«Առաջինը ես եմ էկել էստեղ, ֆերմաները պետական էին էն ժամանակ։ Թուրքերը, որ թողել, գնացել էին, մնացել էր անտեր։ Էկա, անտառտնտեսոթյան հետ պայմանագիր կապեցի, արենադյով վերցրի, հետո սեփականաշնորհեցի», – պատմում է Մեղվահովիտի բնակիչ Շավարշ Ասատրյանը։
Համեստ Շահբազյանը գյուղի վերաբնակեցման հենց սկզբից է այստեղ եկել։ Չորս տարի եղել է գյուղխորհրդի քարտուղարը, հետո գյուղապետ է դարձել։ Հիմա էլ վարչական ղեկավարն է։
«Ես երկրաշարժից հետո եմ եկել գյուղ, աղետի գոտուց՝ հայտնի գորբաչովյան ծրագրով՝ երկու տարի հետո դուրս գալու հույսով։ Եվ մնացել ենք։ Տունը, որտեղ հիմա ես ապրում եմ, Բաքվի փախստականների հետ փոխանակված տուն էր, որը բնակիչը ծախում էր։ Գնել ենք, ապրում ենք։ Ստացվեց այնպես, որ աշխատանք առաջարկվեց։ Սկզբից չէի համաձայնում, որ կարճ ժամանակով ենք և այլն։ Այնուհետև ստացվեց։ Գետաշենից տեղահանվածների բերեցին, կային Ախլքալակի շրջանից շատ բնակիչներ, նաև տեղերից, աղետի գոտուց», – պատմում է Մեղվահովիտի վարչական ղեկավար Համեստ Շահբազյանը։
Ժամանակին 50 և ավելի տնտեսություն ունեցող Մեղվահովիտում այսօր 22 ընտանիք է ապրում։ 12-ը Մեղվահովիտում են, 10-ը՝ Նորամուտում։ Գյուղի դատարկվելու պատճառներից մեկը տեղացիները դպրոցի բացակայությունն են համարում։ Երեխաները հիմնական կրթություն ստանում են հարևան Բլագոդարնոյե գյուղի դպրոցում, որը Մեղվահովիտից մոտ 3 կմ հեռու է։ Տրանսպորտ չկա, իսկ սեփական մեքենաներով երեխաներին դպրոց տանելը միշտ չէ, որ ստացվում է։ Բացի այդ՝ բոլոր ընտանիքները մեքենա չունեն։
Գայանե Դավթյանը դպրոցական երկու երեխա ունի։ Ասում է՝ անձրևոտ, քամոտ ու ցուրտ եղանակներին երեխաները շատ դեպքերում դպրոց չեն գնում։
«Կամ ոտքով են գնում, կամ էլ խնդրում ենք հարևաններից որևէ մեկին, որ գոնե առավոտները հասցնեն դպրոց։ Հետ գալն էլ հիմնականում ոտքով են գալիս կամ գյուղացիներն են ճանապարհից վերցնում, բերում։ Իսկ ձմեռվա ընթացքում ահավոր ա արդեն։ Մանավանդ քամիներին, թիփիներին, ահավոր մի բան ա դառնում։ Կարող ա շաբաթով էրեխեքը չկարողանան դպրոց գնան», – պատմում է Մեղվահովիտի բնակիչ Գայանե Դավթյանը։
Դպրոցի բացակայության խնդիրը միակը չէ Մեղվահովիտում։ Այստեղ մանկապարտեզ էլ չկա, խաղահրապարակ կամ ժամանցի ու կրթական այլ կենտրոններ նույնպես։ Գյուղը նաև գազիֆիկացված չէ։
«Գազատարները 90-ական թվականներին խորհրդային միության ծրագրով կային, որ մենք նոր եկել էինք գյուղ, բայց պետությունը, որ քանդվեց, չշարունակվեց։ Հիմա գազի՝ Բլագոդարնոյեի ծրագիրը կա, ընդունված է, որտեղից արդեն շարունակվող ծրագրով պետք է նաև Մեղվահովիտ մտնի», – ասում է գյուղի վարչական ղեկավարը։
Մեղվահովիտցի Ազատ Խաչատրյանը յուրաքանչյուր ընտանիքի հեռանալու իրողությանը ափսոսանքով ու ցավով է նայում։ Նորամուտ ուղեկցելու ճանապարհին էլ ասաց, որ այն արդեն որպես ամառանոց է ծառայում։ Այս բնակավայրում ձմռանը երեք ընտանիք է միայն մնում։
