Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Եթե, անգամ 100 արցախցի այս նախաձեռնությամբ աշխատանք գտնի՝ արդեն լավ է (տեսանյութ)

«Artsakh Career Expo»-ն, որն անցկացվեց այսօր «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում, հնարավորություն է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աշխատանք գտնել Հայաստանի տարբեր ընկերություններում։

Աշխատանքային տոնավաճառում ընկերությունները ծանոթացնում էին իրենց գործունեությանը և ներկայացնում թափուր հաստիքները։

«Ա1+»-ի հետ զրուցում էքսպոյի համահիմնադիր Անի Ասոյանը նշեց, որ «Artsakh Career Expo»-ի գաղափարի համահիմնադիրները չորսն են՝ Մանե Բարեղամյանը, ինքը, Էմմա Մամունցը, Իսկուհի Ստեփանյանը։

«Յուրաքանչյուր մարդ այս ծանր օրերին ցանկանում է իր մասնաբաժինը ունենա մեր հայրենակիցներին աջակցելու համար»,-ասում է Անին և հավելում․ գիտակցելով, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները փոքր ինչ ադապտացվելուց հետո աշխատանք են փնտրելու, որոշեցին կազմակերպել այս բարեգործական տոնավաճառը՝ առողջապահական, կրթական, անվտանգության, ՏՏ ընկերություններ, սպասարկման ոլորտ, բջջային օպերատորներ և այլ՝ 50-ից ավելի գործատու կազմակերպություններ ներգրավելով:

Անիի խոսքով, չէին սպասում, որ այսքան մեծ հոսք կլինի:

«Հետաքրքրվողներն իրոք շատ են, ինչն անկեղծ՝ անսպասելի էր։ Եթե, անգամ 100 արցախցի այստեղ աշխատանք գտնի, արդեն իսկ լավ է։ Ուրեմն զուր չենք աշխատել»,-ասաց նա։

Ի դեպ, աշխատանքային նման տոնավաճառներ նախաձեռնելու են նաև մարզերում։