Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը միասին կիսեցին միավորը. շախմատի ԱՄՆ առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի ԱՄՆ տղամարդկանց առաջնության 9-րդ տուրում տեղի ունեցավ «հայկական դերբի». ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը սպիտակներով հանդիպեց Հայաստանի նախկին շախմատիստ Լևոն Արոնյանի հետ:
Պարտիան բավական լարված ստացվեց: Կողմերն ամեն ինչ արեցին հաղթանակի հասնելու համար, քանի որ միասին բաժանում էին 7-8-րդ տեղերը և միավորի կարիք ունեին: Մոտ չորս ժամ տևած պայքարից հետո նրանք 58-րդ քայլին հաշտություն կնքեցին:
Այժմ Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը 4-ական միավորով բաժանում են 6-10-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ֆաբիանո Կարուանան, որն ունի 6,5 միավոր: Նախավերջին՝ 10-րդ տուրում, Լևոն Արոնյանը կմրցի իր հետ հավասար ընթացող Սեմ Շենքլանդի հետ:
Տղամարդկանց առաջնությանը զուգահեռ ընթացող կանանց մրցաշարում հայազգի շախմատիստուհի Տաթև Աբրահամյանը 9 հնարավորից վաստակել է 5 միավոր և գտնվում է 5-րդ հորիզոնականում: Նա պայքարում է 3-րդ տեղի համար, քանի որ առաջնության երկու առաջատարները՝ Գյուլրուկբեգիմ Տոխինջոնովան ու Կարիսա Յիպն արդեն անհասանելի են դարձել մյուսների համար: Նախավերջին տուրում Տաթև Աբրահամյանի մրցակիցն իրեն հետապնդող Ռուի Յանգ Յանն է: