Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Մեկնարկել է HOPE FSX 2023 լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը

Հոկտեմբերի 9-ին Երևանում մեկնարկել է «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացվող (HOPE FSX 2023) լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը:
 
Վարժանաքին մասնակցում են ՆԳՆ Փրկարար ծառայության, ՀՀ պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, Հայկական Կարմիր Խաչի, «Լոռէ» կամավոր որոնողափրկարարական թիմի անդամները, միջազգային հումանիտար կազմակերպությունների և ծրագրի կոնսորցիումի անդամ երկրների՝ Վրաստանի, Կիպրոսի, Հունաստանի, Ֆրանսիայի, Մոնտենեգրոյի և Հյուսիսային Մակեդոնիայի գործընկեր երկրների միջազագային որողափրկարարական բազմանդամ թիմեր, դիտորդներ, միջազգային փորձագետներ, գնահատողների խումբ: «HOPE 2023» լայնամասշտաբ վարժանքն իր բնույթով և ծավալով աննախադեպ է, որն ամբողջությամբ տեղի է ունենում Հայաստանում։
 
Այսօր օդային և ցամաքային ճանապարհներով Հայաստան են ժամանել մոտ 250 փրկարարներից բաղկացած որոնողափրկարարական թիմեր: Լայնամասշտաբ վարժանքին հետևելու նպատակով Հայաստան են ժամանել նաև հատուկ VIP հյուրերից բաղկացած պատվիրակություններ. Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը, Ֆրանսիայի, Մոնտենեգրոյի, Կիպրոսի, Հունաստանի պատվիրակությունների ղեկավարները և Արևելյան գործընկերության երկրներում «Տարերային, տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում» PPRD -3 ծրագրի ղեկավար կազմը:
 
«HOPE FSX 2023» միջազգային լայնածավալ ուսումնավարժանքի անցկացման նպատակն է բարելավել Հայաստանի և գործընկեր երկրների փրկարարական խմբերի բնակչության պաշտպանության պատրաստվածության և արձագանքման կարողությունները՝ ավերիչ երկրաշարժերին դիմակայելու հարցում: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում գործընկեր երկրների և կազմակերպությունների միջազգային թիմերին իրականացնելու քաղաքային որոնողափրկարարական աշխատանքներ բազմազգ միջավայրում՝ համապատասխանեցնելով միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) ձևաչափին՝ միաժամանակ ակտիվացնելով նաև ԵՄ բնակչության պաշտպանության մեխանիզմը:
 
Վարժանքի ընթացքում կիրառվելու են քաղաքային որոնողափրկարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մեծածավալ ժամանակակից տեխնիկական միջոցներ (փրկարարական գույք, տեխնիկա, հրշեջ-մեքենաներ, ինչպես նաև Պաշտպանության նախարարության 1 ուղղաթիռ), կինոլոգիական, առաջին բժշկական օգնության և հոգեբանական խմբեր՝ տուժածների փրկության և անվտանգ վայր տեղափոխելու համար: Իրականացվելու են նաև մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված միջոցառումներ և հաշմանդամություն ունեցող անձանց հետ առաջին օգնության և հոգեբանական աջակցության աշխատանքներ: Զուգահեռաբար իրականացվելու են նաև վարժանքի կառավարման, լոգիստիկայի, որոնողափրկարարական աշխատանքների, բժշկական և քիմիական նյութերի հայտնաբերմանն առնչվող գործողություններ:
 
Վարժանքի մեկնարկը տրվեց այսօր՝ ծրագրի ղեկավար կազմի մասնակցությամբ, ՓԾ տնօրենի մոտ աշխատանքային հանդիպում-քննարկումով, որին հաջորդեց վերջիններիս մասնակցությամբ մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում ծրագրի միջազգային և հայաստանյան պատասխանատուները ներկայացրին ծրագրի մանրամասները և պատասխանեցին լրագրողներին հետաքրքրող հարցերին:
Վարժանքի գործնական մասը նախատեսված է 36 ժամ տևողությամբ, որն անցկացվելու է հոկտեմբերի 10-ից 11-ը Երևան քաղաքում, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան քաղաքներում, Արզնի, Արգել բնակավայրերում: Միաժամանակ, լայնամասշտաբ վարժանքի ընթացքում Սյունիքի մարզում պայմանականորեն տեղի է ունենալու Տոլորսի ջրամբարի պատվարի փլուզում, որին արձագանքնելու են ՆԳՆ ՓԾ ԲՊԱՌՆ վարչության ուժերը: