Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հոկտեմբերի 21-ին կանցկացվի «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշարը (տեսանյութ)

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանի, Հայկական օնլայն լրատվամիջների եւ լրագրողների ասոցիացիայի նախագահ Դավիթ Ալավերդյանի ասուլիսը։

2023թ․ հոկտեմբերի 21-ին (շաբաթ օրը) Կապանի քաղաքային մարզադաշտում կկայանա «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը, որին կմասնակցեն լրագրողների 8 թիմեր՝ Գերմանիայի, Ռումինիայի, Եգիպտոսի, Լիտվայի, Մոլդովայի, Վրաստանի, Երեւանի եւ Կապանի։

 

Միջոցառման կազմակերպիչն է Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիան, գլխավոր հովանավորը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, աջակիցը՝ «Սյունիք» ֆուտբոլային ակումբը։

 

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակավ Վարդան Ջհանյանը մեկնաբանել է մրցաշարի անցկացումը. «ԶՊՄԿ-ի համար սպորտին աջակցությունը պարզապես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղություններից մեկը չէ։ Մենք վստահ ենք, որ աջակցելով սպորտին, առողջ ապրելակերպի մշակույթին մեր համայնքներում՝ նպաստում ենք իրական կայուն սոցիալական զարգացմանը։ Դա է պատճառը, որ «Սյունիք» ֆուտբոլային ակումբը մեր ուշադրության կենտրոնում է։ Այս մրցաշարն ունի նաեւ մեկ այլ կարեւորություն. դա Սյունիքը մի քանի երկրների լրագրողների մեծ խմբի ներկայացնելու հնարավորությունն է, եւ ԶՊՄԿ-ն նաեւ այս առաքելությունն է առաջնային համարում»։

 

Միջոցառման կազմակերպիչ, Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիայի նախագահ Դավիթ Ալավերդյանն այս կապակցությամբ ասել է․

«Առաջին անգամ է, որ Սյունիքում նման խոշոր լրագրողական մրցաշար է անցկացվում։ Մրցաշարի անցկացման վայրը պատահական չէ ընտրված․ այսոր սյունեցիներն ունեն քաջալերման եւ բարոյական աջակցության կարիք։ Մի քանի տասնյակ օտարերկրյա լրագրողներ հնարավորություն կունենան սեփական աչքերով տեսնել Սյունյաց աշխարհի գեղեցկությունը եւ ծանոթանալ գլխավոր հարստությանը՝ մարդկանց»։

 

Խաղերն անցկացվելու են ֆուտբոլային դաշտի մեկ քառորդի հատվածում, զուգահեռաբար 4 խաղադաշտում։ Բոլորը թիմերը մրցելու են միմյանց հետ։ Մեկ խաղի տեւողությունը 20 րոպե է։ Յուրաքանչյուր խաղից հետո կլինի 10 րոպե ընդմիջում, իսկ 4-րդ խաղից հետո՝ 20 րոպե, որի ընթացքում երկրպագուների միջեւ կխաղարկվեն արժեքավոր նվերներ։

 

Մրցաշարի մեկնարկը՝ շաբաթ՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 11.00-ին Կապանի քաղաքային մարզադաշտում։

 

Երկրպագուների եւ լրագրողների համար մուտքն ազատ է։