Բացել լրահոսը Փակել լրահոսը
17.10.2023 (1)
A A
Պաշտոնական

Բացահայտվել է «Տելեգրամ» -ի միջոցով թմրամիջոցների իրացման և դրանց արդյունքում ստացված՝ 1 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման երկու դեպք

Բացահայտվել է «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի իրացման և դրանց արդյունքում ստացված՝ 1 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման երկու դեպք

Ø Երևան քաղաքի բնակիչ Ի.Մ.-ն 2019-2020 թվականներին, Խ.Ֆ.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տելեգրամյան էջերի միջոցով տևական ժամանակ զբաղվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ:

2020 թվականի գարնանից, Ի.Մ.-ն «Telegram» հավելվածում ստեղծել և կառավարել է «Tam Vegal», «Tam Vegal_EVN» և «Tam VegalShop_EVN» առցանց խանութ-հարթակները, դրանցում որպես վճարային գործիք՝ տեղադրել է այլ անձանց անուններով գրանցված, սակայն իր կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակների վերաբերյալ տեղեկատվություն:

Արդյունքում՝ Ի.Մ.-ն, 2020-2022 թվականների ընթացքում, նշված խանութ հարթակների միջոցով ապօրինի իրացրել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ: Իրացման արդյունքում ստացված՝ 75 մլն 881 հազար 441 դրամի հանցավոր ծագումը թաքցնելու, դրան օրինական տեսք հաղորդելու նպատակով՝ գումարները փոխանցվել են տարբեր անձանց անուններով գրանցված, սակայն Ի.Մ.-ի կողմից փաստացի կառավարվող ինչպես օտարերկրյա, այնպես էլ ՀՀ-ում գրանցված էլեկտրոնային դրամապանակներին:

Այնուհետև, վերոնշյալ գումարները փոխանցվել են Ի.Մ.-ի էլեկտրոնային դրամապանակներին, որոնք Ի.Մ.-ն կանխիկացրել կամ այլ կերպ տնօրինել է:

Ի.Մ.-ի կողմից որպես պահեստ և գրասենյակ օգտագործված տարածքում, վարձակալած բնակարանում, ամառանոցում և նրա կողմից շահագործվող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են՝ 175,632 գրամ քաշով «MDMB(N)-022», 214,105 գրամ քաշով «մարիխուանա», 6,710 գրամ քաշով «մեթամֆետամին», 5 գրամ քաշով «հաշիշ», 0,655 գրամ քաշով «ամֆետամին», ընդհանուր 10,811 գրամ քաշով 115 հատ «պսիլոցին պարունակող սնկերի» հատվածներ, 810 գրամ քաշով «Կանեփ» և 0,317 գրամ մաքուր քաշով «մեֆեդրոն (4-մեթիլմետկատինոն)» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև 169 գրամ քաշով 7 հատ ամբողջական կանեփի բույսեր:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 11-ին Ի.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում):

 

Ø 2012 թվականից հետախուզման մեջ գտնվող Դ.Ք.-ն 2019 թվականին ստեղծել և ղեկավարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և դրա արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն: Որպես կազմակերպության մասնակիցներ՝ ներգրավվել են բազմաթիվ անձինք, այդ թվում՝ Հ.Լ.-ն, Գ.Գ.-ն, Ա.Օ.-ն, Ա.Մ.-ն, Դ.Մ.-ն և Ն. Թ.-ն:

Դ.Ք.-ն, «Տելեգրամ» հավելվածում հանդես գալով «David Van Hoktemberyan» անվամբ, ստեղծել և կառավարել է «Kanachu Shuka» և նույնանուն այլ հարթակներ, որոնցում ներգրավել է տարբեր անուններով գրանցված և թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող տասնյակ խանութ-հարթակներ:

Դ.Ք.-ի կողմից ստեղծված և ղեկավարվող հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման արդյունքում ստացված 2 մլն 241 հազար 754 ԱՄՆ դոլարին համարժեք 1 մլրդ 83 մլն 619 հազար դրամի հանցավոր ծագումը թաքցնելու, դրան օրինական տեսք հաղորդելու նպատակով՝ գումարները ստացվել, շրջանառվել և կանխիկացվել են տարատեսակ կրիպտոարժութային դրամապանակների և վճարային գործիքների միջոցով:

Թմրամիջոցների աճեցման համար օգտագործված, Դ.Ք.-ին պատկանող՝ Լոռու մարզում գտնվող առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել են «Davit Van Hoktemberyan» և «Kanachu Shuka» հարթակների միջոցով իրացման ենթակա թմրամիջոցների հերթական խմբաքանակը՝ 365,2 գրամ քաշով «մարիխուանա» և 20,71 գրամ «հաշիշ» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև դեռևս աճեցման փուլում գտնվող կանեփի բույսեր:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 12-ի և 13-ի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցել հանցավոր կազմակերպության ղեկավար Դ.Ք.-ի և 6 մասնակիցների նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում):

Դատախազի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև վերոնշյալ հարթակների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղված (թմրամիջոցներ տեղադրող) 5 անձի նկատմամբ:

 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: