Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ռուբեն Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ)

 

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հիշեցրել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ դառնալով՝ Ադրբեջանը պարտավորություն է ստանձնել լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով՝ առանց ուժի կիրառման:

«2020 թ. Ադրբեջանը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Մեր Ադրբեջանցի գործընկերը բացահայտ ասաց, որ իրենք որոշել են ուժ կիրառել և հպարտանում են դրանով: Դա նրանց կանոնադրական պարտավորությունների խախտում է: Ուղիղ երեք տարի անց՝ նախորդ ամիս, նրանք կրկին հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի վրա՝ կոչելով դա «հակաահաբեկչական գործողություն», և կրկին հպարտանում են դրանով»,- հիշեցրել է Ռուբինյանը:  

Նա անդրադարձել է այդ հարձակմանը նախորդած շրջափակմանը, որի նպատակը եղել է մարդկանց սովամահ անելը, ցրտահարության դատապարտելը և, ի վերջո, միջանցք բացելը մեկ ուղղությամբ: Ռուբինյանն ընդգծել է նաև, որ Ադրբեջանը ամիսներ շարունակ հերքել է շրջափակման փաստը:

ԱԺ պատգամավորը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանը Հայաստանը կոչում է «Արևմտյան Ադրբեջան»՝ դրանով ցույց տալով, որ սպառնալիք է հանդիսանում միջազգային անվտանգության, միջազգային իրավունքի համար: Ռուբինյանը զգուշացրել է՝ հստակ քայլեր են պետք՝ ցույց տալու Ադրբեջանին, որ այն չի կարող շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը: