Հայաստանի շախմատիստներին չի հաջողվում մոտենալ առաջատարներին. «ՖԻԴԵ Գրանդ Սվիսս»
Աջակցիր «Ա1+»-ինՄեն կղզում ընթացող «ՖԻԴԵ Գրանդ Սվիսս» շախմատի խոշոր մրցաշարում կայացել է 5-րդ տուրը:
Հայաստանի շախմատիստներից հաղթանակ է տարել Սամվել-Տեր-Սահակյանը, որը սպիտակներով պարտության է մատնել եգիպտացի Ադհամ Ֆավզիին: Հայկ Մարտիրոսյանը, ավաղ, երկրորդ անընմեջ պարտությունն է կրել՝ զիջելով թուրք շախմատիստին:
Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը գրոսմայստերական ոչ-ոքի է խաղացել իր հայրենակից Մանուել Պետրոսյանի հետ: Մեր միակ շախմատիստը, որը պարտություն չի կրել, Հրանտ Մելքումյանն է: Ընթացիկ տուրում նա ոչ-ոքի է խաղացել ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսոտորովի հետ: Շանթ Սարգսյանը միավորը կիսել է իրանցի Ամին Տաբատաբաեի հետ:
Հինգը տուրից հետո Հրանտ Մելքումյանը 3 միավորով զբաղեցնում է 23-րդ տեղը: Նրանից կեսական միավոր քիչ ունեցող Սամվել Տեր-Սահակյանը գտնվում է 52-րդ, Մանուել Պետրոսյանը՝ 57-րդ, Շանթ Սարգսյանը՝ 61-րդ հորիզոնականներում: Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը 3,5 միավորով զբաղեցնում է 17-րդ տեղը, իսկ ահա ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը 62-րդ հորիզոնականում է՝ 2,5 միավորով: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Հիկարու Նակամուրան և Անդրեյ Եսիպենկոն, որոնք ունեն 4-ական միավոր:
Այսօր կկայանան 6-րդ տուրի պարտիաները: Հրանտ Մելքումյանը սևերով կմրցի Անգլիան ներկայացնող Նիկիտա Վիտյուգովի հետ: Սամվել Տեր-Սահակյանի մրցակիցն է ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովը, Մանուել Պետրոսյանինը՝ ադրբեջանցի Նիյաթ Աբասովը, Շանթ Սարգսյանինը՝ հնդիկ Պրագնանանդհան:
Զուգահեռ ընթացող կանանց մրցաշարում Մարիամ Մկրտչյանը 2 միավորով զբաղեցնում է 32-րդ, իսկ Էլինա Դանիելյանը՝ 42-րդ տեղը: