ՌԴ ՆԳ նախարարությունը ՀՀ ՆԳ նախարարությանն է նվիրել մոտորանավեր և ծառայողական շներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 6-ին Սևանա լիճ դուրս բերվեցին պարեկային ծառայության մոտորանավերը։ Արարողությանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ոստիկանության և պարեկային ծառայության ղեկավար կազմը։ Կարևորելով ջրային պարեկային ծառայության տեխնիկական համալրման գործում արված ներդրումը՝ Արամ Հովհաննիսյանը շնորհակալութուն հայտնեց Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանին աջակցության համար։ Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդգծեց երկու երկրների ՆԳ նախարարությունների միջև արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնեց, որ Սևանա լճում ջրային փոխադրամիջոցներով ծառայության իրականացումը հնարավորություն կտա պարեկներին առավել արդյունավետ կատարել իրենց առաքելությունը։ Արա Ֆիդանյանն ընդգծեց Սևանա լճում և ափամերձ տարածքներում ինչպես քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու, այնպես էլ հանցագործությունների նախականխման, կանխման և խափանման ընթացքում ջրային փոխադրամիջոցների անհրաժեշտությունը։ Ներկաները նավերով շրջեցին Սևանա լճում՝ տեղում ծանոթանալով փոխադրամիջոցների հնարավորություններին և համալրվածությանը ։ Դրանք կահավորված են ջրի վրա պարեկային ծառայություն իրականացնելու համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկական սարքերով և միջոցներով։ Մոտորանավերը պատրաստ են ծառայության ցանկացած եղանակի։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին ՌԴ ՆԳ նախարարությունը ՀՀ ՆԳ նախարարությանն է նվիրել մոտորանավեր և ծառայողական շներ, որոնք կնպաստեն Հայաստանի ոստիկանության ստորաբաժանումների ծառայողական խնդիրների կատարմանը։ Զուգահեռ իրականացվում են նաև վերապատրաստումներ՝ դեկտեմբերին Սևանա լճի տարածքում ջրային պարեկային ծառայության գործարկման նպատակով։