«Յոթ տարեկան եմ էղել, որ էկել ենք, 1989 թվին։ 1988-ի վերջում թուրքերը գնացել են, 89-ին մենք եկել ենք էստեղ արդեն։ Էս գյուղերում մի հատ ջարդված լուսամուտով տուն չի եղել։ Սաղ քանդվեց, ավիրվեց։ Շեն գյուղ, շեն տներ, սրանց ծառերը, էղածը, մի խոսքով՝ ընտիր գյուղ ա էղել։ Թուրքերը, որտեղ ջուր ա էղել, էնտեղ են ապրել։ Ջրի խնդիր չկա ոչ մի տեղ։ Կարող է մենակ խմելու ջրի ցանցը հին լինի, բայց տարածքում ջրի խնդիր չկա։ Սաղ ավիրել են», – ասում է Մեղվահովիտի բնակիչ Ազատ Խաչատրյանը։
Նորամուտում պարզեցինք, որ այստեղ հիմնական ապրող 3 ընտանիքներից երկուսն էլ են պատրաստվում հեռանալ։ Նրանցից մեկը Դավիթ Մնոյանն է։
«Շատ ցավով՝ դռները փակել եմ։ Մնացել է մի հատ խոզ, վաղը կմորթեմ», – ասում է Դավիթը։
Բնակատեղին հարուստ բնություն ունի և գյուղի շուրջ մերձալպյան արոտավայրեր են, որոնք կաթնամթերքի արտադրության համար ամենաբարձր որակն են ապահովում։ Դավիթն էլ, հաշվի առնելով աս հանգամանքը, 13 տարի առաջ Նորամուտ է եկել, որպեսզի անասնապահությամբ զբաղվի։ Նա մոտ 32 մլն դրամ գումար է ներդրել, մեծ քանակությամբ խոշոր եղջերավոր անասուններ գնել ու սկսել զարգացնել ունեցածը։ Բայց հիմա բոլորը վաճառել ու հեռանում է Նորամուտից։ Արտադրանքը՝ կաթը, ջրից էլ էժան են վաճառում։
«Երբ որ դու կաթն արտադրողն ես, բայց կաթի գինը քեզնից կախված չէ, Պողոսը քնից զարթնում, որոշում է, որ քո կաթը պետք չի, ինքը փոշի կաթ է բերել ու դրանով պանիր կանի, թքած ունի քո կաթի վրա։ Քո ծախսերն էլ չեն պակասում, բայց եկամուտ չկա։ Մեր կառավարությունը սիրում ա՝ ինչերի՜ց խոսան, էկոլոգիապես մաքուր արոտավայրեր․․․ էսպիսի բան աշխարհում չկա, սա մի հատ ալպիան մարգագետին է, գոյություն չունի էսպիսի բան։ Ու մենք հազար ձևի կարանք ապացուցենք՝ սկսած կաթի որակից, մսի մաքրությունից, սաղ արդար բնություն է, բայց ո՞ւմ է պետք։ Ոչ մեկի։ Էստեղ շան տանջանք ենք քաշում․ տրանսպորտ չկա, խմելու ջուր չկա, էս տարի մենք ենք քաշել», – ասում է Նորամուտի բնակիչ Դավիթ Մնոյանը։
Դավիթ Մնոյանի խոսքով՝ Նորամուտում աճող և աճեցված մշակաբույսերն էլ յուրահատուկ համ ունեն։
«Նույն կարտոֆիլը, պոմիդորը, բիբարը, ամեն ինչը, ինչ ցանես էստեղ, համն ուրիշ է։ Ես Ախուրյանից եմ, հեկտարներով սևահող ունենք, հեկտարով կարտոշկա ենք մշակել, բայց ես մեր տուն էստեղից եմ կարտոշկա ուղարկել», – ասում է Դավիթը։
Ցավով ու մեծ դժվարությամբ է գյուղից հեռանալու որոշում կայացրել։ Չէ՞ որ այստեղ ժամանակ ու ամենակարևորը հոգի է դրել, տուն հիմնել՝ հույսով, որ մի օր գյուղը զարգացած է տեսնելու։ Բայց հակառակն է եղել։
Ե՛վ Մեղվահովիտում և՛ Նորամուտում քանդված ու լքված տներն ավելի շատ են, քան շեն ու բնակեցված տնտեսությունները։ Հատկապես երիտասարդ ընտանիքները, մեկը մյուսին հետևելով, անվերադարձ հեռանում են գյուղից։ Նունե Հարոյանն էլ հեռացողների մեջ է։ Կյանքի մեծ մասն այս գուղում է անկացրել, միջավայրը շատ հարազատ է իրեն։ Բայց ինքն էլ մյուսների պես կհեռանա ու միայն գարնանը գյուղ կվերադառնա։
«Ի՞նչ կա էս գյուղում։ Մենակ Կալինինո գնալ-գալու համար տաքսի, որ վարձում եմ, 6 հազար դրամ փող եմ տալիս։ Նենց որ, էսի գյուղ չի։ Տատս ասում էր՝ ազատ աքսորավայր ա։ Ճիշտ էլ ասում էր», – ասում է Նորամուտի բնակիչ Նունե Հարոյանը։
Իսկ Նորամուտի վերջին մոհիկանը Անիչկա տատն է, բայց դա արդեն բոլորովին այլ պատմություն է, հետաքրքիր պատմություն, որը կներկայացնենք առաջիկայում։