Բացել լրահոսը Փակել լրահոսը
395711796_855356569273874_3655498728959838767_n
A A
Պաշտոնական

Նախագահը Կովաչևի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտության վրա

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպում է ունեցել Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավկովկասյան տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությանը և ընդհանուր զարգացումներին: Այս կապակցությամբ Վահագն Խաչատուրյանն Անդրեյ Կովաչևի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղից ավելի քան հարյուր հազար բռնի տեղահանվածների հիմնարար իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտության վրա:

Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի միանշանակ դիրքորոշումն է հասնել տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, ինչը բխում է ռեգիոնի բոլոր երկրների շահերից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության ներկա վիճակին և հնարավոր սպառնալիքներին և վերջինիս պահպանության ու պաշտպանության անհրաժեշտությանը։