Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քննչական կոմիտե
A A
Պաշտոնական

Փարաքար համայնքում գործող գիշերային ակումբում տեղի ունեցած խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է.

Փարաքար համայնքում գործող գիշերային ակումբում տեղի ունեցած խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է. երկու անձի մեղադրանք է ներկայացվել

 

Ավարտվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով բնակավայրում գործող գիշերային ակումբում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2023թ. ապրիլի 23-ին՝ ժամը 02-00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 36-ամյա բնակիչը, մտերիմների՝ նույն համայնքի 33-ամյա բնակչի և մի խումբ անձանց հետ, գտնվելով նույն համայնքի Թաիրով բնակավայրում գործող գիշերային ակումբում, ոգելից խմիչքի ազդեցության տակ, ակումբի սրահից դուրս է հրավիրել հաճախորդներից մեկի հետ նույն սեղանի շուրջ նստած մի կնոջ, ինչին հիշյալ հաճախորդը հակադրվել է: Փարաքար համայնքի 36-ամյա բնակիչը, չհամակերպվելով նշված փաստի հետ, պարզաբանումներ պահանջելու նպատակով ակումբի նախասրահ է հրավիրել հիշյալ հաճախորդին և վերջինիս հետ գտնվող անձանց: Բացահայտ արհամարական վերաբերմունք ցույց տալով ակումբում գտնվող անձանց նկատմամբ և իր թվացյալ առավելությունն ընդգծելու նպատակով՝ 36-ամյա տղամարդը ակումբի նախասրահում անհարկի բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելով, ձեռքին առկա ապակյա բաժակը հարվածել է ակումբի նախասրահի պատին ամրացված հայելուն: Հետևելով վերջինիս՝ նրա 33-ամյա ընկերը ևս ձեռքին առկա ապակյա բաժակը հարվածել է նույն հայելուն և դուրս են եկել ակումբից։

Ակումբի դիմաց ավտոմեքենայի ճանապարհը փակելու չնչին առիթով 36-ամյա տղամարդը վիճաբանության մեջ է մտել ինքնությունը չպարզված անձի հետ, կանգնեցրել է նրան, և տևական ժամանակ խոչընդոտելով ճանապարհի երթևեկությունը, քաշքշելով փորձել է ավտոմեքենայից դուրս հանել վարորդին, իսկ 33-ամյա ընկերը ոտքերով հարվածներ է հասցրել հիշյալ ավտոմեքենային:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Փարաքար համայնքի 36 և 33-ամյա բնակիչներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտե