թուրքական սահմանը։ Ի հաշիվ նրա, որ մենք Արցախը դատարկել ու սկուտեղի վրա նվիրել ենք Ադրբեջանի՞ն, ի հաշիվ նրա, որ միգուցե կտանք միջա՞նցք Ադրբեջանին ու Թուրքիային։ Միգուցե ի հաշիվ նրա, որ կվերադարձնենք անկլավնե՞րը, կհյուրընկալենք 100 հազարից ավելի ադրբեջանցիների՞, ի հաշիվ նրա, որ Սահմանադրությունից որոշ դրույթնե՞ր կփոխենք, որ Ցեղասպանությունը կմոռանա՞նք։ Մենք խաչմերուկ ենք, որովհետեւ չորս հարեւան ունենք, իսկ խաղաղության խաչմերուկ ենք ուզում լինել, որովհետեւ մուրում ենք խաղաղություն։ Միգուցե Ադրբեջանն ավելի՞ լավ խաղաղության խաչմերուկ կարող է լինել, Ադրբեջանը 5 հարեւան ունի, եւ դա լավագույն քննությունը կլինի, թե արդյոք նրանք խաղաղություն են ուզում, թե՞ ոչ։ Խաղաղության ամենամեծ գրավականն այսօր կլինի այն, եթե Ադրբեջանը համաձայնվի, որ արցախահայությունը վերադառնա իրենց տները, իրենց հայրենիքը՝ միջազգային ինչ-որ երաշխիքներով, թեկուզեւ ինչ-որ աստիճանի ինքնավարությամբ, որպեսզի կարողանան իրենց անվտանգությունն ապահովել։ Այ դա կլինի Ադրբեջանի եւ Թուրքիայի համար ամենամեծ քննությունը, այ դա կարող էր լինել խաղաղության խաչմերուկ»,- ասաց Օսկանյանը։