«Արարատ-73». Չեմպիոնություն՝ 72 հազար ջահերի ուղեկցությամբ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1973 թվականի այս օրը՝ հոկտեմբերի 28-ին, Երևանի «Հրազդան» կենտրոնական ստադիոնում ժամը 18:00-ին ասեղ գծելու տեղ չկար: Ստադիոն եկած 72 հազար հանդիսականներն անհամբերությամբ սպասում էին ԽՍՀՄ ֆուտբոլի բարձրագույն լիգայի առաջնության վերջին տուրի «Արարատ» - «Զենիթ» հանդիպման մեկնարկին: Պատճառն այն էր, որ այդ խաղում պետք է որոշվեր արարատցիների չեմպիոն լինել-ճլինելու հարցը: Եթե նրանք հաղթեին «Զենիթին», ապա վաստակում էին 39 միավոր և անհասանելի դառնում իրենց հետապնդող Կիևի «Դինամոյի» համար, որը նաև մեկ խաղ պակաս էր անցկացրել:
Զարմանալի չէ, որ «Արարատը» հենց սկզբից տիրում է նախաձեռնությանը և անցնում զանգվածային գրոհների: Եվ ահա, 27-րդ րոպեին Հովհաննես Զանազանյանի հուժկու հարվածից հետո գնդակը հայտնվում է լենինգրադցիների դարպասում: Երկրորդ խաղակեսում արարատցիները շատ արագ կրկնապատկում են հաշիվը. Նազար Պետրոսյանի եզրային փոխանցումից հետո Էդուարդ Մարգարովը գլխի հարվածով գրավում է դարպասը:
72 հազար երկրպագուներն ուրախությունից պարզապես ցնծում էին: Սակայն տեղի ունեցավ անսպասելին: Հյուրերը նախ սուր հակագրոհ են ձեռնարկում և կրճատում հաշիվը, իսկ քիչ անց հեռահար հարվածով այն հավասարեցնում են: «Հրազդանի» տրիբունաները միամգամից «լռում» են: Սակայն այդ լարվածությունը տևում է ընդամենը 7 րոպե, երբ Զանազանյան-Անդրեասյան-Մարգարով եռաքայլ կոմբինացիայից հետո վերջինը կրկին առաջ է մղում իր թիմին: «Արարատը» մնացած կես ժամում պահպանում հաղթական հաշիվը և կատարում իր առջև դրված խնդիրը:
Անմիջապես հանդիպումից հետո խաղադաշտ են մտնում հանրապետության պարի բոլոր խմբերը և սկսում իսկական տոնակատարություն, իսկ 72 հազար երկրպագուները մի մարդու նման վառում են նստարանների վրա փռելու համար բերած թերթերը և պահում իրենց գլխավերևում: Թղթյա «ջահերի» ներքո «Արարատը» դառնում է աշխարհի ցամաքի 1/6 հատվածի չեմպիոնը:
Մոտ 45 րոպե տևած ցնծությունից հետո երկրպագուները շարժվում են դեպի ելքերը: Այստեղ արդեն ստադիոնից սկիզբ են առնում մարդկային վտակներ, որոնք միանում են իրար և Հաղթանակ կամուրջի վրայով գետի նման «հոսում» դեպի քաղաքի կենտրոն:
Ի դեպ, ասում են, որ «Արարատի» առավել հավատարիմ երկրպագուները, որոնք հիմնականում նստում էին Արևմտյան տրիբունայի կենտրոնական սեկցիայում, կառավարական օթյակների մոտ, արդեն ընդմիջմանը տեղյակ են եղել «Արարատի» չեմպիոն դառնալու մասին, քանի որ հավաստի աղբյուրներից իմացել էին, որ Կիևի «Դինամոն» Ալմա-Աթայում պարտվել էր տեղի «Կայրաթին» և զրկվել չեմպիոն դառնալու հնարավորությունից: