Նախկին վարչապետը մեղադրվում է ներկայիս վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու կոչեր հնչեցնելու համար
Աջակցիր «Ա1+»-ինՆախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մեղադրյալի աթոռին է։
Նա մեղադրվում է 2023 թվականի ապրիլի 4-ին, ժամը 16:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 19-րդ հասցեում գտնվող ՀՀ ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության կողմից անցկացվող հավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու մեջ։
Նոյեմբերի 10-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը դատական առաջին նիստի օր է նշանակել։ Հրանտ Բագրատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Փաստաբանի գործը մակագրվել է Արտուշ Գաբրիելյանին
Փաստաբան Մուշեղ Շուշանյանի գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Հիշեցնենք, որ Մուշեղ Շուշանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Ըստ մեղադրանքի նա 2023թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում հրապարակված տեսանյութում, ապա նաև սեպտեմբերի 22-ին իր ֆեյսբուքյան «Mushegh Shushanyan» անվամբ գրանցված էջում տեղադրված գրառման մեջ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, արդարացրել նմանօրինակ գործողությունները:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը սեպտեմբերի 29-ին բավարարել էր Մուշեղ Շուշանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը և վերջինս երկու ամիս ժամկետով կալանավորված է։
Դավիթ Ավետիսյանի գործը եւս ուղարկվել է դատարան
Դատարանում է նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի գործը։ Այն կքննի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոման Սմբատյանը։ Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 2-ի կեսօրին Դավիթ Ավետիսյանը Անգլիական այգու մոտ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին և վերջինիս ասել, որ պատասխան է տալու նահատակված հերոսների համար։ Ըստ մեղադրանքի՝ նա Երևան քաղաքի «Անգլիական այգում» համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խախտել է մարդկանց անդորրը՝կատարելով խուլիգանություն:
Դավիթ Ավետիսյանը չի ընդունում մեղադրանքը։ Ընդ որում, երեք գործերն էլ դատավորներին մակագրվել են հոկտեմբերի 23-ին։