«Ենթադրենք, թե ես հանցագործ եմ»․ Հ․ Թումանյանի թանգարանի տնօրենը՝ իրեն ազատելու պատճառների մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆախկին տնօրենը հաղորդագրություն է տարածել․
«Հոկտեմբերի 27-ից ինձ հետ պայմանագիրը լուծարելուց հետո առ այսօր թանգարանը տնօրեն չունի, ինչը տարօրինակ է, քանի որ օրենքը պարտադրում է, որ նույն հրամանում պետք է նշված լինի, թե ում վրա է դրվում այդ պարականությունը։ Եվ սա իսկապես շատ դառնացնող փաստ է»,- «Հազարան Բլբուլ» հաղորդաշարի ընթացքում ասել է թումանյանագետ, Հովհաննես Թումանյանի թանգարանի արդեն նախկին տնօրեն Անի Եղիազարյանը՝ խոսելով ՊՈԱԿ տնօրենի պաշտոնից իրեն ազատելու ԿԳՄՍ նախարարի որոշման մասին։
Անի Եղիազարյանի ազատման շուրջ աղմուկ բարձրացավ, քանի որ վերջինս պնդում է, որ իրեն անհիմն են հեռացրել, քանի որ ինքը գտնվել է գործուղման մեջ։ Հաղորդման ընթացքում նա մանրամասնորեն ներկայացնում է, թե իրադարձություններն ինչպես են զարգացել։
«Ենթադրենք, թե ես հանցագործ եմ, ենթադրենք՝ հանցագործություն եմ գործել, բայց հանցագործին պատժելու ձևն էլ պետք է օրենքով լինի և պատշաճ։ Ամբողջ ընթացքում՝ գրագրությունների մեջ, Նախարարությունն անփույթ է գործել, ինչը իրավական գործընթաց սկսելու հիմք է տվել և ես սա ասում եմ շատ ցավով, որովհետև ես խոսում եմ պետական կառույցի մասին, որի ներկայացուցիչը նաև ես եմ եղել տարիներ շարունակ, ծառայել եմ այդ կառույցին և ուզում եմ, որ լավագույնը լինի, որովհետև ես իմ պետությունը սիրում եմ, իմ երկիրը սիրում եմ»,- ասել է Անի Եղիազարյանը։
Վերջինս ընդգծում է, որ այս ամբողջ ընթացքում հնարավորություն չի ունեցել ուղիղ խոսելու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ անգամ ՊՈԱԿ-ի խնդիրների մասին․ «Ես հասկանում եմ, որ ղեկավար մարդու համար բավական դժվար է կողմնորոշվելը, հատկապես գերծանրաբեռնված գրաֆիկի դեպքում։ Ես փորձել եմ գոնե 5 րոպե հնարավորություն ունենամ ուղիղ խոսելու ընթացքի վերաբերյալ։ Տիկին Անդրեասյանի նախարար նշանակվելուց հետո, ցավոք սրտի, մենք միմյանց ճանաչելու հնարավարություն չենք ունեցել՝ գործի շրջանակներում։ Այդ հանդիպման
ցանկությունը իմ կողմից առաջին անգամ չէ, որ եղել է։ Ցավոք սրտի, ես այդ առիթը չեմ ունեցել»,- մանրամասնել է նա։
Հովհաննես Թումանյանի թանգարանի արդեն նախկին տնօրենը ցավով է խոսել թանգարանից հեռանալու մասին՝ ընդգծելով, որ այնտեղ աշխատել և աշխատում են սրտացավ մարդիկ։ Նա ամփոփել է․ «Ես ուզում եմ հանրությանը շնորհակալություն հայտնել, սա իմ տարիների աշխատանքի մեծագույն գնահատականն է և ես ինձ լիուլի պարգևատրված եմ համարում»։