Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻՊ
A A
Պաշտոնական

Իմ մանդատի շրջանակում պատրաստ եմ անել առավելագույնը՝ պաշտպանելու լրագրողների անխոչընդոտ աշխատանքը. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ․ 
 
«Զանգվածային լրատվության միջոցների սիրելի´ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ:
 
Հայ մամուլի օրը ևս մեկ առիթ է խոսելու Ձեր՝ լրատվական համայնքի բարդ ու պատասխանատու աշխատանքի մասին, ընդգծելու Ձեր աշխատանքի կարևորությունը։ Հայ մամուլի աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված: Մամուլի ազատության երաշխավորման ուղղությամբ կարևոր է այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք կապահովեն բնականոն լրատվական գործունեության համար լիովին բարենպաստ միջավայրի առկայությունը և լրագրողների անվտանգությունը։
 
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ մանդատի շրջանակում պատրաստ եմ անել առավելագույնը՝ պաշտպանելու համար Ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքը։
 
Կարևորում եմ նաև Պաշտպանի աշխատակազմի և լրատվամիջոցների միջև համագործակցությունը՝ ուղղված հասարակության առավել խոցելի խմբերին առնչվող զգայուն թեմաների պատշաճ լուսաբանման ապահովմանը:
 
Եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ հաջողություն ձեր աշխատանքում, ազատություն ձեր գործունեության մեջ և ձեր կարևոր առաքելության արժանի իրականացում»: