Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (1)
A A
Պաշտոնական

Կառավարությունը հաստատել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու կարգը

Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր

պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը: Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հարյուր հազարավոր՝ ազգությամբ հայ բնակիչներ հայտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և նկատի ունենալով նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը, որոշմամբ առաջարկվում է ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել և փախստական ճանաչել` Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձանց, ՀՀ տարածքում կամ ՀՀ-ից դուրս գտնվող այն անձանց, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղը, այն անձանց, որոնք չեն ունեցել հաշվառում Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են Լեռնային Ղարաբաղում և 2023 թ. սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։

 

Որոշմամբ առաջարկվում է նաև հաստատել ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և փաստաթուղթը տալու կարգը: Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի ԼՂ-ից բռնի տեղահանված որոշակի մեծ խումբ անձանց վերցնել ժամանակավոր պաշտպանության տակ՝ նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով, և ովքեր համաձայն «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի կճանաչվեն փախստական՝ ձեռք բերելով փախստականների համար «Փախստական և ապաստանի մասին» ՀՀ օրենքով սահմանված միևնույն իրավունքներն ու պարտականությունները:

 

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այս որոշման նպատակն է ապահովել, երաշխավորել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքները և միջազգային իրավունքի կիրառությունը նաև համապատասխան դեպքերում: Ըստ փոխվարչապետի՝ այն տալիս է նաև հնարավորություն հետագա քայլերն այնպես կազմակերպել, որ բռնի տեղահանված մեր հայրենակիցներն օգտվեն այն սոցիալական աջակցության մեխանիզմներից, որոնք առկա են ՀՀ-ում, մասնավորապես՝ կարող են դիմել և ստանալ ՀՀ քաղաքացիություն և կենսաթոշակներ ձևակերպել:

 

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ընդգծել է, որ մարդիկ առանց որևէ դիմումի և որևէ մարմին այցելելու են ստանում ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձի կարգավիճակը: «Իրենք դիմումով կամ այդ փաստաթուղթը ստանալու բերումով չէ, որ ձեռք են բերելու այդ կարգավիճակը։ Դա ուղղակի լինելու է կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, որը երբեմն, դիցուք՝ ճամփորդելիս, կարող է անհրաժեշտ լինել: Մարդիկ, այս կարգավիճակն ունենալով, իրավունք ունեն դիմելու և ստանալու ՀՀ քաղաքացիություն՝ դրանից բխող բոլոր հավելյալ իրավունքներով և պարտականություններով, այդ թվում՝ կենսաթոշակ ստանալու, բայց նաև, օրինակ՝ քաղաքացի դառնալով, կենսաթոշակ ստանալով՝ այլևս փախստականին տրամադրվող սոցիալական աջակցությունը տեղին չի լինի»,-նշել է ԱԳ նախարարը։